12 03 2024

Այդ ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է․ «Փաստ»

Այդ ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկվա լրահոսը կոնսերվատորիական ցնցումների մեջ էր՝ «Երևանի պետական կոնսերվատորիան փակում են...» ահազանգով, մեկնաբանություններով, «ջղայն» սմայլիկներով: Անգամ կոնսերվատորիայի ղեկավարությունը ստիպված եղավ արձագանքել, ինչով հաստատեց, որ խնդիր իսկապես կա, բայց միաժամանակ նշելով, թե «հարգալից պայքարի» կողմնակից են: Դե, գուցե հույս ունեն, որ եթե իրենց սիրելի «մեծարգո վարչապետին» բան չասեն, միգուցե իրենց ձեռք չեն տա:

Ըստ ամենայնի, խոսքը բուհերի խոշորացման ծրագրի՝ փաշինյանական իշխանության հերթական «հանճարեղ» մտահղացման մասին է: Այսպես կոչված՝ «ակադեմիական քաղաքի» մասին (ճիշտ կլիներ դրա անունը «համակենտրոնացման ճամբար» դնել), որտեղ միավորվելու են նաև «արվեստի-մշակույթի» գծով բուհերը՝ Գեղարվեստի ակադեմիան, Թատերականը, Կինոյի ինստիտուտը, Կոնսերվատորիան (իսկ ընդհանուր առմամբ, բոլորը): Դա համարժեք կլինի բոլոր այդ բուհերի փակմանը, կարծում ենք: Բայց սա ավելի գլոբալ քննարկման խնդիր է: Այլ խնդիր է նաև ԿԳՄՍՆ «պարզաբանումը»՝ աշխատանքային խմբերի ու կլաստերների մասով, որն ավելի շատ հաստատում էր, քան հերքում:

Այլ խնդիր է նաև այն, թե ինչու «Բրյուսովից» հետո հիմա էլ առանձին բարձրացավ «մշակութային» բուհերի միավորման թեման, որը հազիվ թե, մեղմ ասած, մի քանի օրվա, ամսվա կամ տարվա հարց է: Այս պարագայում խոսքն այլ բանի մասին է, այլ հարցեր կան: Գոնե առայժմ: 2018ին «թավշյա» հարայհրոցից հետո Փաշինյանի իշխանությունը փակեց մշակույթի նախարարությունը՝ այն տարրալուծելով ԿԳՄՍՆ-ի մեջ: Հետո ասում էին, թե՝ նվագախմբում այդքան ջութակահարներն ինչի՞ համար են պետք, կրճատենք, մի քանի ջութակը լրիվ բավական է, փողերը խնայենք: Հետո մշակութային տարբեր օջախներում, կառույցներում զանազան կամայականություններ էին անում, «օդից» ղեկավար էին փոխում, թատրոններ էին փակում: Մի խոսքով՝ տարիներ շարունակ այլ ոլորտների հետ միասին պատերազմ էին հայտարարել արվեստին, մշակույթին, կրթությանը, ազգայինին:

Ուրեմն, ի՞նչ էիք սպասում, սիրելի հայրենակիցներ, հատկապես մտավորականներ: Ցավոք, շատերն այդ ամբողջ պրոցեսների ժամանակ լռում էին՝ կարծելով, թե ուղտն իրենց դռանը չի չոքի: Այդպես չի լինում, այս իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու, և այդ ուղտը բոլորի շեմին հայտնվելու է մի օր:

Իսկ ընդհանրապես, Արցախի դռները փակածների համար ի՞նչ մի խնդիր է կոնսերվատորիայի կամ տո հենց ԵՊՀ-ի դռները փակելը, այդ բուհերի շենքերն էլ իրենց բիզնես շահերին ծառայեցնելը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ