06 11 2018

Տարադրամային հոսքերի կրճատումը զգացնել է տալիս․ «Հայոց աշխարհ»

Տարադրամային հոսքերի կրճատումը զգացնել է տալիս․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին ուժեղացել է տարադրամի թանկացման միտումը։ Խոսքը մասնավորապես դոլարին է առնչվում, որ հասցրել է մի քանի նիշով արժեւորվել։ Այսօր արդեն փոխանակման կետերում ամերիկյան արժույթի վաճառքի գինը հասել է 489-ի։ Հաշված օրեր առաջ այն տատանվում էր 484 դրամի շրջակայքում։   

Թեեւ վաղ է խոսել դոլարի նկատմամբ ազգային արժույթի գնի շոշափելի անկման մասին, այնուհանդերձ վերջին օրերի զարգացումները վկայում են, որ տարադրամային ճնշումը արժութային շուկայում ակնհայտորեն ուժեղացել է։ Թե այն մինչեւ ուր կհասնի, ցույց կտա ժամանակը։   

Ամեն դեպքում, դրա վրա ազդող գործոններն ազգային արժույթի համար նպաստավոր դիրքում չեն։ Ուստի շատ բան կախված կլինի Կենտրոնական բանկի վարքագծից, որի հիմնական գործառույթներից մեկը ֆինանսական կայունության ապահովումն է։   

Ամերիկյան արժույթի թանկացումը պայմանավորված է ինչպես առաջարկի կրճատմամբ, այնպես էլ պահանջարկի ավելացմամբ։ Սեզոնային որոշ գործոնների հետեւանքով այս շրջանում պահանջարկի շուկայում սովորաբար տեղի են ունենում նման երեւույթներ։ Ընդ որում՝ այս անգամ վիճակը դժվար թե կարելի է ստանդարտ համարել։   

Որքան էլ քաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում Հայաստանի արժութային շուկան որոշակի տատանումներից հետո կարողացավ վերականգնել կայունությունը, այնուհանդերձ հաջորդ շրջանում տեղի ունեցող գործընթացները այնքան էլ հօգուտ դրան չէին։ Իշխանափոխությունից հետո արժութային շուկայի տարադրամային հոսքերը նվազել են, որ արտահայտվել է գրեթե բոլոր ուղղություններով։   

Ավելին՝ մուտքի կրճատումն ուղեկցվել է նաեւ ելքի ավելացմամբ։ Նման դրսեւորումները բնականաբար բացասական գործոն են ազգային արժույթի կայունության, ինչպես նաեւ շուկայի հավասարակշռության պահպանման համար։   

Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաեւ արտաքին հատվածում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումների հետեւանքով վերջին ամիսներին երկիր մտնող տարադրամային հոսքերը կրճատվում են։ Դա արտահայտվում է ինչպես ներդրումների եւ ֆիզիկական անձանց փոխանցումների, այնպես էլ արտաքին առեւտրի հաշվեկշռի վատացման տեսքով։   

Զգալիորեն պակասել են օտարերկրյա ներդրումային կապիտալի մուտքերը։ Հայաստանի ֆինանսական համակարգը գրեթե դադարել է տարադրամային միջոցներ ներգրավել այս հատվածից։ Երկրորդ եռամսյակում ուղղակի ներդրումները դրսից եղել են ընդամենը 9,4 մլն դոլար։ Այն դեպքում, երբ տարվա առաջին երեք ամիսներին ստացվել էր 91 մլն դոլար։   

Արտաքին ներդրումային կապիտալի մուտքի անկումը պահպանվում է նաեւ այժմ։ Չնայած կառավարության խոստումներին ու հավաստիացումներին, այնուհանդերձ ներդրողները չեն շտապում գալ Հայաստան։   

Հազիվ թե կարելի է կարծել, որ վիճակը կփոխվի առաջիկա ամիսներին։ Երկարատեւ հատվածում սա լուրջ ռիսկ է ֆինանսական շուկայի կայունության համար։ Հատկապես որ ներքին միջավայրում կուտակված տարադրամային միջոցները եւս չեն փայլում տնտեսական գործընթացներին մասնակցելու ակտիվությամբ։   

Երրորդ ամիսն անընդմեջ նվազում են ֆիզիկական անձանց փոխանցումները։ Եթե հուլիսին դրանք 179 միլիոն էին, ապա օգոստոսին կազմեցին 160 մլն դոլար։ Արդեն սեպտեմբերին տրանսֆերտային հոսքերը իջել են մինչեւ 151 մլն դոլար։   

Վերջին երկու ամիսներին մուտքերը կրճատվել են նաեւ նախորդ տարվա համեմատ։ Օգոստոսին պակաս է ստացվել 14 միլիոն, սեպտեմբերին՝ 9 մլն դոլար։    Տարվա ընթացքում ֆիզիկական անձանց կատարած փոխանցումները դրական են։ Բայց դա ուղեկցվել է արտահոսքի ծավալների առաջանցիկ աճով, ինչի հետեւանքով ներհոսքի եւ արտահոսքի հաշվեկշիռը վատացել է։ Եթե մուտքերն ավելացել են 45 մլն դոլարով, ապա ելքերը՝ 158 միլիոնով։   

Այլ կերպ ասած, ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը, այսինքն՝ այն գումարը, որը մնացել է ներսում, նվազել է 113 մլն դոլարով։ Անցած տարվա ինը ամիսներին տրանսֆերտների զուտ մուտքը կազմել էր 563 մլն դոլար։ Մինչդեռ այս տարվա նույն ժամանակահատվածում եղել է 449 միլիոն։   

Ներքին շուկան գրեթե 500 մլն դոլարի տարադրամային կորուստ է ունեցել նաեւ արտաքին առեւտրի ոլորտում։ Խոսքը ընթացիկ տարվա ինը ամիսների մասին է։ Դա արտահայտվել է հիմնականում ներմուծման առաջանցիկ աճի տեսքով։ Այս երեւույթը խորացել է հատկապես վերջին ամիսներին։ Արտահանման հաշվին գնալով ավելի քիչ տարադրամ է մտնում Հայաստան։   

Արժութային շուկայի համար նպաստավոր չէ տարադրամային միջոցների տեղաշարժը նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում։ Ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու հետեւանքով չի ստացվել վարկերի հաշվին նախատեսված տարադրամային գումարների ավելի քան կեսը։   

Ակնհայտ է, որ բոլոր հիմնական ուղղություններով գոյություն ունեն բացասական միտումներ՝ ներքին շուկայում ձեւավորվող տարադրամային հոսքերի վրա։ Վերջին օրերին արժութային շուկայի դրսեւորումները, մասնավորապես դոլարի գնի բարձրացումը, նաեւ դրա հետեւանք է։   

Եթե Կենտրոնական բանկը չփորձի սեփական պահուստների հաշվին լրացնել պահանջարկի բացը, ապա կասկած չկա, որ առաջիկայում ականատես կլինենք ազգային արժույթի արժեզրկման խորացման։ Նամանավանդ արտարժութային միջոցների տեղաշարժը շարունակում է մտահոգիչ լինել՝ բացասաբար ազդելով Հայաստանի տարադրամային դիմադրողականության վրա։   

Ի տարբերություն դոլարի, համեմատաբար կայուն է եվրոյի փոխարժեքը։ Ավելին՝ վերջին մի քանի օրերի արժեզրկումից հետո եվրոպական արժույթը կրկին վերադարձել նախկին դիրքին։   

Անկայունությունը պահպանվում է ռուբլու դեպքում։ Անգամ վերջին ամիսների զգալի թուլացումից հետո ռուսական արժույթը աչքի է ընկնում բարձր տատանողականությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ