04 09 2018

Իշխանությունը Քոչարյանին հակադրելու ոչինչ չունի․ «Հայոց աշխարհ»

Իշխանությունը Քոչարյանին հակադրելու ոչինչ չունի․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 10 տարվա դադարից հետո քաղաքական ակտիվ գործունեության վերադառնալը կայացած փաստ է: Պարզորոշ նկատելի է, որ այդ հանգամանքը լրջորեն անհանգստացրել է գործող թավշահեղափոխական իշխանությանը, որն իր քարոզիչներով, սոցցանցային «բրիգադներով» ու հնարավոր բոլոր քարոզչական ռեսուրսներով անցել է թիրախավորված հարձակման: Նիկոլ Փաշինյանը եւ նրա զինակիցները հասկանում են, որ նրա քաղաքական վերադարձը կարող է ապրիլ-մայիսյան ցնցումային զարգացումների հետեւանքներից ու գործող իշխանությունից դժգոհ շրջանակներին համախմբող էֆեկտ ունենալ:   

Առավել եւս, որ մեր իրականության մեջ եղել են վերադարձի հաջողված նախադեպեր: Հրապարակի սուլոցներով հեռացած երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը 10 տարի անց, 1998-ին, բավական մեծ աջակցությամբ վերադարձավ քաղաքական ասպարեզ, իսկ հաջորդած զարգացումների արդյունքում դարձավ ԱԺ նախագահ: Նույն 1998-ին ներիշխանական հակամարտության հետեւանքով հրաժարական տված Լեւոն Տեր-Պետրոսյանը, էլի մոտ 10 տարի անց՝ 2007-ին, վերադարձավ ակտիվ գործունեության եւ 2008-ի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրավեց՝ պաշտոնական տվյալներով ստանալով ձայների 20 տոկոսը:   

Բայց ի՞նչ են Ռ.Քոչարյանի այդ քայլին հակադրում գործող իշխանությունն ու իր քաղաքական եւ քարոզչական ուղեկիցները: Իշխանական որոշ քարոզիչ-մեկնաբաններ այս օրերին հետեւողականորեն այն թեզն էին տարածում, թե Ռոբերտ Քոչարյանին անպայման պետք է կալանավորել, թե նա ազատության մեջ գտնվելով՝ վտանգ է ներկայացնում եւ այդպես շարունակ: Կարելի է կարծել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վերստին հայտնվի կալանավայրում, հետ է կանգնելու քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու, պայքարի մեջ մտնելու եւ այն շարունակելու որոշումից:   

Հնարավոր է, միգուցե, որ այդ դեպքում նրա նախատեսած կազմակերպչական աշխատանքները դանդաղեն, բայց երկրորդ նախագահի գործունեությանն ու մոտեցումներին քիչ թե շատ տեղյակ անձինք, այդ թվում՝ իրեն, այսպես ասենք, չհամակրողների շարքից, հրաշալի հասկանում են, որ նա հետ չի կանգնելու, չի նահանջելու անգամ այդ դեպքում:    Իշխանական մեկնիչների ու քարոզիչների մեկ այլ խումբ էլ այն էր շարունակ ասում, թե Ռոբերտ Քոչարյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ավելին՝ քաղաքական դաշտում տեղ գրավելու առանձնապես մեծ շանսեր չունի կամ ընդհանրապես շանսեր չունի:   

Միանգամից կոնտր հարց է ծագում. եթե Ռոբերտ Քոչարյանը, նրա ձեւավորելիք կամ նրան աջակցող հնարավոր ուժը (գուցե ուժերը) այդքան չնչին հնարավորություններ ունեն, ինչո՞ւ եք այդպիսի մեծ աղմուկ բարձրացրել: Արժե՞ այդքան անհանգստանալ որեւէ գործչի կամ ուժի ակտիվությամբ, եթե ինքներդ իսկ հանրության համար «կանխատեսում» եք, թե նա անգամ մեկ կամ կես տոկոս ձայն չի ստանա:    Ավելորդ չէ արձանագրել, որ այն բանից հետո, երբ հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած հեռախոսազրույցի եւ ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու վերաբերյալ տեղեկատվությունը, որ ամենից զատ, նաեւ պարզորոշ ակնարկ էր, հայրենի իշխանական քարոզիչների տրամադրությունները անհանգիստ-մտահոգից արագորեն վերածվեցին խառը-խուճապայինի:   

Սա, նկատենք, մի պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ կուսակցություն ձեւավորելու կամ որեւէ կուսակցության հետ համագործակցելու մասին չի հայտարարել, դեռ, ըստ էության, քաղաքական ընդգրկուն ծրագիր եւ մոտեցումներ չի ներկայացրել, այլ միայն հայտարարել է վերադառնալու եւ դրա հիմնական շարժառիթների մասին:   

Ի դեպ, քաղաքական ակտիվ գործունեության վերադառնալուց հետո տված հարցազրույցներում երկրորդ նախագահն ընդգծված շեշտադրումներ է արել իր պաշտոնավարման շրջանում եղած ձեռքբերումների, սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա: Դա, ինչ խոսք, ընկալելի եւ կանխատեսելի մոտեցում է:   

Բայց պետք է նկատել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակի շեշտը դրա վրա դնել եւ առկա իրավիճակին համահունչ արտաքին-քաղաքական, տնտեսական, սոցիալական ու իրավական նոր մոտեցումներ, պատկերացումներ չներկայացնի, ապա վերադարձը կարող է այնքան տպավորիչ չլինել, ինչպես թվում է:   

Համենայն դեպս հստակ ու հիմնավորված ծրագիրը, քաղաքական հստակ մոտեցումները կարող են լավ ու արդյունավետ հակակշիռ լինել գործող իշխանության պոպուլիստական, իրենց աջակցող հրապարակի բազմության էյֆորիկ տրամադրություններին ու «ինչ անում են՝ լավ են անում» կամ այդ կարգի հուզական ընկալումներին:   

Ի վերջո, երբ ավելի լայն դիտարկում ես հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների արձագանքները, ակնհայտ է դառնում, որ հանրության՝ Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն աջակցող շրջանակները հայհոյանքից, անեծքից, քարոզչական բնույթի՝ տարիներով ծամծմված մեղադրանքներից, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու վայրիվերո մղումներից բացի, այլ բան չեն ասում ու այլ բան չունեն հակադրելու: Հանրության առավել մեծաթիվ, բայց ոչ ակտիվ շերտերը հիմնականում լուռ են, գերադասում են չարտահայտվել։   

Բայց դա՝ այսօր: Իսկ վաղը կարող է փոխվել ոչ միայն իրավիճակը, այլեւ հասարակական-քաղաքական տրամադրությունները: Ժամանակը ցույց կտա, թե այն ում օգտին է աշխատում: Ավելի ճիշտ՝ ով կկարողանա առավել խելացի օգտագործել ժամանակն ու դիմացինի սայթաքումները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ