«Հայոց աշխարհ»-ը գրում է․«Եթե փորձենք պատկերավոր ու հակիրճ ձեւակերպել այն «կամերային» վազվռտուքը, որ վերջին օրերին դիտարկվում է հայրենի քաղաքական դաշտի փլատակներում, ապա հակիրճ կարելի է ասել, որ ԱԺ մի շարք երեսփոխաններ շտապեցին փռվել Նիկոլ Փաշինյանի «թրի տակ», որ թերեւս խուսափեն «ասֆալտին փռվելու», էլ չենք ասում՝ «պատերին ծեփվելու» սարսափազդու հեռանկարից:
Համաձայնեք, որ ասֆալտն, այնուամենայնիվ, շատ ավելի անհարմար է՝ փռվելու համար, քան ասենք, վարչապետական նստավայրի մանրահատակը: Չնայած միամտություն է կարծել, թե դրանով նրանք մեղքերի թողություն ստացան կամ ապահովագրվեցին հետագայում էլ, թեկուզ հանրությանը հուզող տեսարաններ ապահովելու համար ասֆալտներին փռվելու հեռանկարից: Արաբական հին իմաստությունը հուշում է, որ մեկ անգամ փռվողը հա էլ կփռվի...
Ըստ էության, սարսափելի ոչինչ չի կատարվել, իհարկե: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հանկարծ» որոշեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները իրեն ոչ թե մայիսին են հարկավոր, այլ դեկտեմբերին:
Դա «փաթեթավորվեց» որպես ժողովրդի պահանջ, ժողովրդին առաջնահերթ հուզող օրախնդիր հարց: Զուգահեռվեց գործադիր իշխանության կողմից անկայունության հրահրմամբ ու բորբոքմամբ, ի լրումն, մի քանի անգամ արտասանվեցին «բանակցություն», «երկխոսություն» մոգական բառերը, բայց բովանդակային առումով, նման գործընթաց չծավալվեց:
Ինչեւէ, Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» առաջինը շտապեցին «հանձնվել» Նիկոլ Փաշինյանի ողորմածությանը: Այն է՝ հուշագիր ստորագրեցին, որի իմաստը հանգում է հետեւյալին. ա) կողմերը կողմ են, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, բ) որ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա (ԱԺ այդ արտահերթի պրոցեսն սկսելու համար), ապա տվյալ դեպքում ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Ու ոչ մեկը չի հարցնում. իսկ, ի՞նչ է, Գագիկ Ծառուկյանը պատրաստվում էր վարչապետի թեկնածու առաջադրվե՞լ կամ ինչ-որ մեկին առաջադրել: Դա էական չէ:
Կարեւորն այն է, որ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, թե միշտ էլ իր կողքին է եւ իր կողքն է լինելու: Մեկ այլ հարց է ծագում (լավ, անցած տարիների անցուդարձն ու հայտարարությունները անցած տարիներին մնա). իսկ օրինակ մի երկու-երեք շաբաթ առաջ պարոն Ծառուկյանը էլի՞ Նիկոլ Փաշինյանի կողքին էր, երբ վերջինս նրանց հակահեղափոխական էր պիտակավորում։
Իսկ իր կողմնակից ակտիվիստներն ու սոցցանցային «քոմենթչիներն» էլ հայհոյախոսություններով վրա էին տվել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի վրա: Այնպես որ ԱԺ հոկտեմբերի 2-ի հայտնի արտահերթ նիստի վերջում Նաիրա Զոհրաբյանը չդիմացավ ու այդ ամենի վերաբերյալ շրխկացնող հայտարարություններ նետեց ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին:
Կա նաեւ այլ, առավելապես հռետորական հարց. Գագիկ Ծառուկյանն, իբր այդ ե՞րբ տվյալ օրվա իշխանության կողքին չի եղել: Հա, կար մի կարճ ժամանակահատված, երբ ներգրավվել էր Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխության» ալիքների մեջ: Ինչով դա ավարտվեց՝ հայտնի է:
Հիմա, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը, որ Տեր-Պետրոսյանից հեռացել էր վերջինիս կողմից Ծառուկյանի հետ համագործակցելու պատճառով, «նոր Հայաստանի» Ծառուկյանի հետ նույն Փաշինյանը, այսպես ասենք՝ «ջանջիգյար» հուշագիր է ստորագրում: Մի՞թե հրաշալի չէ այդ ամենը:
Նախօրեից սկսած, ՀՀԿ ու ոչ միայն ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող տարբեր պատգամավորներ սկսեցին առանձին-առանձին, ապա նաեւ կոլեկտիվ հայտարարություններ անել, թե՝ այո՛, ԱԺ արտահերթը՝ դեկտեմբերին, իսկ եթե Փաշինյանը հրաժարական տա, ապա՝ ոչ մի թեկնածու չեն առաջադրում (կարծես՝ առաջադրելու էին, էլի):
Նախ, լրահոսը ցնցեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը: Հետո նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը միացավ այդ գործընթացին:
Իսկ երեկ էլ արդեն այդ ամենը, կարելի է ասել, փաստաթղթավորվեց մոտ մեկուկես տասնյակ մանդատավորների խմբակային հայտարարությամբ, թե՝ արտահերթը դեկտեմբերին, մինչեւ արտահերթ ընտրությունները «նոր վարչապետ չպետք է ընտրվի»: Հա, մի բան էլ՝ «գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
Հավելենք, որ հայտարարությունն ստորագրած «իրենքի» կազմում են ԱԺ հետեւյալ պատգամավորները. Աշոտ Արսենյան, Ալիկ Սարգսյան, Արտակ Սարգսյան, Արման Սահակյան, Տաճատ Վարդապետյան, Հակոբ Գառնիկի Հակոբյան, Շիրակ Թորոսյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Հարություն Կարապողոսյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գեւորգյան, Արայիկ Գրիգորյան եւ Իշխան Զաքարյան:
Դժվար չէ նկատել, որ ստորագրողների կազմում քիչ չեն, այսպես ասած, խոշոր ու շատ խոշոր բիզնես հետաքրքրություններ ունեցող մանդատավորները: Ի վերջո, արդարացի ինչ-որ բան կա այն ամենի մեջ, որ հենց ա՛յդ անձինք են առաջին հերթին շտապել ընդունելու Նիկոլ Փաշինյանի պարտադրած պահանջները:
Ինչո՞ւ չպիտի շտապեին, չէ՞ որ ժամանակին նշված անձանց մեծ մասը (բոլորը հրաշալի հասկանում են, թե հատկապես ովքեր), շտապել են ներգրավվել ՀՀԿ-ում կամ գոնե առնչվել ՀՀԿ-ին՝ միայն իշխանության հետ, իշխանության մեջ կամ ծառուկյանական տարբերակով ասած՝ կողքը լինելու համար:
Չափազանց անլուրջ է այս ամենը: Այդ թվում՝ մեկուկես տասնյակի հասնող պատգամավորների ստորագրած հայտարարությունը, որը, եթե անկեղծ, տասնամյակներ առաջ մոլի նարդիստների շրջանում ընդունված «ղազագրի» տպավորություն է թողնում:
Անլրջության զգացողությունն ավելի ընդգծվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որով կոչ արեց քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Չէ, լավ է, թող քաջալերեն: Բայց ի՞նչ, նրանք այլեւս էլ «սեւե՞ր» չեն, մաքրվեցի՞ն, կներեք՝ «սպիտակեցվեցի՞ն», էլ «հակահեղափոխակա՞ն» չեն, այլ համարյա հեղափոխակա՞ն են:
Ի դեպ, ավելի հեղափոխական առաջարկություն ունենք, քան ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին (մեզ ու մոտալուտ ձմռան մասին մտածող ցանկացած ոչ պաշտոնյա քաղաքացու համար միեւնույն է, թեկուզ՝ նոյեմբերին) անցկացնելը: Առաջարկում ենք պարզապես արձակել գործող ԱԺ կազմը, իսկ «ընտրությունները» անցկացնել Հանրապետության հրապարակում: Իսկ ինչո՞ւ ոչ:
Որեւէ գործչի կարելի է հրապարակում վարչապետ հռչակել, իսկ ինչ-որ պատգամավորի չի՞ կարելի: Համ էլ ահագին բյուջետային միջոցներ կխնայենք եւ պատգամավորներին 2 ամիս ավելորդ աշխատավարձ չենք տա, եւ ընտրահանձնաժողովների ու ընտրությունների կազմակերպման վրա անիմաստ ծախսեր չենք անի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը