20 11 2018

Տոնոյանը դիմել է Փաշինյանին՝ ստուգումներից խուսափելու նպատակով․ «Հրապարակ»

Տոնոյանը դիմել է Փաշինյանին՝ ստուգումներից խուսափելու նպատակով․ «Հրապարակ»

ՀՀ պաշտպանության նախարարը բանակին փորձում է առանձնահատուկ փակ կառույցի կարգավիճակ տալ՝ արգելելով ցանկացած տեղեկատվության արտահոսք։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությունը փորձել է ստուգումներ նախաձեռնել ՊՆ-ում, ինչը չափազանց դժկամությամբ է ընդունվել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից։ Ստուգումներից խուսափելու նպատակով նախարարը անձամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հետաձգել ստուգումները։ Իսկ կառավարության ղեկավարին էլ այլ ելք չի մնացել, քան բավարարել Տոնոյանի պահանջը։

Բայց, եթե վարչապետին հեշտ է եղել համոզել, ապա Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը չի համաձայնել՝ պնդելով, որ բանակում կոռուպցիան արմատախիլ անելը առաջնահերթություն է։ Գործին միջամտել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը կարողացել է Սանասարյանին համոզել հրաժարվել բանակը ստուգումների ենթարկելու գաղափարից։

ՊՎԾ պետի տեղակալ Հայկ Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ ինքը նման տեղեկություն չունի, առաջին անգամ է լսում․ «Եթե դրա մասին խոսացած լինեին, դրա մասին լսած կլինեինք, ես բացառում եմ։ 

Հարցին՝ խնդրում ենք հստակ ասել Դավիթ Սանասարյանը ցանկացե՞լ է ստուգում իրականացնել, սակայն Տոնոյանը թույլ չի տվել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իմ ոլորտը չի, էդ իմաստով ես միայն ենթադրություններ եմ արել։ Նման տեղեկատվություն չկա, ես ձեզանից առաջին անգամ եմ լսում։ Բացառում եմ նման բան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ