13 11 2018

Էներգակիրների էժանացման հեռանկարները մշուշոտ են․ «Հայոց աշխարհ»

Էներգակիրների էժանացման հեռանկարները մշուշոտ են․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մինչ սակագնային հերթական տարվա մեկնարկին քիչ ժամանակ է մնացել՝ էներգակիրների, մասնավորապես գազի եւ էլեկտրաէներգիայի ներքին սպառման սակագների նվազեցման հավանականությունը շարունակում է մշուշոտ լինել։  

Հիշեցնենք, որ գազի սակագնային տարին սկսվում է հաջորդ տարվա հունվարի 1-ից, իսկ էլեկտրաէներգիայինը՝ փետրվարի 1-ից։ Մինչ այդ անհրաժեշտ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեկ ամիս առաջ հաստատի նոր սակագները։  

Այս պահին սակագները սահմանող մարմնում նման քննարկումներ չկան։ Ընդ որում՝ կառավարության եւ Ազգային ժողովի ձեւավորած ժամանակավոր հանձնաժողովներն արդեն տեւական ժամանակ քննարկում են սակագները նվազեցնելու հնարավորությունը, բայց ապարդյուն։ Գոնե առայժմ արդյունքները տեսանելի չեն։ Բացի իրարամերժ հայտարարություններից, որեւէ այլ առաջընթացի մասին խոսք չկա։   

Ներքին ռեսուրսների հաշվին սակագները նվազեցնելու փնտրտուքը շարունակվում է, թեեւ ինչպես ոլորտում գործող ընկերությունները, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման ռեզերվներ կարծես չեն տեսնում։   

Խոսքը առաջին հերթին գազի սակագնի մասին է։ Գազամատակարար ընկերության կարծիքով, սակագների չհիմնավորված իջեցումը կարող է քայքայել համակարգը, որն առանց այդ էլ մաշվածության բարձր մակարդակ ունի։ Լավատես չէ նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։  

Բնականաբար այդպես էլ պիտի լիներ։ Ոլորտում գործող ընկերությունները ներկայացնում են սակագները, իսկ հանձնաժողովը հաստատում է։ Պարզ է, որ այսօր նրանք այլ բան չեն էլ կարող ասել։ Հակառակ դեպքում կստացվի, որ նախկինում սխալ հաշվարկներ են կատարել։    Բայց ո՞ւր մնացին կառավարության խոստումները։ Չէ՞ որ նախքան իշխանության գալը նույն քաղաքական ուժերը ընդդիմության դիրքերից տարիներ շարունակ խոսում էին գազի եւ էլեկտրաէներգիայի չհիմնավորված ու ուռճացած գների մասին։ Եթե այդպես է, ինչո՞ւ չեն նվազեցնում սակագները։ Դրա համար այսօր նրանք ունեն բոլոր լծակները։ Վեց ամիս է անցել կառավարության գործունեությունից, գրեթե նույնքան ժամանակ կառավարության հանձնաժողովը ուսումնասիրում է էներգակիրների սակագները, բայց առանց որեւէ արդյունքի։   Ակնհայտ է, որ իրականությունը հեռու է տրված խոստումներից։ Տեւական ժամանակ ընթացող քննարումները վկայում են, որ սակագների նվազեցման ներքին հնարավորությունները սահմանափակ են։ Եթե այդպիսիք նույնիսկ կան, ապա չեն կարող էական ազդեցություն թողնել սակագների նվազեցման վրա։   

Պատկերացնելու համար ասենք, որ գազի գինը 5 դրամով իջեցնելու համար անհրաժեշտ է 17 մլրդ դրամով կրճատել ծախսերը։ Էլեկտրաէներիգայի դեպքում ավելի շատ ֆինանսական միջոցներ են հարկավոր. հաշվարկները ցույց են տվել, որ հոսանքի գինը 5 դրամով նվազեցնելու համար պահանջվում է հավելյալ 27 մլրդ դրամ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում համակարգի համար այդքան գումար նվազեցնելը։   

Ու հիմա կառավարության հիմնական հույսը Ռուսաստանն է։ Եթե հաջողվի ինչ-ինչ զիջումներ պոկել ներմուծվող գազի գնի հետ կապված, ապա գուցե հնարավոր լինի ներքին սակագինը որոշ չափով նվազեցնել։ Այս փուլում բանակցությունները շարունակվում են, թեեւ սպասելիքները գնի իջեցման ուղղությամբ փոքր են։   

Հիշեցնենք, որ այժմ ռուսական գազը Հայաստանը սահմանին ստանում է հազար խորանարդ մետրը 150 դոլարով։ Մինչեւ տարեվերջ ավարտվում է եռամյա պայմանագրի ժամկետը։ Ուստի Հայաստանը խնդիր ունի բանակցելու գազի ներմուծման նոր գնի շուրջ առաջիկա երեք տարիների համար։   

Մինչ բանակցությունները շարունակվում են՝ Հայաստանը հույս ունի սահմանին գազի ստացման գինը իջեցնել մինչեւ 135 դոլար։ Եթե անգամ բանակցությունները հաջող ավարտվեն, դրա ազդեցությունը ներքին սակագների վրա չի կարող էական լինել։   

Այլ իրավիճակ կստեղծվի, եթե որոշվի փոխել ներքին սակագնային քաղաքականությունը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում գործում են տարբերակված սակագներ։ Ամենաբարձր սակագինը վճարում է բնակչությունը։ Չհաշված սոցիալապես անապահով խավերին, որոնց համար սակագինը 1 խոր. մետրի համար 80 դրամ է, մյուսները վճարում են 139 դրամ։ Այն համարժեք է 290 դոլարի։   

Թերեւս այստեղից էլ առաջացել է այն պնդումը, որ ներքին շուկայում գազի սակագինը կրկնակի թանկ է ներմուծումից։ Չնայած իրականում այդպես չէ, եւ այդ թիվը մշտապես շահարկվել է զուտ քաղաքական նպատակներով։ Տարօրինակ է, որ նույն քաղաքական ուժերը այդպես են վարվում նաեւ իշխանության գալուց հետո։   

Գազի միջին սակագինը Հայաստանում 255 դոլար է։ Անշուշտ տարբերակվածի փոխարեն բոլոր սպառողների համար կարելի է սահմանել այդ գինը։ Դա կնշանակի այլ սպառողներինը բարձրացնել, բնակչությանը նվազեցնել։   

Այդ դեպքում հնարավոր կլինի բնակչությանը գազ մատակարարել 120-125 դրամով։ Բայց պետք է հաշվարկել, թե դա ինչ հետեւանք կարող է ունենալ տնտեսության վրա։   

Ինչպես հայտնի է, խոշոր սպառողները վճարում են հազար խոր. մետրի դիմաց 242 դոլար։ Տնտեսական ոլորտի որոշ մասնակիցների դեպքում դա ավելի ցածր է։ Խոսքը մասնավորապես ջերմոցային տնտեսության եւ վերամշակող ընկերությունների մասին է, որոնց համար գազի գինը 212 դոլար է։ Միասնական եւ համահարթեցված սակագին սահմանելու դեպքում այս գները կբարձրանան։ Մի դեպքում՝ հազար խոր. մետրի հաշվարկով 13, մյուս դեպքում՝ 43 դոլարով։   

Թանկացումը բնականաբար բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Նամանավանդ այն առանց այդ էլ չի փայլում բարձր արդյունավետությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ