27 09 2018

Ռուսական լրատվամիջոցը՝ Ադրբեջանի թարգմանի՞չ․ «Հրապարակ»

Ռուսական լրատվամիջոցը՝ Ադրբեջանի թարգմանի՞չ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ հայկական եւ ադրբեջանական աղբյուրները լռում են, ռուսական «Նեզավիսիմայա գազետան» տեղեկացնում է, որ չորեքշաբթի ԵԱՀԿ Մինկի խմբի հանախագահների մասնակցությամբ Նյու-Յորքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը եւ ընդգծում, որ դրան նախորդել էր շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանի որոշ, այդ թվում՝ Նախիջեւանի ուղղությամբ, հատվածներում լարվածությունը:

Ռուսաստանցի մեկնաբանն այնուհետեւ արձանագրում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները տեղապտույտի մեջ են եւ նշում, որ հիմնական հարցերը երեքն են՝ «ինքնահռչակված հանրապետության շուրջ այն տարածքների, որ հայերն անվանում են «անվտանգության գոտի» վերադարձ, փախստականների եւ տեղահանվածների վերադարձ մշտական բնակության վայրեր եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ»:

Նրա հայացքով՝ առաջին երկու հարցերի շուրջ փոխզիջումը հնարավոր է պատկերվում, մինչդեռ երրորդի դեպքում Երեւանի եւ Բաքվի մոտեցումները տրամագծորեն տարբեր են: «Հայաաստանը Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի է համարում ԼՂ ցանկացած, բայց ոչ Ադրբեջանի կազմում, կարգավիճակ, մինչդեռ Ադրբեջանը գտնում է, որ ամենաարդարացի լուծումը դա իր իրավազորության վերականգնումն է անջատված ինքնավարության նկատմամբ»- գրում է «Նեզավիսիմայա գազետայի» հեղինակը եւ միջարկում, թե Բաքվում որոշակի հույսեր ունեին, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցում այլ մոտեցում կունենա:

Այնուհետեւ նա ընդարձակ անդրադարձ է անում Նիկոլ Փաշինյան-Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական համագործակցության թեմայով եւ շեշտում, որ Հայաստանի առաջին նախագահը սատարել է «թավշյա հեղափոխությանը եւ դրանից հետո հանդիպել Նիկոլ Փաշինյանին»: Ըստ ռուսաստանցի մեկնաբանի՝ Բաքվում հատկապես ուշադրության են առնում այդ հանգամանքը եւ ներքին քննարկումներում առաջ քաշում մի վարկած, որ ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի օրվա հայտարարությունները «զուտ պոպուլիստական են»:

Ըստ այդմ, Ադրբեջանում կարծում են, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից եւ կառավարության ու ամբողջական թիմի ձեւավորումից հետո միայն պարզ կլինի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրոք քաղաքական ուղեգի՞ծ են, թե հնարավոր է փոփոխությու՞ն: Ստացվում է, որ ռուսաստանյան պարբերականը փոխանցում է Ադրբեջանում իշխող մտայնությու՞նը, թե հոդվածն այնպես է կառուցված, որպեսզի Բաքվին ինչ-որ բա՞ն փոխանցվի: Մանավանդ որ հեղինակը ձևակերպումներ անելիս իրեն բավական ազատ է զգում եւ փաստացի հնարավորություն է տեսնում, որ Հայաստանում կայուն կառավարության ձեւավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները վերսկսվեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ