«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Կա պահանջարկ, ուրեմն կլինի նաեւ առաջարկ․․․ Մենք պնդել ու պնդում ենք, որ հայրենի քաղաքական գործիչների եւ կուսակցությունների մեծ մասը «ամբիվալենտ» է։ Այսօրվա «հակահեղափոխականը» վաղը կարող է դառնալ «հեղափոխական», չեզոք, եւ հակառակը։
Օրինակ, այս տարիների ընթացքում մեր աչքի առջեւով անցել են թերեւս հազարավոր մարդիկ, որոնք աջ ու ձախ հայտնում էին «հեղափոխական» համոզմունքներ, հավաստիացնում, թե իրենց սրտերում բաբախում է «Կլաասի աճյունը», բայց ստանալով համապատասխան պաշտոն կամ այլ փոխհատուցում, անմիջապես փոխեցին ե՛ւ ճարտասանությունը, ե՛ւ, հավանաբար, աճյունը։
Այսօր մենք գործ ունենք հակառակ միմիկրիայի հետ։ Առանձին գործիչներ ու կուսակցություններ, որոնց կարելի էր կասկածել ինչի մեջ ասես, բացի «հեղափոխականությունից», հանկարծ հայտարարում են, թե «հեղափոխականներ» են եղել գրեթե ծնվելու պահից, կլանել այդ հատկանիշը մայրական կաթի հետ, եւ Հայաստանի քաղաքական քարտեզի վրա չեն պատկերացնում իրենց որեւէ այլ տեղ, բացի Փաշինյանի կողքին լինելուց։
Դե ինչ, քաղաքականությունը մեզանում վաղուց վերածվել է եկամտաբեր բիզնեսի։ Կարելի է արտահայտվել նաեւ ավելի կոռեկտ. քաղաքականությունը շուկա է, կա պահանջարկ, ուրեմն կլինի նաեւ առաջարկ։
Բնականաբար պատահում են նաեւ գործիչներ, որոնք աշխատում են ոչ միայն շահի համար եւ ընդհանրապես ոչ շահի համար, անկեղծորեն հավատում որդեգրած գաղափարներին ու սեփական պայքարին, ինչպեսեւ նրանք, ովքեր արդեն այրել են կամուրջները։ Բայց «ամբիվալենտներն» անհամեմատ շատ են։
Այսօր ոմանք նրանց տեսնում են մասնավորապես Հանրապետականի շարքերում ու չարախնդում։ Բայց մի՞թե այդ երեւույթից խուսափել է հայրենի քաղաքական ուժերից թեկուզ մեկը։ Չեք գտնի այդպիսին, նույնիսկ չփնտրեք։ Ընդհանրապես քաղաքականության մեջ սկզբունքների մասին խոսելը այնքան էլ ճիշտ չէ։
Դեռեւս Մարքսն է ուսուցանել. «Քաղաքականության մեջ որոշակի նպատակի համար կարելի է դաշինք կնքել նույնիսկ սատանայի հետ։ Պետք է միայն վստահ լինել, որ դու կխաբես սատանային, այլ ոչ թե սատանան՝ քեզ»։
Ըստ որում՝ Հանրապետականի հետ կապված վիճակը չի կարող հարգանք չհարուցել։ Կուսակցությունն ավելի քան հինգ ամիս առաջ զրկվեց իշխանությունից, իսկ նրա խորհրդարանական խմբակցությունը լքեցին հիմնականում գործարար թեւի ներկայացուցիչները։ «Քաղաքականները» քիչ են, եւ դա շատ բանի մասին է վկայում։
Մինչդեռ շատ կուսակցությունների պարագայում կհայտնվեին բազմաթիվ գործիչներ, որոնք կփորձեին ուրիշներից ավելի բարձր բղավել. «Ե՛ս էլ։ Ե՛ս էլ եմ Բրուտոս»։
Քանզի գիտե՞ս, Տեր Աստված, թե ինչ տոկոսներ են իշխանության մեջ։ Օ՜, Տեր, ի՛նչ տոկոսներ են այնտեղ։ Եթե իմանայիր, ապա հաստատ երկիր կիջնեիր։ Ինչեւէ, քաղաքական գործիչները փոխել են ճամբարը բոլոր ժամանակներում, եւ դրան պետք է վերաբերվել փիլիսոփայաբար։
Հիշենք, օրինակ, Բրիտանիայի ապագա վարչապետ Ուինսթոն Չերչիլի կարիերայի ոլորուն ուղին։
1900 թվականին առաջին անգամ պառլամենտի անդամ դառնալով կոնսերվատորների կողմից՝ երիտասարդ եւ տաքարյուն Ուինսթոնը մշտապես հրաժարվում էր ենթարկվել իր կուսակցության առաջնորդ Արթուր Բալֆուրին։ Վերջինս, բնականաբար, խիստ դժգոհ էր։ Եվ Չերչիլը տեղափոխվեց լիբերալների կուսակցություն, որը շուտով եկավ իշխանության ու նշանակեց մինիստր։
Բայց 1922 թվականին լիբերալները անկում ապրեցին։ Եվ ի՞նչ եք կարծում։ Առանց խղճի որեւէ խայթի, Չերչիլը վերադարձավ կոնսերվատորների շարքեր եւ միանգամից գրավեց է՛լ ավելի բարձր պաշտոն։
Հայրենի քաղաքական գործիչները նույնպես հիմնականում բավական պրագմատիկ են։ Ոչ Ֆուշեի աստիճան, իհարկե, որը համարվում է բացարձակ անսկզբունքայնության հասնող պրագմատիզմի չափանիշ (ինչպեսեւ Շառլ Մորիս Թալեյրանը, որի կարիերան զարգանում էր զուգահեռաբար եւ սերտ հարեւանությամբ)։ Բայց մերոնց ավելի լավ հասկանալու համար օգտակար է հանգամանորեն անդրադառնալ Ֆուշեին։
Ֆուշեն հոգեւոր կրթություն էր ստացել, սակայն կրոնը ամենեւին չէր արժեւորում, հատկապես հեղափոխության սկսվելուց հետո։ Դառնալով յակոբինյան, ըստ որում՝ ամենամոլի ու արյունարբուներից մեկը, հետո հանկարծ սկսեց քննադատել տեռորը եւ հեռացվեց յակոբինյան ակումբից։ Դիրեկտորիայի ժամանակ Ֆուշեին նշանակեցին ոստիկանության մինիստր։ Այդ պաշտոնում մնաց նաեւ Նապոլեոնի օրոք։ Փարիզի անկումից հետո պահանջեց կայսեր հրաժարականը, բայց կրկին նրա կողմն անցավ «հարյուր օրվա» ժամանակ։ Դե, եւ Բուրբոնների Ռեստավրացիայի ժամանակներում նույնպես անփոխարինելի էր։ Բացառիկ ցատկոտանություն։
Ֆուշեին կործանեց իր իսկ անցյալը։ Նրա պաշտոնն իջեցվեց, իսկ 1816 թվականին դեկրետ արձակվեց Ֆրանսիայից բոլոր այն մարդկանց վտարման մասին, ովքեր այսպես թե այնպես առնչություն են ունեցել Լյուդովիկոս XVI-ի մահապատժին։ Այնպես որ կյանքի վերջին տարիներին Ֆուշեն ստիպված էր ապրել Ավստրիայում։
Սակայն քաղաքական ճամբարը փոխող հայրենի գործիչները հազվադեպ են հասնում Ֆուշեի բարձունքներին։ Չի բավականացնում խելքը, ճկունությունը, հմտությունը։ Նրանք հաճախ տառապում են, այսպես կոչված, չղջիկի սինդրոմով։ Եզովպոսի առակում մուկը ցանկացավ դառնալ թռչուն ու ճախրել։ Աստվածները պատժեցին նրան ու թեւեր տվեցին։ Այդ օրվանից նրան որպես յուրային չեն ընդունում ո՛չ մկները, ո՛չ թռչունները։
Չենք խոսում արդեն այն մասին, որ կա գործիչների առանձնահատուկ տեսակ, որոնք, անցնելով մի ճամբարից մյուսը, իրենց հետեւում թողնում են միայն ավերակներ։ Նրանց կարելի է համեմատել լոմեհուզա բզեզների հետ։ Մրջնանոցում վերջինիս հայտնվելը խաթարում է մրջնային համերաշխ ընտանիքի ողջ կյանքը։ Ի վերջո մրջնային քաղաքը աստիճանաբար վերանում է։ Իսկ լոմեհուզա բզեզները գնում են փնտրելու ուրիշ զոհեր։
Ինչեւէ, մենք կեղծ պաթոսի կողմնակիցներ չենք։ Կշտամբել քաղաքական գործչին սեփական կարիերայի նկատմամբ չափից ավելի սրտաթրթիռ վերաբերմունքի մեջ, նույնն է, թե պախարակել աղվեսին հավաբուն այցելելու փորձերի համար։
Եվ այնուամենայնիվ մեզ չգիտես ինչու ավելի հոգեհարազատ է Ֆրանցիսկ I-ի պահվածքը։ Եթե հավատանք ֆրանսիացի պատմաբան Ժակ-Անտուան Դյուլորին, ապա Պավիայի մոտ 1525 թվականին պարտություն կրելուց հետո Ֆրանցիսկ I-ը ասել է. «Ամեն ինչ կորսված է, բացի պատվից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը