«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ՔՊ-ական ֆրակցիային վերեւից հրահանգել են Դավիթ Խաչատուրյանին ընտրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, չնայած խմբակցությունում այնքան էլ ոգեւորված չեն Խաչատուրյանի թեկնածությամբ, ավելի ճիշտ՝ մի պաշտոնից մյուսին թռչելու սովորույթից:
Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել, եւ այդ բոլոր պաշտոններում նրան ընտրել է Ազգային ժողովը` ՔՊ-ի միջոցով: Խաչատուրյանի ընտրությունը դեռեւս նախորդ քառօրյայում էր ընդգրկված ԱԺ օրակարգում, սակայն հետաձգվեց, հայտարարվեց, որ առողջական խնդիրների պատճառով նա չի կարող ներկայանալ խորհրդարան:
Իրականում ՔՊ-ական մեր աղբյուրը խոստովանեց, որ ոչ թե առողջական խնդիրներն են եղել հետաձգման պատճառը, այլ պատգամավորների բացակայությունները, այդ օրն ԱԺ-ում 65 ՔՊ-ական չի եղել: Շատերը գործուղման են եղել, իսկ ՍԴ դատավորի ընտրության համար հարկավոր է 65 ձայն:
Ուշագրավ է, որ նախօրեին ՔՊ խմբակցության նիստից հետո պաշտոնապես հաղորդվեց, թե քննարկել են ՍԴ դատավորի ընտրության հարցը: Մինչդեռ ֆրակցիայից մեզ վստահեցնում են, որ այդ հարցը չեն քննարկել, դեռ շաբաթներ առաջ է իրենց ասվել, որ պետք է կողմ քվեարկեն: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը