17 11 2018

Տնտեսությունը մտել է անկումային փուլ․ թվեր ու փաստեր․ «Հայոց աշխարհ»

Տնտեսությունը մտել է անկումային փուլ․ թվեր ու փաստեր․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մինչ տնտեսության անմխիթար վիճակը արդարացնելու համար կառավարությունն անընդհատ նոր պատճառաբանություններ ու հիմնավորումներ է փնտրում, անկումն այս ոլորտում շարունակվում է։   

Արդեն սեպտեմբերին պարզ դարձավ, որ տնտեսությունը մտել է անկումային փուլ։ Եթե հրապարակված օպերատիվ տվյալներով պաշտոնական վիճակագրությունը մի փոքր աճ այնուհանդերձ արձանագրել էր, ապա արդեն վերջնական ցուցանիշներում ստիպված էր վերանայել դրանք։ Ըստ այդմ, պարզվեց՝ սեպտեմբերին նախապես ազդարարված 0,2 տոկոս ակտիվությունը ոչ միայն չի եղել, այլեւ 0,1 տոկոս անկում է գրանցվել։   

Անկումն անշուշտ մեծ չէ։ Սակայն վիճակը իսկապես մտահոգիչ է։ Վերջին տարիներին նման միտում չէր եղել։ Իշխանափոխությանը հաջորդող մի քանի ամիսներին, նախորդ շրջանից թելադրված ազդեցությունների հետեւանքով, կառավարությանը դեռեւս հաջողվում էր պահպանել ակտիվության աճի որոշակի մակարդակ։ Սակայն, ինչպես վկայում են վիճակագրական ցուցանիշները, սեպտեմբերից տնտեսությունը սկսել է հետ գնալ։   

Գրեթե բոլոր ոլորտներում տարեսկզբի բարձր ակտիվությունից ոչինչ չի մնացել։ Իշխանափոխությունը ոչ միայն թռիչքային աճ չբերեց տնտեսությանը, այլեւ աստիճանաբար խժռեց կուտակված պոտենցիալը։ Դա առավել տեսանելի է շինարարության ոլորտում։ Չնայած կառավարության անհիմն լավատեսությանը, տնտեսության այս ճյուղը արագորեն հայտնվել է լճացման վիճակում։ Տարեսկզբին աճը այստեղ հասել էր 23 տոկոսի։ Սակայն հաջորդ շրջանում պատկերը արագորեն փոխվեց։   

Մայիսից սկսած՝ շինարարության տեմպը կտրուկ կրճատվեց։ Եթե ապրիլին ոլորտում գրանցվեց ավելի քան 19 տոկոս աճ, ապա արդեն մայիսին այն ավելի քան կրկնակի ցածր էր։ Երկրորդ եռամսյակում շինարարության աճը կազմեց ընդամենը 9,1 տոկոս։  

Հաջորդ եռամսյակում հետընթացն էլ ավելի խորացավ։ Առանձին ամիսներին ոլորտում ակտիվությունը գրեթե կանգ առավ։ Երրորդ եռամսյակում շինարարության ծավալները հազիվ 2 տոկոսով գերազանցեցին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։    Առանձին ուղղություններով նույնիսկ անկում գրանցվեց։ Մասնավորապես 0,2 տոկոսով կրճատվեց շինմոնտաժային աշխատանքների ծավալը։ Եվ սա այն դեպքում, երբ առաջին եռամսյակում աճը հասնում էր 14 տոկոսի։ Արդեն երկրորդում այն 6,8 տոկոս էր։   

Զարմանալի է, որ այս պայմաններում կառավարությունը խոսում է շինարարության աննախադեպ աճի մասին։ Մոռանալով, որ դեռեւս պահպանվող աճի ցուցանիշը ոչ թե իր, այլ նախկին կառավարության ձեռքբերումն է, որին ի վերջո հաջողվեց տնտեսության այս ճյուղը դուրս բերել երկարատեւ ճգնաժամից։ Այսօր այն կանգնած է նույն խնդրի առաջ։   

Վերջին ամիսներին ոլորտում դեռեւս պահպանվող աճը թելադրված է եղել գերազանցապես նախկինից եկած դրսեւորումներով։ Դրա վկայություններից մեկն էլ բնակարանային շինարարությունն է։ Շահագործման հանձնված բնակտարածքի մակերեսը երրորդ եռամսյակում ավելացել է 3,4 անգամ։ Ըստ էության, դա էլ որոշակի ազդեցություն է ունեցել անշարժ գույքի, մասնավորապես բնակարանային շուկայում գրանցված օտարման գործարքների ակտիվության վրա։  

Այդ շենքերի շինարարությունը շատ ավելի վաղ է մեկնարկել, քան տեղի կունենար իշխանափոխություն։ Մինչեւ շահագործման հանձնելը բնակելի շենքի կառուցումը երկար ճանապարհ է անցնում։ Դա տեւում է առնվազն 2-3 տարի։   

Այնպես որ, գործող կառավարության աշխատանքի արդյունքները ինչպես բնակարանաշինության, այնպես էլ ընդհանրապես շինարարության ոլորտում կարող են երեւալ հետագայում։ Այս փուլում դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Հատկապես որ, ինչպես վկայում են վերջին մի քանի ամիսների դրսեւորումները, միտումները, մեղմ ասած, դրական չեն։ Շինարարության ոլորտը, դեռեւս ճգնաժամը ամբողջությամբ չհաղթահարած, կրկին մոտենում է վտանգավոր սահմանագծին։   

Սա ունի իր պատճառները, որը կապված է ինչպես տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների, ձեւավորված սպասումների, այնպես էլ հասարակության սոցիալական վիճակի հետ։   

Սոցիալական իրավիճակը վերջին ամիսներին Հայաստանում ոչ միայն չի բարելավվել, այլեւ ավելի է լարվել։ Դա արտահայտվել է եկամուտների կրճատման եւ գնաճային ճնշումների ակտիվացման տեսքով։   

Մինչեւ ո՞ւր կհասնի այս վիճակը, ցույց կտա ժամանակը։ Որքան էլ շատ բան փորձ է արվում կապել նոր խորհրդարանի ձեւավորման հետ, միեւնույն է, դրանով պայմանավորված՝ մոտակա ժամանակահատվածում դժվար է էական փոփոխություններ սպասել։   

Առավել եւս, որ անգամ ընտրություններից հետո դեռ բավական ժամանակ կպահանջվի կառավարություն ձեւավորելու, ծրագիր հաստատելու եւ որ ամենակարեւորն է, գործով զբաղվելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ