05 09 2018

Դատական համակարգը Հայաստանում այլևս մեռած է․ «Հայոց աշխարհ»

Դատական համակարգը Հայաստանում այլևս մեռած է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երեկ լրատվամիջոցները ծանուցեցին, որ հայրենի դատական համակարգն ի վիճակի չէ լուծել Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական անձեռնմխելիության «գլուխկոտրուկը». «Գրեթե հաստատ է, որ Վճռաբեկ դատարանը կդիմի Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակներում անձեռնմխելիության հարցը որոշելու համար։ ՍԴ-ում էլ են սողոմոնյան որոշում կայացրել՝ որոշել են դիմել Վենետիկի հանձնաժողովին, որ անձեռնմխելիության հետ կապված եզրակացություն տա»:  

Այս տեղեկությունը չի հերքվել, եւ եթե դա ճիշտ է, վայն եկել է, մեզ տարել։ Նշանակում է՝ դատական համակարգը Հայաստանում այլեւս մեռած է. Փաշինյանի «մեսիջը»՝ ուղղված դատավորներին, թե «խելքներդ գլուխներդ հավաքեք», չլինեմ-չիմանամ՝ «նախկինների» պատվերով որոշումներ կայացնեք, տեղ է հասել։  

Սրան ավելացրեք հեղափոխականներին սպասարկող ֆեյսբուքյան ակտիվիստների եւ «ֆեյքերի» սպառնալիքների, մեղադրանքների եւ փողոցային հայհոյանքների տարափը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխած՝ դատարանի դահլիճից ազատ արձակելու որոշում կայացրած դատավորի հասցեին, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։   

Առանձնապես խորաթափանց չպետք է լինել՝ հասկանալու համար, թե ինչու Վճռաբեկ դատարանը չի շտապում քննության առնել նախագահի իր կարգավիճակից բխող գործողությունների համար պատժելու հարցը՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դատախազության եւ պաշտպանական կողմի բողոքները վերահասցեագրելով Սահմանադրական դատարանին։  

Եվ ինչու Սահմանադրական դատարանն իր հերթին չի ուզում անշառ գլուխը շառի տակ դնել՝ ստանձնել Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը հաստատելու պատասխանատվությունը, եւ գերադասում է ապավինել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։   

Ի վերջո, թե՛ Վճռաբեկ դատարանում, թե՛ առավել եւս Սահմանադրական դատարանում պրոֆեսիոնալներ են նստած՝ իրենց գործի գիտակներն են եւ չեն կարող սահմանադրությանը ակնհայտորեն հակասող որոշումներ կայացնել. ձեւացնել, թե չգիտեն՝ ինչ ասել է սահմանադրական իմունիտետ, ինչ նկատառումով է նախագահի անձեռնմխելիության դրույթն ամրագրվել սահմանադրության մեջ, որպես բացարձակ իրավունք, որ որեւէ օրենքով սահմանափակված չէ եւ, ըստ էության, տարընթերցման տեղիք չի տալիս։   

Կամ՝ առանց աչքը թարթելու հավանություն տալ ՀՔԾ բացահայտ ոչ կոմպետենտ գնահատականներին. «վերեւից» իջեցված ցանկացած հանձնարարական հլու-հնազանդ կատարող եւ հիմնավորող անհասկանալի մի կառույց, որի ղեկավարն իրեն իրավունք է վերապահում «ապօրինի» հռչակել դատարանի եւ Ազգային ժողովի այս կամ այն որոշումը։   

Եթե Քոչարյանի «գործը» մտնի Վճռաբեկ դատարան կամ հասնի ՍԴ, պատասխանը միանշանակ նրա օգտին է լինելու։ Իսկ Հայաստանում ահագնացող հեղափոխական հիստերիայի պայմաններում դա «կյանքի համար վտանգավոր» մի բան է, որի հետեւանքները կարող են կործանարար լինել որոշում կայացնողների համար։ Մեր արդարադատության սպասավորներն այնքան են վախեցած Նիկոլի եւ իր վկաների թափի տակ ընկնելու մահացու հեռանկարից, որ սպանես էլ՝ չեն մտնի այդ պատասխանատվության տակ։   

Պատասխանատվությունից խուսափելու «պրագմատիկ» մոտեցումն այս դեպքում, իհարկե, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց այսպես շարունակվելու դեպքում պետք է անկեղծ լինենք եւ ասենք, որ Հայաստանը հայտնվել է վտանգավոր մի հանգրվանում, որ տանում է պետության եւ պետական ինստիտուտների ոչնչացման։   

Ո՞ւմ է պետք դատական համակարգը, եթե կարելի է դիմել Եվրոպական դատարան եւ խնդրել, որ մեր փոխարեն արդարադատություն իրականացնեն մեր երկրում։ Կամ՝ ինչի՞ համար են քաղաքական ինստիտուտները, եթե կա Եվրախորհուրդ, կա Վենետիկի հանձնաժողով, կա Մարդու իրավունքների հանձնակատար, որոնք կարող են մեր փոխարեն գնահատական տալ հայաստանյան այս կամ այն իրադարձությանը եւ որոշել՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք ու ինչպե՞ս. մի խոսքով՝ տնօրինել մեր կյանքը։   

Եվ խնդիրն այստեղ բոլորովին էլ այն չէ, թե նույն Վենետիկի հանձնաժողովի որոշումը Քոչարյանի դեմ է լինելու։ Հակառակը, եվրոպացի փորձագետների «միջամտությունից» երկրորդ նախագահը միայն կշահի, պետությունն է ափսոս»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ