07 11 2018

Իսկական ընդդիմությունը, իրոք, անհրաժեշտ է․ «Հայոց աշխարհ»

Իսկական ընդդիմությունը, իրոք, անհրաժեշտ է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Եթե մի 200 տարի հետո հումորի զգացումից զուրկ, բայց ճշմարտության ծարավից տանջվող որեւէ պարզամիտ պատմաբան փորձի վերականգնել մեր օրերի հայ իրականության պատկերը, օգտագործելով բացառապես մամուլի հրապարակումները, կուսակցական ու պետական գրասենյակներում տեղի ունեցած նիստերի սղագրությունները, վախենանք, որ նրա հայտնաբերածը ամենեւին կապ չունենա ճշմարտության հետ։  

Խճճվելով, նա կեզրակացնի, թե իր նախնիները եղել են կլինիկական ապուշներ ու մտածել բացառապես այն մասին, թե ով է մտնելու խորհրդարան։  

Այո, բարեկամներս, այլ հիմնախնդիր ներկա «Նոր Հայաստանում» պարզապես գոյություն չունի։ Իսպառ մոռացության են տրված արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, գյուղը, մշակույթը, կրթությունը, սոցիալակալ ոլորտը...  

Այդ ամենը որեւէ մեկին այլեւս չի հուզում։ Կարելի է կարծել, թե բոլոր այդ հարցերը վաղուց արդեն լուծված են։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես է Ստալինը Սոլժենիցինի «Առաջին ոլորտում» վեպում ճառաբանում. «Կոմունիզմը մեր երկրում, ըստ էության, արդեն կառուցված է, սակայն ժողովրդին դա հայտնելը մեթոդական սխալ կլինի»։  

Իսկ բացի դրանից, կտեղեկանա պարզամիտ պատմաբանը, որ Քրիստոսի Ծննդյան 2018 թվականի նոյեմբերին Նոր Հայաստանում ընդդիմությունը... «Լուսավոր Հայաստան» կուսակցությո՛ւնն է։   Այո, բա՛յց... Այստեղ կարելի է ինչքան ասես բազմակետեր ու բացականչական նշաններ դնել, տարածել ձեռքերն ու բռնել գլուխը կամ սիրտը, կախված նրանից՝ ինֆարկտով թե ինսուլտով եք գերադասում ավարտել ձեր կյանքը հարազատ հողի վրա, բայց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Մենք, այո, պատրաստ ենք լինելու ընդդիմություն, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի պետականաշինության գործում ընդդիմությունը եւ փոխզսպող, հակակշռող ընդդիմությունն ուղղակի օդի պես մի բան է, որ անհրաժեշտ է հիվանդ քաղաքական համակարգն առողջացնելու համար»։  

Իսկական ընդդիմություն իրոք հարկավոր է երկրին օդի պես, բայց ի՞նչ կապ ունեք այստեղ դուք, աղավնյակս։ Այդ ո՞ր օրվանից է «Լուսավոր Հայաստանը» իրեն պատրաստ համարում սեփական ուսերին բարդելու այդչափ պատասխանատու բեռը։  

Մեզ հարկավոր չէ իշխանության ներկայացուցչի նման ինքնազոհությունը։ Դուք իշխանության ղեկին եք արդեն կես տարի շարունակ եւ այդ կարգավիճակով ավելի լավ է գոնե ինչ-որ բան արած լինեիք երկրի ու ժողովրդի համար։  

Երբ պարենամթերքի ժողկոմը սովից ուշագնաց է լինում, դա գուցեեւ գեղեցիկ է ու լավ քրիստոնեական էթիկայի տեսանկյունից։ Բայց վախենանք, որ նման վիճակում նա ավելի վատ է կատարում ժողկոմի պարտականությունները։ Եվ եթե նրան մի ավելորդ բուտերբրոդ է անհրաժեշտ, որ կերակրի երկիրը, ապա դա թող ուտի։  

Ոչ, հասարակությունը իշխանությունից միանգամայն այլ բան է սպասում։ Հին հնդկական «Արտհաշաստրա» աշխատության մեջ, որն անվանում են նաեւ «Քաղաքականության գիտություն», եւ «Մանուի օրենքներում» նշվում են այն հատկանիշները, որոնցով պիտի օժտված լինեն իշխանության ներկայացուցիչները։ Արժանիքների թվում այնտեղ նշվում է հպատակների շահերով ապրելու տիրակալների ունակությունը։   

Կառավարությունը, որի մասն է «Լուսավոր Հայաստանը», ձախողեց այն ամենը, ինչ միայն հնարավոր էր, իսկ հիմա հանկարծ մտահոգվեց հիվանդ քաղաքական համակարգի առողջացմա՞մբ։ Ի դեպ, բժշկության պատմության մեջ բնավ հատուկենտ չեն դեպքերը, երբ հիվանդը մահացել է հենց բուժումից։ Դա՞ է ձեր ուզածը։ Հաշվի առնելով ձեր ապաշնորհությունը, հաստատ այդպես էլ կլինի։  

Այն, որ իշխանության ներկայացուցիչն այդչափ կրքոտ կամենում է դառնալ ընդդիմություն, ինչ-որ մազոխիստական բան կա։  Ասենք, մազոխիզմը միշտ էլ տարածված է եղել պանծալի մարդկանց միջավայրում։ Մազոխիստ են եղել մեծ ֆիզիկոս Ժան Լերոն դ'Ալամբերը, փիլիսոփա Օգյուստ Կոնտը, գրողներից՝ Ժան Ժակ Ռուսոն, Ալֆրեդ դե Մյուսեն, Իվան Տուրգենեւը, Ֆյոդոր Դոստոեւսկին. բոլորին չես թվարկի։ Եվ ինչո՞ւ պիտի մազոխիզմով չտառապի Էդմոն Մարուքյանը։  

Բայց դե, չափազանց արհեստական տեսք ունեն նրա հոգեկան ապրումները։ Հիշո՞ւմ եք Անդերսենի «Սոխակը» հիասքանչ հեքիաթը։ Արհեստական թռչունը տեղ զբաղեցրեց կայսերական անկողնու մոտ մետաքսե բարձին, կապելմեյստերը արհեստական սոխակի մասին գրեց հինգ հատոր, իսկ պալատականները ձեւացնում էին, թե ամբողջը կարդացել ու հասկացել են, այլապես նրանց կանվանեին հիմարներ եւ մահակներով կհարվածեին՝ փորին։  

Սակայն միայն իրական սոխակը կարողացավ հեռու քշել ծանր հիշողությունները եւ նույնիսկ ժամանակավորապես շեղել իրեն՝ մահին։   Հանճարեղ Անդերսենին դեռեւս 180 տարի առաջ հետաքրքրում էր այն նախապատվությունը, որ հասարակությունը տալիս է արհեստականին՝ բնականի համեմատ։   

Ինչեւէ, իրականում բոլորին էլ, իհարկե, պարզ է, թե ինչ է թաքնված Մարուքյանի հայտարարությունների հետեւում։ «Պետականաշինություն», «օդի պես մի բան», «փոխզսպող հակակշիռ». այս ամենը, ինչպես ասում են, հեքիաթներ են աղքատների համար։ Եթե մի կողմ դնենք այս բառաթեփը, ապա նպատակը ծայրաստիճան թափանցիկ է. ըստ սահմանադրության՝ խորհրդարանի մեկ երրորդը պետք է կազմի ընդդիմությունը։ Հետեւաբար Փաշինյանին հարկավոր է վերցնել նաեւ այդ մեկ երրորդը՝ կեղծ ընդդիմության տեսքով։  

Այո, բնավ պատահական չէ, որ քաղաքում համառ լուրեր են շրջում, թե փափուկ խաղալիքների արտադրության մեջ մասնագիտացած ձեռնարկություններից մեկին արդեն այսօր՝ քարոզարշավից առաջ, իջեցվել է չափազանց կարեւոր պատվեր։ Հատուկ, շատ դիմացկուն ու որակյալ խավավոր կտորից պատրաստել են մի քանի հազար զույգ ավանակի ականջներ՝ գորշ գույնի։  

Ականջներն ունեն մետաղալարե կոշտ կմախք եւ քուղեր, որոնք կապվում են ծնոտի տակ ու պահում ականջները գլխի վրա ուղղաձիգ դիրքում։ Դա ակտիվիստների նոր, պարտադիր համազգեստն է, որոնք սատարելու են նոր «ընդդիմությանը»։  

Ավանակի ականջների հետ խորհուրդ է տրվում հագնել նույն գույնի կոստյում։ Սակայն կոստյումը ակտիվիստները պիտի իրենք գնեն, որպեսզի դա չդիտվի որպես ընտրակաշառք։ Իսկ, այ, ականջները կբաժանվեն ձրի։   Ականջները պարտադիր են նախընտրական միջոցառումների, միտինգների ու երթերի ժամանակ։ Կարծում ենք, սա տառապանքով ձեռք բերված, չափազանց խելամիտ ու գեղեցիկ որոշում է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ