12 09 2018

Բանկային ավանդների աճ․ հրճվելու փոխարեն հարկավոր է մտահոգվել․ «Հայոց աշխարհ»

Բանկային ավանդների աճ․ հրճվելու փոխարեն հարկավոր է մտահոգվել․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում հերթական «ցնցող» գրառումն է կատարել: Այս անգամ նա անդրադարձել է Հայաստանում առեւտրային բանկերում ներդրած ավանդների ծավալներին եւ գրել. «Տնտեսական վստահության եւ լավատեսության կարեւորագույն ցուցանիշ. նոր ռեկորդ»:  

Ի՞նչն է ոգեւորել տնտեսությունից առանձնակի գլուխ չհանող Նիկոլ Փաշինյանին, եւ ինչպե՞ս է նա փորձում իր օգտին ներկայացնել լրատվամիջոցներից մեկում հայտնված տեղեկատվությունը:   

Տեղեկատվությունը հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետությունում առեւտրային բանկերի ավանդները 2018 թվականի հուլիսի վերջին կազմել են 2,7 տրլն դրամ։ Ձգտելով դուր գալ վարչապետին եւ նրա կառավարությանը, վերոնշյալ տեղեկատվության հեղինակը նշում էր, որ դա «ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ» եւ ուշագրավ է համարում, որ «ապրիլին՝ քաղաքական իրադարձություններով պայմանավորված, ավանդները նվազել էին 103,8 մլրդ դրամով, սակայն արդեն մայիս ամսից դրանք սկսեցին վերականգնվել եւ հուլիսին, ինչպես նշեցինք, գերազանցեցին նախահեղափոխական մակարդակը»։   

Առաջին հայացքից տպավորիչ է, իհարկե, բայց միայն առաջին հայացքից:    Նախ՝ ո՛չ լրատվամիջոցը, ո՛չ էլ մանավանդ Նիկոլ Փաշինյանը բանկերից ապրիլին գումարների նման ահռելի ծավալով արտահոսքի մասին ոչինչ չէին ասում, իսկ նրանք, ովքեր ասում էին, հարձակման էին ենթարկվում զոմբիների կիբեռբանակի կողմից:  

Հիմա պարզվում է, որ նրանք ընդունում են, որ բանկերի գումարների խոշոր արտահոսք է եղել, ինչը մեկ անգամ եւս փաստում է նոր իշխանության եւ նրա ղեկավարի կողմից մշտապես ապատեղեկավություն տարածելու կամ իրեն ոչ ցանկալի փաստերը թաքցնելու սովորության մասին:   Գումարների վերոնշյալ արտահոսքը լուրջ ցնցում է եղել մեր բանկային համակարգի համար: Բարեբախտաբար այդ ցնցումը հաղթահարվեց եւ գոնե այդ առումով ստիպված չեղանք ոմանց իշխանատենչության համար վճարել մեր երկրի ֆինանսական համակարգի փլուզմամբ:   

Հարկ է նաեւ ընդգծել, որ այդ ցնցումը հաղթահարվեց ոչ թե նոր կառավարության, այլ Հայաստանի բանկային համակարգի կայունության եւ ամրության շնորհիվ, որը դիմագրավեց «թավշյա հեղափոխությանը»: Հիմա պարզվում է, որ ավանդները վերականգնվել, անգամ գերազանցել են նախահեղափոխական մակարդակը:   Ծիծաղելին այն է, որ անգամ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը դա համարում է իր կամ իր կառավարության հանդեպ վստահության նշան: Մինչդեռ, ինչպես նշեցինք, դա վստահություն է տասնամյակների ընթացքում ստեղծված բանկային համակարգի նկատմամբ եւ վկայում է այն կայացնողների բարձր մասնագիտական ունակությունների մասին:  

Այդուհանդերձ կառավարությունն ունի իր մասնակցությունը նման ռեկորդային ցուցանիշում, բայց դրա առկայությունն ավելի շուտ վկայում է կառավարության եւ, ցավոք, մեր տնտեսության հանդեպ անվստահության եւ հոռետեսության մասին: Եթե բանկերում սկսվում է ավանդների ծավալների նման ռեկորդային աճ արձանագրվել հեղափոխություն կոչվող ցնցումից հետո, ապա, բացի բանկերի կայուն լինելուց, դրա պատճառն այն է, որ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն ավանդատուները նախընտրում են ավելի ապահով տեղ դնել իրենց գումարները:   

Դա նշանակում է, որ մարդիկ՝ ֆիզիկական անձ թե ընկերություն, ռեզիդենտ թե ոչ ռեզիդենտ, տնտեսական հեռանկարներ չեն տեսնում եւ չեն վստահում կառավարությանը: Եվ նրանք իրավացի են:   

Կառավարության կողմից բիզնեսի հանդեպ որդեգրած, կարելի է ասել, պետական ռեկետի քաղաքականությունը, ԱԱԾ-ի շոուները, չհիմնավորված բռնագրավման ենթակա գումարային պահանջներ դնելը, կոռուպցիոն բացահայտումներ հայտնաբերելու մարմաջը, որից զերծ չեն մնում անգամ օտարերկրյա այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Հարավկովկասյան երկաթուղին» (Ռուսաստան) եւ «Վեոլիան» (Ֆրանսիա), թույլ չեն տալիս մտածել ներդրումներ կատարելու եւ գործարար ակտիվություն ծավալելու մասին:   

Ավելին՝ կան գործարարներ, որոնք իրենց հիմնական միջոցները որպես գրավ են ձեւակերպել եւ պահ տվել բանկերում: Հայաստանի իշխանության հանդեպ անվստահությունն ավելի ակնառու երեւաց Ռուսաստանի հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, իսկ վերջինիս պահվածքը, մեղմ ասած, ուղղակի արտառոց էր:   

Հետեւաբար, ինչպես ռեզիդենտ անձինք (Հայաստանում մշտապես բնակվող եւ գործող), այնպես էլ ոչ ռեզիդենտները, այլ ելք, քան բանկերում ավանդներ դնելը եւ իրենց գումարներն ու բիզնեսը հավելյալ ռիսկից զերծ պահելը, այս պահի դրությամբ չեն տեսնում: Ինչն էլ դառնում է ավանդների ծավալի աննախադեպ աճի պատճառ՝ որից մտահոգվելու փոխարեն, հրճվանքի մեջ է ընկել վարչապետը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ