09 10 2018

Քաղաքական գործարք, որի գինը հայտնի չէ․ «168 Ժամ»

Քաղաքական գործարք, որի գինը հայտնի չէ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ընդունված է ասել, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Այս ճշմարտության համատեքստում՝ նոր իշխանությունների օրոք Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները դիտարկելիս ևս մեկ, առաջին հայացքից պարադոքսալ եզրահանգման կարելի է հանգել:

Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում ակնհայտորեն Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև քննարկումների ամենակարևոր արդյունք համարվող պայմանավորվածությունը ղարաբաղաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը պահպանելու ուղղությամբ ունի նաև հստակ ներքաղաքական կարևորություն:

Նիկոլ Փաշինյանի իշխանության կայունությանն իրականում սպառնում է ոչ  իր կողմից նշված «հակահեղափոխականությունը», և ոչ էլ գործող Ազգային ժողովը: Հայաստանի դեպքում երկու հիմնական գործոն կա, որ կարող են երկրում ֆորսմաժորային իրավիճակ, ապակայունացում ստեղծել և հարված հասցնել Փաշինյանի կառավարությանը:

Առաջինը սոցիալ-տնտեսական հնարավոր կոլապսն է, որի հնարավորությունն այս պահին չնչին է, քանզի նախկին իշխանություններից տնտեսության զարգացման և սոցիալական թեկուզ և նվազագույն երաշխիքների ռեսուրսները թույլ կտան Կառավարությանը դիմանալ մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Իսկ ահա երկրորդ գործոնի վտանգը շատ ավելի իրատեսական է: Արցախում ցանկացած լայնամասշտաբ պատերազմ հղի է Հայաստանում ներքաղաքական ապակայունացմամբ և Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող է լրջագույն հարված հասցնել:|

Այս ճշմարտության ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (թեկուզև՝ վերելակում) ձեռք բերված պայմանավորվածությունը, որը, անկախ բազմաթիվ խախտումներից, դեռ պահպանվում է, հուշում է այն մասին, որ Փաշինյանն Ալիևի համաձայնությամբ իր իշխանությունը ղարաբաղյան ֆորս-մաժորից ապահովագրում է մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ:

Այս համատեքստւմ բոլորովին պատահական չէր, որ ՀՀ ՊՆ խոսնակն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն, հանդիպել  հրամանատարական կազմի հետ և հատուկ նշել, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

Դ. Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն՝ պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ «Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը՝ հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»,- ասված էր խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրություն, որը, մեղմ ասած, բոլորի տարակուսանքն առաջացրեց։

Նախ, լրջագույն հարցեր և մտահոգություններ առաջացան՝ «վերելակում» կամ ոտքի վրա մի քանի բառերի փոխանակումը Փաշինյանի և Ալիևի միջև արդյո՞ք կարելի է կոչել «բանակցային գործընթաց» (այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ առանց Արցախի մասնակցության՝ չեն կարող շարունակվել բանակցությունները), և արդյո՞ք հայկական կողմն է եղել հրադադարը խախտող կողմը։ Հայտարարություն, որը հետագայում մեր դեմ է գործադրվելու։

Ինչևէ, մնում է հասկանալ, թե որն է լինելու հակառակորդի հետ քաղաքական այս գործարքի իրական գինը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ