30 08 2018

Մեծ ու համերաշխ ընտանիքի մասին․ «Հայոց աշխարհ»

Մեծ ու համերաշխ ընտանիքի մասին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Առաջին հայացքից թվում է, թե հիմարների թիվը պիտի հետզհետե նվազի։ Չէ՞ որ էվոլյուցիան խելացիների կողմնակիցն է։ Բայց միայն ոչ հայոց աշխարհում։ Մեզանում խելքը նույնքան անհրաժեշտ է, որքան անցած տարվա ձյունը։  

Ի հեճուկս համաշխարհային էվոլյուցիայի, հիմարները այստեղ բնաջնջվել ակնհայտորեն չեն պատրաստվում. հակառակը, քայլում են առաջին շարքերում։ Դրա հետեւանքով տեղի է ունենում ոչ թե էվոլյուցիա, այլ ինվոլյուցիա. բանականությունը անպետքության պատճառով վերանում է։ Հիմարները բազմանում են ճանճերի պես։ Խելացիները՝ վերանում մամոնտների նման։  

Շեշտերը լիովին տեղափոխված են։ Խելացիներին ներկայումս համարում են հիմարներ։ Իսկ հիմարները հարգում են իրենք իրենց՝ խելացիության համար։ Սրտի ցավով ստիպված ենք նշել, որ հարատեւ ապուշությունը հայոց աշխարհի որոշ անդադրում բնակիչների համար հոգու, մարմնի եւ իրականության առավելագույն ներդաշնակ վիճակն է։ Նման հոգեվիճակում ոչ մի բան նշանակություն չունի։ Բոլոր մտքերը հիասքանչ են, եւ բոլորն էլ իմաստազուրկ, քանզի ոչ թե մտքեր են, այլ ապուշության հետեւանք։   

Մարդկանց միջավայրում ապրելու համար իսկական ապուշից ոչ մի ջանք չի պահանջվում։ Հակառակը, ջանք պահանջվում է միջավայրից, այն էլ ինչպիսի՜ ջանք։ Օրինակ, նախօրեին մեզանից մեծագույն ջանքեր պահանջվեցին, որ լիաթոք չքրքջանք, երբ հայրենի հեղափոխական ականավոր գործիչներից մեկը անվանեց նոր իշխանությանը «մեծ ու համերաշխ ընտանիք»։   

Կարելի էր ասել նաեւ քիչ այլ կերպ. հարաբերությունները նոր իշխանության ներսում բացառապես ընտանեկան են։ Ինչպես, օրինակ, Բրիեր դե Բուամոնի հոգեբուժական կլինիկայում, որը ժամանակին գործում էր Փարիզի Սենտ Անտուան արվարձանում եւ նույնպես ամբողջապես նմանակված էր ընտանիքին։։  

Այնտեղ կային հայր եւ մայր. ինքը՝ Բրիեր դե Բուամոնը եւ նրա կինը։ Բոլոր հիվանդներն ապրում էին նույն տանը, բոլորը միմյանց համար եղբայրներ էին, միասին սնվում ու շրջապատի հանդեպ ամենաջերմ զգացումներ էին տածում։ Համարվում էր, որ կլինիկայի ներսում ընտանեկան հարաբերությունների ներդրումը բուժման արդյունավետ տարր է։  

Նախկին խնամարկյալներից մեկը գրում էր տիկին դե Բուամոնին. «Լինելով ձեզանից հեռու, ես հաճախ եմ վերադառնում սրտումս խորապես արմատացած հիշողություններին, որպեսզի վերստին վայելեմ բարյացակամությամբ լեցուն այն անդորրը, որով դուք շրջապատում էիք նրանց, ում վիճակվել էր ապաստանել ձեր հարմարավետ տանը։  

Ես նորից ու նորից մտովի տեղափոխվում եմ ձեր ընտանեկան միջավայրը՝ այնքա՜ն համախմբված եւ այնքա՜ն զգայուն իր յուրաքանչյուր անդամի նկատմամբ»։  

Նոր իշխանության «մեծ ու համերաշխ ընտանիքում», դատելով ամենից, գերազանց գործում է, այսպես կոչված՝ «շեղման սկզբունքը»։ Հոգեբուժության մեջ գոյություն ունի հետեւյալ կանոնը. ապաքինվելու համար խելագարը պետք է ամենեւին չմտածի իր հիվանդության մասին։ Հարկավոր է ջանալ, որ իր հոգեգարության մասին մտքեր չայցելեն նրան, որպեսզի այն հնարավորինս սքողվի կողմնակի մարդկանց հայացքից։ Թաքցնել սեփական հոգեգարությունը, դուրս մղել այն ուղեղից, մտածել ուրիշ բանի մասին։  

Բնականաբար հասնել այդ ամենին առավել դյուրին է «մեծ ու համերաշխ ընտանիքում»։ Մշտապես գտնվելով խելագարների միջավայրում անխուսափելիորեն մոռանում ես սեփական խելագարության մասին։   

Ի դեպ, այն գաղափարը, որ հոգեկան հիվանդը նման է երեխայի, եւ բուժման համար նրան նպատակահարմար է տեղավորել ընտանիք հիշեցնող միջավայրում, հոգեբուժության մեջ ձեւավորվել է դեռեւս 1850-1860 թվականներին։ Մասնավորապես, Ֆուրիեն 1854 թվականին իր «Մտավոր խանգարման բարոյական բուժումը» հանրահայտ հոդվածում գրել է, որ հիվանդին պետք է վերաբերվել երեխայի պես, եւ ընտանիքը, «իսկական ընտանիքը, որտեղ հոգեկան անդորր, ողջամտություն ու սեր է տիրում, կոչված է հենց սկզբից, ճանապարհից մարդու շեղվելու առաջին իսկ նշանների դեպքում տրամադրել նրան հոգեկան ու մտավոր բոլոր խանգարումների համար օրինակելի բարոյական բուժում»։ Լավ, ի՞նչ անել այդ «մեծ ու համերաշխ ընտանիքի» անդամների հետ։      

Պատմում են, որ երբ Արկադի Ռայկինը աշխատում էր Լենինգրադում, նրա համար գրում էին Նաստրոեւները. երեք երգիծաբան՝ միավորված մեկ ազգանվան ներքո։ Մի անգամ աշխատանքի ժամանակ ինչ-որ բան պատահեց սեղանի լամպի հետ։ Գրողներից մեկը տեղնուտեղը վեր թռավ. «Արկադի Իսահակովիչ, ես կնորոգեմ։ Տանը զոդիչ կա՞»։   

«Կեցելե մայնե (եբրայերեն՝ «փիսիկս»),- տխուր ասաց Ռայկինը։- Եթե ես զոդիչ ունենայի, մի՞թե կզբաղվեի այս հիմարություններով»։   

Լսեք, ես ձեզ աղաչո՛ւմ եմ։ Մեկնումեկդ՝ պետական գնումների գործակալությունից կամ էլ ուրիշ ով է նման գործերով զբաղվում, գնեք վերջապես «մեծ ու համերաշխ ընտանիքի» համար զոդիչների բավարար խմբաքանակ։ Գուցե գոնե այդժամ զբաղվեն գործով, այլ ոչ թե ամեն տեսակի հիմարություններով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ