21 09 2018

Կառավարությունը մանիպուլյացիաներ է անում․ «Հայոց աշխարհ»

Կառավարությունը մանիպուլյացիաներ է անում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Մինչեւ ամսվա վերջ կառավարությունը պետք է հաստատի եւ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Այդ փաստաթուղթը կարեւոր է նրանով, որ ի վերջո հասարակությունը հնարավորություն կունենա համոզվելու, թե իշխանության եկած քաղաքական ուժերը որքանով են տեր կանգնում իրենց խոսքերին։   

Իշխանափոխության օրերին տրվել են բազում խոստումներ, որոնք շարունակում են մնալ օդում կախված։ Կառավարությունը մինչ օրս, կարելի է ասել, ոչինչ կամ գրեթե ոչինչ չի կարողացել անել երկրում սոցիալական վիճակը բարելավելու համար։   

Մինչդեռ մարդիկ սպասում են արմատական փոփոխությունների։ Պետական բյուջեն այն փաստաթուղթն է, որտեղ հասարակությունը կարող է գտնել իր խնդիրների լուծումը։ Եթե իշխանափոխությունից հետո հեղափոխականների կառավարությունն ինչ-որ առումով ստիպված էր շարունակել իր նախորդի բյուջեն, ապա այժմ հնարավորություն ունի հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ձեւավորել ըստ սեփական պատկերացումների ու մոտեցումների։   

Նկատի ունենալով տրված խոստումները՝ անշուշտ ենթադրվում է, որ պետք է բարձրանան ինչպես աշխատավարձերն ու թոշակները, այնպես էլ ավելանան սոցիալական վճարները։ Այլ հարց է. այդպե՞ս կլինի, թե՞ ոչ։   

Տրվել են խոստումներ, որոնք քիչ կապ ունեն իրական հնարավորությունների հետ։ Ու այժմ կառավարությունը ծանր փորձության առաջ է կանգնել։   

Այլ ելք չգտնելով՝ գործադիրը լծվել է հասարակությանը մոլորեցնելու գործին։ Մասնավորապես փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ հաջորդ տարի բարձրանալու են կենսաթոշակները։ Այդ մասին խորհրդավոր ձեւով հայտարարեց վարչապետի խորհրդականը։   

Սակայն հետո պարզվեց, որ իրականում խոսքը ոչ այնքան ծերության, որքան հաշմանդամության, զինվորական կամ այլ կենսաթոշակներին է վերաբերում։ Ընդ որում՝ նախատեսվում է բարձրացնել բացառապես նվազագույն շեմից ցածր գտնվող կենսաթոշակները։   

Թե ինչքան գումար է պատրաստվում հատկացնել այս նախաձեռնությանը կառավարությունը, անհայտ է։ Ենթադրվում է, որ խոսքը մեծ գումարի մասին չէ։ Նամանավանդ ի սկզբանե հայտարարված 60 տոկոս բարձրացումն ամենեւին էլ 60 տոկոս չէ, թեեւ հասկանալի է, որ դրա տպավորությունը շատ ավելի մեծ է։   

Երբ մարդիկ սկսել էին հաշվել հավելյալ գումարները, պարզվեց որ կենսաթոշակների բարձրացումը իրականում խաբկանք է։ Կենսաթոշակառուների 99 տոկոսը ոչինչ էլ չի ստանալու։ Խոսքը ծերության կամ աշխատանքային կենսաթոշակ ստացողների մասին է, որոնք կազմում են թոշակային համակարգում ընդգրկված քաղաքացիների ավելի քան 93 տոկոսը։   

Այլ կերպ ասած, նվազագույն կենսաթոշակի բարձրացումից հետո էլ նրանք շարունակելու են ստանալ այնքան, ինչքան հիմա են ստանում։ Աշխատանքային կենսաթոշակի համակարգում ընգրկված 463 հազար քաղաքացիներից սպասվող բարձրացումը առնչվելու է ընդամենը 4 հազարին։   

Ավելին՝ այս նախաձեռնությամբ ընդհանրապես խաթարվում է կենսաթոշակային համակարգի այն տրամաբանությունը, որը հիմնված է աշխատանքային ստաժից կախված կենսաթոշակի չափի սահմանման սկզբունքի վրա։ Թե ո՞ւր մնաց սոցիալական արդարության բաղադրիչը, այնքան էլ կարեւոր չէ։   

Ինչեւէ, մեղադրելով նախորդ իշխանություններին՝ հեղափոխական կառավարությունը պատրաստ չէ կատարել կենսաթոշակների իրական բարձրացում։ Դրա համար անհրաժեշտ էր բարձրացնել ոչ թե նվազագույն շեմից ներքեւ գտնվողների, այլ ընդհանրապես կենսաթոշակը։ Միայն այդ դեպքում նրանք իսկապես կզգային այդ փոփոխության ազդեցությունը։   

Այս ճանապարհն ընտրելու փոխարեն կառավարությունը փորձում է ավելի շուտ տպավորություն ստեղծել, քան թե խնդիր լուծել։ Ակնհայտ է, որ հասարակության այս հատվածը՝ լինելով սոցիալապես առավել խոցելի խմբերից մեկը, շարունակելու է կերակրվել դատարկ խոստումներով։   

Չնայած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հետ կապված քննարկումները շարունակվում են, այնուհանդերձ, թվում է, չի նախատեսվում նաեւ միջին աշխատավարձի բարձրացում, որքան էլ դա կարեւոր գործոն է հատկապես հասարակության ցածր եկամուտ ունեցողների համար։    Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձի շեմը վերջին անգամ Հայաստանում վերանայվել է չորս տարի առաջ։ Այն կազմում է 55 հազար դրամ։   

Այս պայմաններում թվում էր, թե խնդիրը ինչ-որ չափով կլուծվի եկամտային հարկում ակնկալվող փոփոխությունների միջոցով։ Սակայն կառավարությունը հակված չէ այդ տարբերակին։ Փոխանակ մտածելու ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների վճարունակությունն ավելացնելու մասին, նախապատվությունը տրվում է բարձր եկամուտ ունեցողներին։   

Սա ենթադրում է սոցիալական բեւեռացման հետագա խորացում։ Նման քաղաքականության պայմաններում հասարակության այն հատվածը, որն առանց այն էլ ցածր եկամուտ ունի, երբեք չի կարող իր սոցիալական վիճակի դրական փոփոխություն ակնկալել։ Ավելին, հաշվի առնելով նաեւ գնաճային ակտիվությունը, ենթադրվում է աղքատության հետագա խորացում։   

Այս փուլում խոսք չկա նաեւ բազային աշխատավարձի շեմի բարձրացման մասին, որի հետ ուղղակիորեն կապված են պետական կառավարման համակարգի աշխատավարձերը։   

Սոցիալական ոլորտում կառավարությունը այնուհանդերձ մի առաջընթաց քայլ նախատեսում է։ Ակնկալվում է եռապատկել երեխայի ծննդյան միանվագ նպաստը։ Խոսքը երկրորդ երեխայի մասին է, որի ծննդյան նպաստը 50 հազարից կդառնա 150 հազար դրամ։ Այդ նպատակով պետական բյուջեն լրացուցիչ կվճարի տարեկան 1,5 մլրդ դրամ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ