«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է․ «Պատմում են, որ մի անգամ Աբրահամ Լինկոլնը հարցրեց լսարանին, թե քանի ոտք կունենա շունը, եթե պոչը դնեք ոտքի տեղ։ Երբ նրան պատասխանեցին՝ «հինգ», Լինկոլնը հայտարարեց, որ ճիշտ պատասխանը չորսն է։ Այն, որ դուք պոչն անվանում եք ոտք, դեռ չի վերածում այն ոտքի։
Ինչ վատ է, որ հիմա մեզ հետ չէ Լինկոլնը։ Նա կարող էր ազատագրել «հեղափոխականներին» բառերի կապանքներից։ Երբ նրանք 24 ժամ շարունակ խոսում են մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, դա դեռ չի նշանակում, թե այն տեղի կունենա։
«Հեղափոխականների» հիմնական փաստարկը հետեւյալն է. ապրիլ-մայիսին իշխանությունների վարկանիշը նկատելիորեն կընկնի, հետեւաբար ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել հնարավորինս շուտ։ Բայց ներեցե՛ք։ Իսկ դուք չե՞ք փորձել մոտենալ խնդրին հակառակ կողմից։ Այսինքն՝ անել այնպես, որ իշխանությունների վարկանիշը ապրիլ-մայիսին չընկնի։
Դրա համար հարկավոր է ընդամենը մի բան. աշխատե՛լ։ 1961 թվականի մայիսի 4-ին հրապարակվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագիրը, որում ասվում էր. «Սահմանել, որ չափահաս, աշխատունակ քաղաքացիները, որոնք չեն ցանկանում կատարել սահմանադրական կարեւորագույն պարտականությունը. ազնվորեն աշխատել ըստ սեփական կարողությունների, որոնք խուսափում են օգտակար հասարակական աշխատանքից, անաշխատ եկամուտներ ստանում հողակտորների, ավտոմեքենաների, բնակելի տարածքի շահագործումից կամ կատարում մակաբույծ կենսակերպ վարել թույլ տվող հակահասարակական այլ արարքներ, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի որոշմամբ ենթարկվում են հատուկ հատկացված վայրեր աքսորման՝ երկուսից մինչեւ հինգ տարի ժամկետով, անաշխատ ճանապարհով ձեռք բերած ունեցվածքի բռնագրավմամբ եւ բնակության վայրում աշխատանքի մեջ պարտադիր ներգրավմամբ»։
Եթե երանավետ խորհրդային ժամանակները չանցեին առհավետ և հրամանագիրը գործեր մինչ օրս, ապա մակաբույծ կենսակերպ վարելու համար կարելի կլիներ դատապարտել Հայաստանի ողջ կառավարությանը։ Այսօր ոչ մի բնագավառում գործնականում չի արվում խելքին մոտ որեւէ բան։ Ինչ-որ գաղափարներ երբեմն ներկայացվում են, բայց երբ դրանք փորձում են կենսագործել, չես իմանում՝ գլուխդ բռնես, թե սիրտդ։
Սա, կարծում ենք, հեղափոխական իշխանության առեղծվածային առանձնահատկությունն է։ Լավ եւ ճիշտ գաղափարները, որոնք այլ վայրերում գերազանց իրականացվում են ու դրական արդյունքներ բերում, սրանց կողմից գործադրման ընթացքում անպայման վերածվում են ինչ-որ այլանդակության։ Անհաջող նախաձեռնությունները հստակ են բոլորին։
Բայց սովորաբար, եթե գաղափարը խոտանման ենթակա է դուրս գալիս, ապա պարզապես լուռ մահանում է։ Հայրենի հեղափոխականների առանձնահատկությունն այն է, որ անհաջող գաղափարներն ամենեւին էլ չեն մահանում, այլ, հակառակը. ծաղկում ու ինտենսիվ զարգանում են միանգամայն անկանխատեսելի ուղղությամբ՝ ընթացքում վերածվելով այնպիսի անհուսալի, գարշահոտ ու խրթին այլանդակության, որին հետո ընդհանրապես ոչ ոք չի իմանում, թե որ կողմից մոտենա վերացնելու համար։ Այնպիսի տպավորություն է, թե կառավարությանը կենդանի մարդիկ միայն խանգարում են»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը