27 09 2018

Միտինգային ելույթ՝ ամենաբարձր ամբիոնից․ «Հայոց աշխարհ»

Միտինգային ելույթ՝ ամենաբարձր ամբիոնից․ «Հայոց աշխարհ»

Խոսքն, իհարկե, ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթի մասին է, դրանում հնչած Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների, իրողությունների վերաբերյալ խիստ միակողմանի, վիճելի, որոշ դեպքերում իրականությանը չհամապատասխանող պնդումների:   

Թե որքանով է ՄԱԿ-ի ամբիոնը սեփական երկրի ներքին իրողություններին անդրադառնալու համապատասխան հարթակը, մի կողմ դնենք: Դա որեւէ գործչի քաղաքական տեսանկյան ու մոտեցման հարց է:   

Նմանապես մի կողմ դնենք եւ այն մոտեցումը, որ պետության փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հայտնվելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ամբիոնի մոտ, նպատակահարմար համարեց պախարակել պետության նախորդ ղեկավարներին, նախորդ իշխանություններին:      

ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ «ԱՎՏՈՐԻՏԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»   

Դառնանք Փաշինյանի կոնկրետ ձեւակերպումներին: Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին: Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի եւ աննախադեպ հեղափոխություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:   

Մեծ հարց է, իհարկե, թե որքանո՞վ աննախադեպ կարելի է համարել ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածը, քանզի նախքան այս էլ «թավշյա», «գունավոր», այդ թվում՝ անարյուն հեղափոխություններ եղել են: Առավել եւս մեծ հարց է, թե որքանո՞վ կարելի է մեր երկրում ապրիլ-մայիսին տեղի ունեցածը բնորոշել որպես հեղափոխություն, մանավանդ որ կատարվածն, ըստ էության, արտահերթ ու անարյուն իշխանափոխություն էր ընդամենը: Բայց այդ դիտարկումներն այսպես՝ ի միջի այլոց:   

Կենտրոնանանք «ավտորիտար իշխանություն» բնորոշումանը, որ Փաշինյանը տալիս է Հայաստանի նախորդ իշխանություններին: Ուրեմն այդ «ավտորիտար իշխանության» նախաձեռնությամբ ընդունվել է եւ գործում է մի սահմանադրություն, որով, օրինակ, երաշխավորված են գաղափարախոսական բազմակարծությունը եւ, ուշադրությո՛ւն՝ բազմակուսակցական համակարգը:   

Դա այն «ավտորիտար իշխանությունն» է, որի իշխելու պայմաններում Փաշինյանը հիմնել է կուսակցություն, դաշինք կազմել այլ կուսակցությունների հետ, ընտրվել խորհրդարանի պատգամավոր:   

Այդ «ավտորիտար իշխանությունը», մի քանի ամիս առաջ, ունենալով օրինական բոլո՛ր հիմքերը, հնարավորինս ձեռնպահ մնաց ոստիկանական ուժի գործադրումից, ավելին՝ «ավտորիտար իշխանության» ղեկին կանգնած Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց պետության ղեկավարի պաշտոնից:   

Բայց բազմաթիվ այլ հանգամանքներ էլ եթե դնենք մի կողմ, այդ «ավտորիտար իշխանության» իշխելու պայմաններում, օրինական եւ մրցակցային, ազատ ընտրություններով ձեւավորվել են խորհրդարաններ, խոշոր քաղաքների ավագանիներ, որոնցում ներկայացված են եղել տարբեր քաղաքական ուժեր, կուսակցություններ:     

ԱՅԴ Ո՞Ր ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ     

Առավել եւս, վերջին՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների շնորհիվ: Այն ընտրությունների, որոնց մասին Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց մասնավորապես հետեւյալը. «Այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը, ճիշտ այնպես՝ ինչպես նախկինում էր եւ հեղափոխության ժամանակ: Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը կարճ է՝ քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի եւ ճնշումների գործադրմամբ»:  

Հարց է ծագում. հապա ինչո՞ւ էիք այդ՝ «ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով» ձեւավորված խորհրդարանում գրեթե մեկ տարի խորհրդարանական խմբակցություն ղեկավարում: Ինչո՞ւ էիք առհասարակ վերցրել նման խայտառակ ընտրություններով, ինչպես ըստ էության նշում եք, կամ ավելի ճիշտ՝ չընտրությամբ ստացած պատգամավորական մանդատները:  

Եվ ո՞ր խորհրդարանական ընտրության մասին է նման կերպ խոսում վարչապետ Փաշինյանը: Ա՞յն ընտրությունների, որոնցից հետո, ժամանակակից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ի դեպ, տեղի չունեցան, այսպես կոչված, «հետընտրական զարգացումներ»: Ա՞յն ընտրությունների, որոնք, ուշադրությո՛ւն, թե՛ մասնակիցների մեծամասնության, թե՛ մասնավորապես միջազգային հանրության, այդ թվում՝ արեւմտյան, եվրոպական կառույցների դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվել են օրինական, ազատ եւ արդար: Ա՞յն ընտրությունների, որոնցից հետո ոչ բոլորը, իհարկե, բայց հաջողության չհասած առանձին ուժեր շնորհավորեցին խորհրդարան անցածներին:   

Ա՞յն ընտրությունների, որոնք տեղի են ունեցել նաեւ քաղաքական փոքրամասնության եւ հասարակական սեկտորի, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ ու, ինչպես հիմա է բացարձակ ակնհայտ դարձել՝ կեղծ իրավապաշտպանական շրջանակների հետ քննարկումների շնորհիվ փոփոխված Ընտրական օրենսգրքի ու մեխանիզմների, համատարած տեսահսկման պայմաններում: Ա՞յն ընտրությունների, որոնցից հետո հրապարակվել են քվեարկության մասնակիցների ցուցակները:      

ՍԵՐ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈ՞ՒՆ     

Բայց չէ՜, Փաշինյանը շարունակում է. «Մեր նպատակը սիրո եւ համերաշխության հեղափոխություն կատարելն էր: Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն»:  

Նպատակը՝ միգուցե: Համենայն դեպս հարապարակային ելույթներում շատ էր կրկնվում «սիրո եւ համերաշխության» մասին: Իրականությունը, սակայն, այն է, որ նույն այդ արտահայտության հեղինակի ու նրա զինակիցների հրահրմամբ ու խրախուսմամբ համատարած ու հետեւողական ատելություն, ներքին թշնամանք էր տարածվում, սեփականից տարբերվող այլ կարծիք հայտնող ցանկացածի նկատմամբ բացահայտ հոգեբանական ահաբեկչություն եւ հրապարակային պախարակում էր իրականացվում:   

Ի դեպ, հոգեբանական բռնությունն էլ է բռնություն, եթե ոմանք, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, տեղյակ չեն: Բայց երեւի տեղյակ է, օրինակ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի այցին ու նախօրեին արած կոչին, որով Հայաստանի քաղաքական գործիչներին հորդորում է խուսափել հասարակությանը բեւեռացնող ու բորբոքող խոսքից (ելույթներից): Այսինքն՝ այնքան բուռն է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի ասած ու բացարձակ շինծու «սերն ու համերաշխությունը», որ ձեւավորված մաղձոտած, ծծմբաթթվային ներհասարակական մթնոլորտն ու ներքին ատելության տարածումն անգամ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը չի կարողացել անտեսել՝ թավշահեղափոխականների նկատմամբ անթաքույց համակրանք ունենալով հանդերձ:   

Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանին կուռքի տեղ պաշտողներից որոշների կազմակերպված եւ «հեղափոխականների» ուղղորդմամբ իրագործված «սիրո» այնպիսի դրսեւորումների մասին, ինչպես, օրինակ, ողջ-առողջ մարդու տան դռան առջեւ դագաղ կամ մահվան պսակ դնելն է, մնացյալը՝ չհաշված: Է՞դ չեք...  

Թե՞ հասարակությանը, քաղաքական ուժերին «սեւ ու սպիտակների» բաժանելն է «սիրո եւ համերաշխության դրսեւորում»: Թե՞ ընտրություններում վարչապետի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի բոլոր մրցակիցներին հակահեղափոխական պիտակավորելն է «սիրո եւ համերաշխության» ցուցանիշ:     

ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՎԱՐՉԱՊԵՏ     

Շարունակելով ներկայացնել ապրիլ-մայիսյան զարգացումների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Այդուհանդերձ, ես ընտրվեցի վարչապետ: Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իմ սեփականը: Սակայն դա հնարավոր եղավ: Դա տեղի ունեցավ, քանի որ մարդիկ պահանջատեր էին եւ ընդամենը մեկ տարի առաջ ընտրված խորհրդարանն անսաց ժողովրդի կամքին՝ չունենալով այլընտրանք»:  

Էլի՝ ճիշտ չէ: Նախ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վարչապետ ընտրվեց երկրորդ փորձից: Առաջին փորձի ժամանակ՝ մայիսի 1-ին, եթե ոմանք մոռացել են, խորհրդարանական մեծամասնությունը, քաղաքական որոշմամբ, չքվեարկեց նրա թեկնածության օգտին, չնայած ՀՀԿ-ական պատգամավորների դեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա զինակիցների կազմակերպած թիրախային հոգեբանական տեռորին, «վհուկաորսական» մթնոլորտի ձեւավորմանը, ճնշման այլ՝ անբարոյական դրսեւորումներին:  

ԱԺ մեծամասնությունն այդպիսով ստեղծեց մի քաղաքական իրավիճակ, որի պայմաններում Նիկոլ Փաշինյանը վարչապետ կարող էր առաջադրվել միմիայն ԱԺ այլ խմբակցությունների համատեղ մոտեցմամբ, փաստորեն կոալիցիոն կառավարություն ձեւավորելու անխուսափելիության առջեւ հայտնվելով: Ինչը եւ տեղի ունեցավ առաջին փորձից 7 օր անց:   

Պարզից էլ պարզ է, որ սեփականը չհաշված՝ 3 քվե ունեցող որեւէ մեկը չէր կարող ԱԺ-ում վարչապետ ընտրվել: Եթե Նիկոլ Փաշինյանը դա չի ընկալում (չենք կարծում, թե՝ չի ընկալում), ապա դրանից դեռ չի հետեւում, որ հենց իր ասածն է, որ՝ կա:   

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը համարում է, թե ընդամենը 3 վստահելի ձայն ուներ, այսինքն՝ իր իսկ գլխավորած խմբակցության ամբողջ կազմի կեսի քվեները, թող ժամանակին իր հետ դաշնակցած ուժերի ներկայացուցիչներին խորհելու առիթ տա: Մեզ, օրինակ, նրա նման ձեւակերպումը հուշում է, որ արտահայտության հեղինակը բացառիկ երախտամոռություն է դրսեւորում:      

«ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ»     

Ի դեպ, ընտրությունների մասին: Այս անգամ՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրության: Փաշինյանն այն վկայակոչում է, որպես «իրապես ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարեւոր քննություն»: Ու միանգամից շեշտադրում, թե՝ «այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին»:  

Գուցե «նոր մշակույթ» է, մանավանդ որ անգամ ընտրությանը չառաջադրված ՀՀԿ-ն շնորհավորեց հաղթող թեկնածուներին:   

Բայց որպես «ազատ, արդար, մրցակցային» ընտրության քննություն դա տապալում էր, «լիկվիդ ընկնել» էր թե՛ ավտորիտար 81 տոկոսանոց արդյունքի, թե՛ ընտրապայքարի ընթացքում վարչապետի անմիջական ներգրավմամբ, մրցակիցների հանդեպ ագրեսիվ հակաքարոզչության, վարչապետի պաշտոնով ընձեռված նյութական խոստումներ հնչեցնելու (անհատական տաքսիստներին հարկերից ազատելու մասին), մրցակիցների նկատմամբ ոստիկանական ճնշման միջոցների կիրառման առումներով:     

ՀԱՇՎԵՏՈ՞Ւ Է, ԱՍՈՒՄ ԵՔ     

Փաշինյանը հայտարարեց նաեւ. «Ստանձնելով պատասխանատվություն`մեր թիմն ունի հստակ տեսլական եւ հզոր քաղաքական կամք` իրականացնելու հիմնարար բարեփոխումներ՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ կառավարմանը...»:   

Ստո՛պ: Մեկ րոպե: Հաշվետո՞ւ, ասում եք: Իսկ ո՞ւր են կառավարելու կամ իշխելու 4-5 ամսվա կոնկրետ հաշվետվությունները: Օրինակ, ամենապարզ բանը. մինչ օրս կոնկրետ որքա՞ն գումար է առգրավվել նախորդ «կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներից, որքա՞ն միջոցներ են վերադարձվել պետական բյուջե, ինչպե՞ս են վերաբաշխվել այդ միջոցները, ի՞նչ նպատակների ու ծախսերի են ուղղվել, որքա՞նն է ծախսվել: Կա՞ն նման կոնկրետ թվեր ու տվյալներ: Եթե կան, ապա ինչո՞ւ ինքներդ չեք դրանք հրապարակում՝ կետ առ կետ, եթե այդքան հաշվետու եք:   

Ըստ որում, օրինապաշտ, ժողովրդավարական ու բազում այլ արժանիքների դիմակներով ներկայացող սույն «թավշահեղափոխականների» կողմից ու խրախուսմամբ դատարանի վրա ճնշում գործադրելու, որեւէ անձի կալանքի հարցը «վարչապետին ասելու» միջոցով լուծելու մասին այս անգամ ոչինչ չենք ասի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ