30 10 2018

Տնտեսական խնդիրները մեծացրել են ֆինանսական շուկայի ռիսկերը․ «Հայոց աշխարհ»

Տնտեսական խնդիրները մեծացրել են ֆինանսական շուկայի ռիսկերը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մինչ տնտեսական ցուցանիշները Հայաստանում վատանում են, կառավարությունը մատը մատին չի խփում վիճակը շտկելու ուղղությամբ։ Գործող իշխանությունն այդպես էլ հայտարարություններով տնտեսություն զարգացնելուց այն կողմ չանցավ։    Եթե նախկինում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները համարվում էին մենաշնորհներն ու մրցակցային անհավասար դաշտը, ապա այժմ, դատելով կառավարության հայտարարություններից, թե՛ մեկը, թե՛ մյուսը Հայաստանում արմատախիլ է արված։ Սակայն տնտեսությունը չի արձագանքում դրան։ Ավելին՝ զարգանալու փոխարեն, աստիճանաբար գլորվում է անդունդ։   

Թվում է, թե դա պետք է մտահոգեր կառավարությանը։ Բայց այդպես չէ։   

Հինգ ամիս շարունակ կառավարության ղեկավարը խոսում է գործող տնտեսական մոդելից հրաժարվելու եւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ստեղծելու մասին, սակայն որեւէ քայլ չի արվում դրան հասնելու համար։ Սա լուրջ ահազանգ է Հայաստանի տնտեսական ապագայի համար։   

Վերջին ամիսներին կառավարության դրսեւորած անգործությունն ու անտարբերությունը վաղ թե ուշ երկիրը կանգնեցնելու է փաստի առջեւ։ Ընդ որում՝ դա արտահայտվելու է ինչպես իրական, այնպես էլ ֆինանսական հատվածում վիճակի սրմամբ։   

Արդեն իսկ կան մտահոգություններ ապագայում բյուջեի եկամուտների ապահովման առումով։ Պասիվացող տնտեսական գործընթացների պայմաններում այժմ բյուջեն հաջողվում է կատարել նախկինում կուտակված տնտեսական պոտենցիալի եւ ստվերային շրջանառությունները հարկելու հաշվին։ Բայց դրանք չեն կարող անվերջ լինել։ Ինչ-որ պահից կառավարությունը կանգնելու է բյուջետային մուտքերն ապահովելու անհնարինության խնդրի առջեւ։ Երբ տնտեսությունը դադարում է զարգանալ, դրանից խուսափել պարզապես անհնարին է լինելու։   

Տնտեսական վիճակը մեծացրել է նաեւ ֆինանսական շուկայի ռիսկերը։ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը արագորեն վատանում է։ Եվ որ առավել մտահոգիչ է, դա տեղի է ունենում հիմնականում արտահանման հաշվին։   

Արտաքին շուկաներ ավելի ու ավելի քիչ հայկական ապրանք է մատակարարվում։ Առաջիկայում այն մեծացնելու է ներքին շուկայի տարադրամային ճնշումը։ Այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ շուտով արժութային շուկայում ականատես լինենք հերթական ցնցումների։

Որքան էլ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ Կենտրոնական բանկը նման սցենարի հավանականություն չի տեսնում, այնուհանդերձ նման հավաստիացումը ամենեւին էլ հիմք չէ, որ դա տեղի չի ունենա։   

Պարզ է, որ Կենտրոնական բանկը կամ կառավարությունը չեն կարող հայտարարել, որ մեկ կամ երկու ամիս հետո ազգային արժույթը արժեզրկվելու է կամ արժութային շուկան ցնցվելու է։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ ծանր հետեւանք կարող է ունենալ ֆինանսական ամբողջ համակարգի համար։   

Անկախ նրանից, թե ինչ է ասում Կենտրոնական բանկը, արժութային շուկայում մեծանում է տատանումների ռիսկայնությունը։ Վերջին ամիսներին արտահանման ծավալների նկատվող անկումը դրա լավագույն ապացույցն է։ Գաղտնիք չէ, որ արտահանումը երկրի տարադրամային պահանջարկի ապահովման հիմնական աղբյուրներից մեկն է։  

Գուցե թե շուկան առայժմ անմիջականորեն չի արձագանքում գոյություն ունեցող դրսեւորումներին, բայց դա չի նշանակում, որ համակարգի վրա ազդեցություններ չկան։ Առավել եւս, որ խնդիրը ամենեւին էլ միայն արտահանման միջոցով երկիր մտնող տարադրամային հոսքերի կրճատմանը չի վերաբերում։   

Վերջին շրջանում դրական չեն միտումները նաեւ արտաքին ֆինանսական փոխանցումների առումով։ Ինչպես հայտնի է, դա ներքին շուկայի տարադրամային մուտքերի ապահովման մյուս կարեւոր աղբյուրն է։ Արդեն օգոստոսին ֆիզիկական անձանց փոխանցումների դինամիկան փոխեց ուղղությունը։ Դրանք կրճատվեցին միանգամից 8 տոկոսով, ինչը լուրջ անկում է տրանսֆերտային շուկայի համար։ Չնայած տարեսկզբի բարձր ակտիվության շնորհիվ տարեկան մուտքերը դեռեւս դրական են, այնուհանդերձ աճը արագորեն դանդաղում է։ Մյուս կողմից՝ զգալիորեն ավելացել է նաեւ տրանսֆերտների արտահոսքը։  

Տարադրամային մուտքերի ապահովման տեսանկյունից լուրջ խնդիր է ներդրումների պակասը։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում ոչ միայն չկան նոր ներդրումային նախաձեռնությունների շրջանակներում գեներացվող տարադրամային ռեսուրսներ, այլեւ շուկան դադարել է ֆինանսական միջոցներ ստանալ նաեւ նախկինում սկսված առանձին ծրագրերից։   

Կասկած չկա, որ այս իրավիճակը առաջիկա առնվազն կես տարվա ընթացքում պահպանվելու է։ Այլ կերպ ասած, այս հատվածից մոտ ժամանակում դժվար թե տարադրամային ակնկալիքներ լինեն։   

Ներքին ֆինանսական դաշտում նվազել են նաեւ միջազգային կառույցներից եւ դոնոր երկրներից ստացվող արժութային մուտքերը։ Խոսքը վարկային միջոցների մասին է։ Դրանց շրջանակներում նախատեսված ծրագրերի կատարողականը չափազանց ցածր է։ Այն հասնում է ընդամենը 40-42 տոկոսի։ Դա նշանակում է, որ այս հատվածից ակնկալվող տարադրամային հոսքերի մեծ մասը եւս չեն ստացվել։ Հակառակ այս ամենի, Հայաստանը պարտաճանաչ կատարում է իր արտաքին ֆինանսական պարտավորությունները, որոնք արտահայտված են տարադրամով։   

Նշվածներից յուրաքանչյուրը լուրջ գործոն է ֆինանսական շուկայի կայունության ապահովման համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ