31 01 2024

Կառավարության նախագիծը բացառիկ փոփոխությու՞ն Կարեն Անդրեասյանի, Երանուհի Թումանյանի և Վիգեն Քոչարյանի համար․ «Ժողովուրդ»

Կառավարության նախագիծը բացառիկ փոփոխությու՞ն Կարեն Անդրեասյանի, Երանուհի Թումանյանի և Վիգեն Քոչարյանի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը նախագիծ է ուղարկել Ազգային ժողով, որը դատական համակարգում մեծ վրդովմունքի առիթ է հանդիսացել։

Մասնավորապես, դատական համակարգում կարծիքներ են հնչում, որ, ըստ նոր նախագծի, դատավորը միայն 65 տարեկանը լրանալու դեպքում կարող է թոշակավորվել, իսկ ԲԴԽ ոչ դատավոր անդամը՝ անկախ տարիքից։

Այսինքն՝ օրինակ՝ ԲԴԽ գիտնական անդամ Երանուհի Թումանյանը, ընդամենը մի քանի տարի աշխատելով ԲԴԽ-ում, 42 տարեկանում պետությունից թոշակ է ստանալու: Նա, լինելով գիտնական անդամ, ե՛ւ բարձր աշխատավարձ է ստանալու, ե՛ւ բարձր թոշակ ամբողջ կյանքում՝ ընդամենը 5 տարի աշխատելով։

Առավել զավեշտալին այն է, որ, ըստ կարգավորման, նման թոշակ ստանալու են միայն այն անդամները, որոնք կդադարեն աշխատել օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ չի տարածվելու նախկին անդամների վրա։

Ստացվում է, որ օրենքի փոփոխություն են անում բացառապես ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի, նրա մտերիմ Երանուհի Թումանյանի, ԲԴԽ անդամ
Վիգեն Քոչարյանի համար, ու դեռ խոսում են դատական համակարգի գրավչության մասին:

Դատական համակարգում կեղծ են համարում նախագծի հիմնավորումը, որը վերաբերում է նաեւ ԲԴԽ դատավոր անդամներին։ Կարծիքներ կան, որ նախագիծը մշակողները, եթե մի քիչ ազնիվ լինեին, գոնե կգրեին, որ նախկին անդամների վրա էլ է տարածվում, կամ բացառություն չէին անի, քանի որ օրենքի լավարկումը, անշուշտ, հետադարձ ուժ ունի: Այդ ձեւակերպումը ակնհայտ ապացուցում է՝ կոնկրետ իրենց նեղ շրջանակի ֆինանսական ապահովվածությունն են երաշխավորում՝ հարկատուների հաշվին։

Ավելին՝ տարակուսանք է առաջացնում օրենքի հիմնավորման նաեւ այն հատվածը, ըստ որի՝ հեղինակների կարծիքով՝ ԲԴԽ դատավոր անդամները ԲԴԽ-ից հետո շարունակում են պաշտոնավարել ու երաշխիքներից օգտվել, իսկ ոչ դատավոր անդամները՝ ոչ։ Պետք է գնահատել հեղինակ-շահառուների անկեղծությունը. նրանք ոչ թե առաքելություն են իրականացնում, այլ եկել են ԲԴԽ՝ հինգ տարի աշխատեն ու ամսական 1 միլիոնից ավելի գումար ստանան, հետո էլ շքեղ ծերություն ունենան:

Բայց չէ՞ որ օրենքի ճիշտ տրամաբանությունը նրանում է, որ այդ անձինք պետք է լինեին գիտնականներ, որոնք որոշակի ժամկետով դատական համակարգում իրականացնեին իրենց առաքելությունն ու գնային էլի գիտությամբ զբաղվելու։ Այսպես ստացվում է, որ «գիտնականները» գալիս են ԲԴԽ՝ դատական համակարգ, ստանում բոլոր դատավորներից ավելի գումար, հետո իրենք իրենց ուղարկում են Վճռաբեկ դատարան կամ էլ վատագույնը՝ տուն՝ ստանալով միլիոնից ավելի թոշակ։

Մնում է սպասել՝ հասկանալու, թե Ազգային ժողովը կբավարարի արդյոք ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ախորժակը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ