«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալներ Կարապետ Արթենյանն ու Գոռ Սարիբեկյանն ազատվել են աշխատանքից։ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի` համայնքապետ ընտրվելուց հետո ավագանին այլեւս նիստ չի կարողացել գումարել, համայնքապետի տեղակալների նոր նշանակում կամ վերանշանակում չի եղել, ուստի օրենքի ուժով Գյուլնազարյանի տեղակալներն ազատվել են աշխատանքից։
Նիստ չի գումարվել, քանի որ ավագանու անդամ, Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կալանավորվել է, եւ առանց «Ապրելու երկիր» խմբակցության մասնակցության քվորում ապահովել չի ստացվում։ Համայնքի ղեկավարի տեղակալի ազատման դիմումը ստորագրվել է հուլիսի 4-ին, սակայն Գյուլնազարյանի տեղակալ Արթենյանը, ով, ի դեպ, նրա մտերիմ ընկերն է, շարունակում է գնալ համայնքապետարան, ընդունում է քաղաքացիներին։ Փարաքարի համայնքապետարանից մեզ փոխանցեցին, որ Արթենյանը փաստացի շարունակում է պաշտոնավարել, ինչը հակաօրինական է։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Կարապետ Արթենյանը հաստատեց տեղեկությունը՝ գնում է համայնքապետարան, նոր պաշտոն է ստանալու։ Չի հերքում նաեւ, որ ընդունում է քաղաքացիներին, բայց փաստաթղթեր չի ստորագրում։
«Այո, գալիս ու գնում եմ, բայց ոչ մի գործառույթ չեմ անում, փաստաթուղթ չեմ ստորագրում, ի՞նչն է խանգարում, որ գնամ ու գամ։ Նշանակվելու եմ նոր պաշտոնի, բայց ոչ այնպիսի պաշտոն, որն ավագանին է հաստատելու։ Ես ազատվել եմ»,-ասաց Արթենյանը։ Ինչո՞ւ եք ընդունում քաղաքացիներին, ասես շարունակում եք աշխատել իբրեւ համայնքի ղեկավարի տեղակալ։ «Եթե քաղաքացին գալիս է ու ինձ ուզում է տեսնել, հանդիպում եմ»։ Արթենյանի կարծիքով՝ ինքը հակաօրինական որեւէ բան չի անում, երբ գնում է համայնքապետարան, ընդունում է քաղաքացիներին, մտնում իր նախկին աշխատասենյակ, նստում այնտեղ։
Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվեց։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եւ իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկի նկատմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ այս անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա եւ ապօրինաբար օտարել գույքը․ երեք պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել, երկուսը կալանավորվել են։ Մյուս պաշտոնյան համայնքապետի տեղակալներից ՔՊ-ական Գոռ Սարիբեկյանի նշանածն է՝ Արփինե Ավագյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը