01 11 2018

Ո՞վ կփրկի «հեղափոխական» Մոխրոտիկին․ «Հայոց աշխարհ»

Ո՞վ կփրկի «հեղափոխական» Մոխրոտիկին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հեղափոխական» իշխանավորները Պլուտարքոս հազիվ թե կարդացած լինեն, բայց գործում են լիովին համապատասխան հին հույն մեծ պատմիչի եզրահանգումների, որը պնդում էր, թե «կործանվող պետությունը խիստ փոքրոգի է եւ, իր թուլության պատճառով, չափազանց երես առած, որպեսզի անկեղծ խոսքեր լսի, թեեւ հենց դրանց կարիքն էլ ամենից շատ ունի»։  

Դրա համար էլ «հեղափոխական» իշխանությունը ամենեւին ուշադրություն չի դարձնում պրոֆեսիոնալների քննադատությանը, գնահատականներին ու խորհուրդներին։ Տնտեսության, արտաքին քաղաքականության, օրենսդրության, իրավունքի եւ այլ ոլորտներում առաջատար մասնագետները ամեն կերպ ջանում են բացատրել, թե ինչ եւ ինչպես է պետք անել, իսկ ի պատասխան՝ զրոյական արձագանք։ Ասենք, «բացատրել այս իշխանություններին» չափից դուրս համարձակ օքսյումորոն կլիներ։  

Գուցե նույնիսկ լավ է, որ չեն իրականացնում պրոֆեսիոնալների հուշած հիանալի գաղափարները։ Քանզի կասկածից վեր է, որ կիրականացնեն դրանք շատ վատ։ Հավանաբար այն աստիճան վատ, որ ավելի լավ է չիրականացնեն։  

Իշխանավորները դիտում են այդ գաղափարները զարմանքից լայն բացված աչքերով, շոշափում, հոտոտում ու հանգում եզրակացության, թե դրանցից վատ հոտ է գալիս։ Բայց մի՞թե դա է գլխավորը։  

Կա մի հիանալի հրեական անեկդոտ։ Փոքրիկ Իզյան տուն է դառնում դպրոցից, եւ ծնողները նրա օրագրում հայտնաբերում են ուսուցչի նկատողությունը. «Իզյայից վատ հոտ է գալիս։ Իզյային պետք է լողացնել»։  Հաջորդ օրը ուսուցիչն օրագրում կարդում է ծնողների պատասխանը. «Իզյային պետք չէ հոտոտել։ Իզյային պետք է սովորեցնել»։  

Փողոցից եկած կիսագրագետ իշխանավորները հաճախ պարզապես վախենում են պրոֆեսիոնալների խորհուրդներից, քանզի խորհուրդներն այդ անհասկանալի են իրենց։ Ի դեպ, անհասկանալիի նկատմամբ ցայտուն դրսեւորած վախը հատուկ է ոչ միայն մարդուն, այլեւ կենդանիներին։ Օրինակ, ամերիկացի գիտնական Դ.Հեբը նկարագրել է շիմպանզեների սարսափի նոպաները, երբ նրանց ցույց էր տալիս ցեղակցի անշունչ մարմինը, կամ երբ կենդանանոցի աշխատողը թարս էր հագնում կապիկների համար սովորական դարձած բաճկոնը։   

Պրոֆեսիոնալների խորհուրդներն իշխանավորներին հարկավոր չեն, քանի որ նրանց ամենեւին չի հետաքրքրում արտաքին քաղաքականությունը կամ, ասենք, տնտեսությունը։ Նրանց հետաքրքրում է միայն սեփական իշխանության ամրապնդումը։ Այդտեղից էլ պաթոլոգիկ կասկածամտությունը։   

Այս առումով այսօրվա իշխանավորները զարմանալիորեն հիշեցնում են Ի.Վ.Ստալինին, որը 1937 թվականի մարտի 3-ի ՀամԿ(բ)Կ ԿԿ պլենումում ասում էր. «Ընկերնե՛ր։ Պլենումում հնչած զեկույցներից եւ դրանց շուրջ քննարկումներից երեւում է, որ մենք այստեղ գործ ունենք հետեւյալ երեք հիմնական փաստի հետ։  

Նախ՝ օտար պետությունների գործակալների վնասարար եւ դիվերսիոն-լրտեսական աշխատանքը, որոնց մեջ բավական ակտիվ դեր էին խաղում տրոցկիստները, այս կամ այն չափով վնասեց մեր բոլոր կամ գրեթե բոլոր կազմակերպություններին։  

Երկրորդ՝ օտար պետությունների գործակալները, այդ թվում՝ տրոցկիստները, ներթափանցեցին ոչ միայն ստորին կազմակերպություններ, այլեւ որոշ պատասխանատու պաշտոնների։  

Երրորդ՝ մեր որոշ ղեկավար ընկերներ, ինչպես կենտրոնում, այնպես էլ տեղերում, ոչ միայն չկարողացան տեսնել այդ վնասարարների, դիվերսանտների, լրտեսների եւ մարդասպանների իրական դեմքը, այլեւ այնքան անհոգ, բարեհոգի եւ միամիտ եղան, որ հաճախ իրենք էին օժանդակում օտար պետությունների գործակալների առաջադրմանը այս կամ այն պատասխանատու պաշտոններում։  

Այսպիսիք են զեկույցներից եւ դրանց շուրջ քննարկումներից բնականորեն բխող երեք անվիճելի փաստերը»։   

Նայում ես այս նախարարներին, պատգամավորներին, տարբեր գերատեսչությունների ղեկավարներին եւ միանգամից աչքի է զարնում. իշխանությունը սրանց համար դեռեւս վաղ մանկության տարիներին ստացած ինչ-որ հոգեբանական վնասվածքի փոխհատուցում է։ Ստացվում է, որ իշխանությունը հանդես է գալիս որպես դեղամիջոց։ Հենց այդ պատճառով էլ մտածում են միայն դրա մասին։  

Իսկ պաշտոնավարման իմաստը տեսնում են միայն իշխանությունը պահպանելու համար պայքարի մեջ։ Պատմում են, որ թոշակի անցած Նիկիտա Խրուշչովը, վերհիշելով այն տասը տարիները, որ անցկացրել էր պետական իշխանության ամենաբարձր գագաթին, անվանում էր իր կյանքի այդ ժամանակաշրջանը մեկ կարճ բառով. «մարտ»։   

«Երբ ես ճակատամարտում էի...», «Գիտեք, մարտի ժամանակ երբեմն հարկ է լինում...», «Իսկ երբ ես դուրս եկա մարտից...»։   

Այդպես էլ մեր փողոցային ակտիվիստները։ Ի՞նչ գրողի տարած տնտեսություն կամ արտաքին քաղաքականություն, ի՞նչ, ներողություն արտահայտությանս համար, պրոֆեսիոնալներ՝ իրենց խորհուրդներով։ Ընթանում է մարտ իշխանության համար, եւ մի՞թե կարելի է շեղվել դատարկ բաների վրա։  

Իսկ երկրի կառավարումը իշխանավորների առջեւ օրեցօր ավելի ու ավելի դժվարին խնդիրներ է դնում։ «Պարահանդես ընկնելու» համար նրանց անհրաժեշտ է ամեն օր լուծել մարդկանց հուզող իրական խնդիրների ահռելի քանակ։ Այդօրինակ նախորդ դեպքը նկարագրել է շատ տարիներ առաջ Շարլ Պերրոն։ Այնտեղ նույնպես մի այլանդակ, ուղեւորվելով պարահանդես, ատելի խորթ դստեր առջեւ բազմաթիվ խնդիրներ դրեց, որոնց կատարումը անհամատեղելի է կյանքի հետ։  

Մոխրոտիկին փրկեցին հրաշագործ փերին եւ մի եվրոպացի արքայազն, որը տարավ նրան այդ գժանոցից։ Թե ինչպես են դուրս գալու այդ բարդ դրությունից հայրենի իշխանավորները, գաղափար չունեմ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ