31 10 2018

Տնտեսությունը քիչ էր, հիմա էլ բյուջեն է խնդրահարույց․ «Հայոց աշխարհ»

Տնտեսությունը քիչ էր, հիմա էլ բյուջեն է խնդրահարույց․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Վերջին հինգ-վեց ամիսների արդյունքները վկայում են, որ կառավարության գործունեությունը հազիվ թե կարելի է արդյունավետ համարել։ Տնտեսության մեջ ոչ միայն չի հաջողվում հեղափոխական աճ ապահովել, այլեւ ցուցանիշները գնալով վատանում են։ Որեւէ տեղաշարժ չկա սոցիալական ոլորտում։ Խնդիրների առջեւ է կանգնած նաեւ պետական բյուջեն։   

Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն, ինը ամիսների արդյունքներով թերակատարվել են բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը։ Եթե ծախսերի դեպքում դեռ ինչ-որ արդարացում կարող է գտնվել, ապա եկամուտների թերակատարումը դժվար է հիմնավորել։   

Չնայած իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը խոստացել էր ապահովել բյուջեի՝ նախատեսվածից զգալիորեն ավել եկամուտներ, այնուհանդերձ չի կարողացել կատարել անգամ ծրագրված ցուցանիշները։ Իննամսյա ծրագիրը եկամուտների մասով թերակատարվել է 4,2 տոկոսով։   

Այլ կերպ ասած, ծրագրված 985,1 մլրդ դրամի փոխարեն բյուջեի մուտքերը կազմել են 943,8 միլիարդ։ Նախատեսվածի համեմատ պակաս է ստացվել ավելի քան 43 մլրդ դրամ։   

Տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ ցանկալի երեւույթները հիմք են տալիս ասելու, որ այս վիճակը գնալով խորանալու է։ Հավանաբար հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունն ամեն ինչ արեց, որ երկիրը հաջորդ տարին մտնի առանց հաստատված պետական բյուջեի։ Մի բան, որ թույլ կտա խուսափել այն չկատարելու պատասխանատվությունից։   

Եկամուտների համեմատ շատ ավելի ցածր է այս տարվա բյուջեի ծախսերի կատարողականը։   

Պաշտոնական տվյալների համաձայն, ծրագրված իննամսյա ցուցանիշի շեղումը հասնում է 16 տոկոսի։ Խոսքը մեծ գումարի մասին է, որը կարող էր լուրջ ներարկում լինել տնտեսության համար։ Նամանավանդ վերջին շրջանում այն գրեթե զրկվել է մասնավոր կապիտալի հոսքերից։   

Այս պայմաններում փոխանակ մտածելու ներքին, այդ թվում՝ պետական միջոցների հաշվին շրջանառությունն ավելացնելու մասին, կառավարությունն ամեն ինչ արել է լարվածությունը մեծացնելու եւ տնտեսությունը ֆինանսական հոսքերից զրկելու համար։ Ինն ամսվա ընթացքում բյուջեի ծախսերի թերակատարումը գերազանցում է 84 մլրդ դրամը։ Դա համարժեք է 175 մլն դոլարի, ինչը լուրջ ներարկում կարող էր լինել ներդրումներից զրկված Հայաստանի տնտեսության համար։   

Կատարված ծախսերը ավելի քան 22 միլիարդով պակաս են եղել նաեւ նախորդ տարվա համեմատ։   

Ծախսերի թերակատարման պատճառներն անշուշտ տարբեր են։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է, որ կառավարությունն իրականացրել է խիստ զսպողական բյուջետային քաղաքականություն։ Ընդ որում՝ դա արտահայտվել է նաեւ այնպիսի ծախսերի զսպման տեսքով, որոնք ուղղված են տնտեսական գործընթացների համար լրացուցիչ խթանների ստեղծմանը։   

Զգալիորեն թերակատարվել են բյուջեի պակասուրդի հաշվին նախատեսված ծախսերը։ Դրանք կազմել են ծրագրվածի ընդամենը 9,6 տոկոսը։ Կառավարության պաշտոնական բացատրությունն այն է, որ «շեղումը հիմնականում պայմանավորված է եկամուտների համեմատ ծախսերի ավելի ցածր կատարողականով, որի արդյունքում օգտագործվել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցների ընդամենը 22,6 տոկոսը, իսկ արտաքին աղբյուրներից ներգրավվել է նախատեսված վարկային միջոցների 42,8 տոկոսը»։   Պատկերացնելու համար ասենք, որ պակասուրդի հաշվին նախատեսված 156 մլրդ դրամից կատարվել է ընդամենը 15 մլրդ դրամի ծախս։ Այն գրեթե 78 միլիարդով պակաս է եղել նաեւ նախորդ տարվանից։   

Թե ո՞րն է եղել պատճառը, այնքան էլ կարեւոր չէ։ Անկասկած է, սակայն, որ որքան էլ պակասուրդի տեսքով պետությունը լրացուցիչ բեռ է ստանձնում, այնուհանդերձ դա ամենեւին էլ ինքնանպատակ չէ։ Այդ ճանապարհով փորձ է արվում լուծել ոչ միայն զուտ ծախսային կամ սոցիալական խնդիրներ, այլեւ հավելյալ խթաններ ստեղծել տնտեսության համար։ Սակայն կառավարությունն ըստ էության չի օգտագործել այդ հնարավորությունը՝ թուլացնելով տնտեսական աճի պոտենցիալը։   

Ամենեւին էլ դրական չէ, որ վարկային ծրագրերի կատարողականը խիստ ցածր է։ Դա նշանակում է, որ կառավարությունն ի վիճակի չի եղել ժամանակին կատարել ստանձնած պարտավորությունները՝ այդ գումարների հաշվին նախատեսված ծրագրերի գծով։ Դրանք շեղվել են իրենց ժամանակացույցից, ինչը ենթադրում է ոչ միայն զուտ ֆինանսական, այլեւ տնտեսական կորուստներ։   

Ըստ ֆինանսների նախարարության, «արտաքին դոնորների կողմից նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրվել են 55,4 մլրդ դրամի վարկային միջոցներ՝ ծրագրով նախատեսված 129,4 մլրդ դրամի դիմաց, ինչը պայմանավորված է նշված ծրագրերի կատարման ընթացքով»։ Եվ սա այն դեպքում, երբ իրականացվող ծրագրերի հետ կապված կան որոշակի ակնկալիքներ, որոնք ըստ էության հետաձգվել են։   

Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ չեն ապահովվել պետական բյուջեի ոչ միայն արտաքին, այլեւ ներքին տնտեսության մեջ ձեւավորվող եկամուտները։ Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն, հարկային եկամուտների եւ տուրքերի իննամսյա ծրագրային ցուցանիշը թերակատարվել է 3 տոկոսով։ Ստացվել է 887,7 մլրդ դրամ՝ ծրագրված 915,1 միլիարդի դիմաց։ Պակաս մուտքերը գերազանցում են 27 մլրդ դրամը։   

Թե ո՞ւր մնացին բյուջեի եկամուտները զգալիորեն ավելացնելու խոստումները, հավանաբար պետք է հարցնել կառավարությանը, որը առիթը բաց չի թողնում խոսելու կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության կրճատման ոլորտում գրանցած աննախադեպ հաջողությունների մասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ