07 11 2018

Քարոզարշավի «աղը» թշնամիների կերպարներն են․ «Առավոտ»

Քարոզարշավի «աղը» թշնամիների կերպարներն են․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Ինչպես արդեն առիթ եմ ունեցել գրելու, այս ընտրարշավում գործող իշխանություններին քննադատելը ձեռնտու չէ քաղաքական ուժերին: Դա «ճարահատյալ» անելու է միայն ՀՀԿ-ն, որը կորցնելու այլեւս ոչինչ չունի եւ միեւնույն է, բոլոր պարագաներում ստանալու է հայհոյանքների իր բաժինը:

Մնացած կուսակցությունները դա կվարանեն անել, որովհետեւ կվախենան ստանալ «ծպտված ՀՀԿ-ականի» պիտակը: Բայց ինչ-որ «քննադատական օրակարգ» պետք է՝ ժողովրդին դուր է գալիս լսել խարազանող, խայթող, «բարոյապես ոչնչացնող» բառեր: Ամենահարմար թիրախն այս առումով նույն ՀՀԿ-ն է, որի հանդեպ հսկայական բացասական էներգիա է կուտակված: Բայց նախընտրական բոցաշունչ հռետորաբանության համար պետք են նաեւ այլ «թշնամիներ»՝ կերպարներ, որոնք գոնե հասարակության մի մասի կողմից բացասաբար են ընկալվում, եւ որոնց այս առումով կարելի է «խաղացնել»: Ադրբեջանցիներն ու թուրքերն այդ դերի համար չեն սազում, որովհետեւ նրանց մասին արդեն ամեն ինչ ասված է, եւ նրանց մտադրությունների վերաբերյալ Հայաստանում ոչ ոք կասկած չունի:

Այլ բան է «Ռուսաստանը» եւ «Արեւմուտքը» (Միացյալ Նահանգներն ու Եվրոպան՝ միասին վերցրած): Այդ երկու աշխարհագրական եզրերը պատահաբար չէ, որ չակերտների մեջ եմ վերցնում, որովհետեւ դրանք իրական Ռուսաստանն ու Արեւմուտքը չեն, այլ իրականության մտավոր արտապատկերներն են, որոնք գոյություն ունեն հասարակական որոշակի շերտերի երեւակայության մեջ: Իրականությունն, իհարկե, շատ ավելի հարուստ է, բազմազան եւ չի տեղավորվում կարծրատիպերի մեջ:

Նախընտրական քարոզչության «բացասական կերպարներից» մեկը կարող է լինել Ռուսաստանը, որը մեզ իբր «գաղութացրել է», եւ որի «ճանկերից» մեր երկիրն իբր պետք է փրկվի: Հակառակ «կարծրատիպային թիրախն» է ԱՄՆ-ը, որի ներկայացուցիչ Բոլթոնը վերջերս իբր ստիպում էր մեզ հանձնել Արցախը: Նույն «չարիքի առանցքի» մեջ մտնում է նաեւ Եվրոպան, որի ուշքն ու միտքը, «բնականաբար», ավանդական հայ ընտանիքը քանդելն ու մեզ ազգային ինքնությունից զրկելն է: Եվ այս առումով ԼԳԲՏ-ի մասին պարապ խոսակցությունները նույնպես կարող են ազդել ընտրազանգվածի որոշ մասի վրա՝ «էս տղեն ազգի մաքրության մասին է մտածում»:

Իսկ հնարավոր չէ՞ արդյոք ապրել առանց թշնամիների, իսկ քարոզի ժամանակ չշահագործել ավանդական վախերն ու բարդույթները: Ինձ թվում է՝ դա հնարավոր է: Բայց այդ դեպքում քարոզարշավը կզրկվի «աղուբիբարից»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ