26 10 2024

ԲԴԽ նախագահը թաքնվում է մամուլի պատասխանատուների հետևում․ Դավիթ Հարությունյան

ԲԴԽ նախագահը թաքնվում է մամուլի պատասխանատուների հետևում․ Դավիթ Հարությունյան

 

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ԲԴԽ պաշտոնական` Դատական իշխանություն էջով արված հայտարարությանը:

 

«ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությանը

 

«Աշխատանքը կորցրած», «Նախկին դատավոր»

Լիազորությունները ԲԴԽ որոշմամբ անընդմեջ երկու անգամ ապօրինի դադարեցված դատավոր

 

Դավիթ Հարությունյանից

Հարգելի գործընկեր,

 

 Կարդացի <<Դատական իշխանության>> էջում անհայտ հեղինակի ոչ աշխատանքային օրով (ենթադրաբար տնից) արված գրառումն առաջին դեմքով (իբր սեփական կարծիքն արտահայտող) գրառում-պարզաբանումը:

Առաջին անգամ չէ (տես, օրինակ` 07.04.2023թ. Կարեն Անդրեասյանի ԲԴԽ դատավոր անդամի ընտրության անօրինական միջամտության գրառումը և այլն), երբ ԲԴԽ նախագահը թաքնվում է մամուլի պատասխանատուների կամ այլ անձանց հետևում փորձելով պատասխանատվությունը բարդել այլ անձանց վրա:

Վերջին անգամ նշված գործողությունը կատարեց ինքնաբացարկ հայտնելով ու արձակուրդ մեկնելով այլուրեքության ապահովմամբ, ՍԴ որոշման պահանջները չկատարելու ապօրինության բեռը թողնելով ԲԴԽ գործընկերների վրա:

 

Վաղը ենթադրաբար նույնը անելու է իր անձնական Tiktoki անօրինական (կանխակալ կարծիքները, դատական իշխանության հեղինակության վնասման հաշվին ինքնագովազդի) գրառումները մամուլի պատասխանատուների վրա թողնելով:

Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հրամաններ կատարելիս ի նկատի ունենալ, որ աշխատում եք այնպիսի անձի ենթակայությամբ, ով սեփական գործողությունները պատասխանատվությունը ոչ թե կիսում կամ իր վրա է վերցնում, այլ գերադասում է այն թողնել այլ անձանց ուսերին: Ինչևէ, հաշվի առնելով ներկայացված պարզաբանումները, Անդրեասյանի հետ փոխկապակցված լրատվամիջոցով այն անմիջապես տարածումը, որոնք ուղղված են իրականության աղավաղմանը, ուստի հարկ եմ համարում ներկայացնել հետևյալ կետային հակադարձումը՝ համակողմանիորեն անդրադառնալով յուրաքանչյուր կետին և հստակեցնելով իրական փաստերը:

Նշել եք թե, նախկին դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին անդրադարձ է կատարվել Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժում, և հաշվի առնելով հանրության հետաքրքրությունն այս գործին, հարկ եմ համարում պարզաբանել, հետևյալը.

 

Նախ նշեմ, որ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը չի արտացոլում իմ կողմից ներկայացվածն ամբողջական ծավալով։ Դիմել եմ նրանց, որպեսզի այն ամբողջությամբ հեռարձակվի։

Մասնավորապես՝ լրագրողի խնդրանքով տված հարցազրույցում նշել էի, որ Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ դատավորի գործով տեղի է ունեցել ստվերային արդարադատություն. մասնավորապես՝ խախտվել են դատավորի հրապարակային դատական քննության և լսված լինելու հիմնարար իրավունքները։ Անդրադարձել էի նաև այն հանգամանքին, որ ի տարբերություն քաղաքական գործիչների կամ անհատ իրավաբանների՝ ԲԴԽ անդամները, լինելով պաշտոնատար անձինք, չունեն բարոյական իրավունք կամ լիազորություն չկատարելու ՍԴ որոշման պահանջները։ Դա անհարգալից մոտեցում է ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ գործող օրենքների նկատմամբ, ինչը բնորոշել էի որպես «չարաճճիություն»։

Կարծես նշել էի նաև, որ այն չկատարելու նախնական դիտավորության մասին է խոսել նախարարի խորհրդականը(ու այն հավանության արժանացրած նախարարը)` ՍԴ որոշումը որակելով լիազորությունների անցում: Կարեն Անդրեասյանն էլ էր ակնարկել այդ մասին Ազգային Ժողովում 2024թ. հունիսի 13-ին:

 

Նշել էի, որ ԲԴԽ-ն խախտել է իր պարտականությունները՝ գործի լրացուցիչ քննությամբ խտրական մոտեցում դրսևորելով (նախկին դատավոր Ա. Մելքումյանի գործի հանդեպ իր իսկ պրակտիկային հակասող մոտեցմամբ)։ ԲԴԽ-ն գործը քննության է առել առանց բողոքի առկայության և կիրառել է բողոքարկման` օրենքի 156.1-րդ հոդվածով ընթացակարգի մի մասը՝ սկզբում ծանուցելով, որ քննում է և որոշումը կայացվելու է այդ հոդվածով, սակայն վերջում կիրառել է 157-րդ հոդվածի 7-րդ մասը՝ արձանագրելով, թե որոշումը չի վերանայվում հիմքի բացակայության պատճառով, մինչդեռ հիմքը հենց ՍԴ որոշումն էր։

Վերջապես անդրադարձել էի ԲԴԽ անդամների գործողությունների նաև հոգեբանական շարժառիթներին՝ նշելով, որ դահլիճի վարագույրների գույնի համապատասխանությունը ՍԴ դատավորների պատմուճանի գույնին իրավունք չի տալիս նրանց անտեսելու ՍԴ որոշումների պահանջները:

Անդրադառնամ հրապարակման հեղինակի` բացառապես կարմիր ամրակներով շեշտադրումներին.

 
  1. Դավիթ Հարությունյանը աշխատանքը կորցրել է ոչ թե ԲԴԽ-ին քննադատելու, այլ դատավորի համար սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար:

Ավելին՝ ԲԴԽ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ. «(...) որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս՝ սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում։ (...) կառուցողական քննադատությունը, որը համակարգում առկա խնդիրներին անդրադառնում է բազմակողմանիորեն և հստակորեն, նպաստում է իրավական համակարգի և հանրության միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդմանը։

Մինչդեռ այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությունը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը: (…)»։

Առաջին ամրակի ներքո նշվածի կապակցությամբ, թե ԲԴԽ-ի գործողություններն ու որոշումներն են քննադատվել, ու դրանք հիմնավորում չեն ունեցել և կողմնակալ են եղել, ապա ուղղակի հարկ է նշել, որ խոսքը, ի թիվս այլոց, վերաբերել է Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի կողմից դատավորներին, կառավարությանը, ազգային ժողովին ու հանրությանը հանդուգն խաբելու եղանակով այնպիսի փոփոխությունների կատարմանը, որի արդյունքում 20 և ավելի դատավորի պաշտոնավարում դադարեցվել է և արդյունքում իրենց կամքից անկախ չաշխատող դատավորներին վճարվել է 100 000 000 դրամից ավելի գումար, պետությանը վատնման եղանակով պատճառվել է վնաս, մեկ տարվա ստաժ ուեցողներին ուղարկել են լրացուցիչ վերապատրաստման, նրանց փոխարեն նշանակել են պատշաճ վերապատրաստում չանցած ու դատավորի փորձ չունեցող անձանց: Քննադատության առարկան եղել են նախարարը, ԲԴԽ նախագահն ու նրանց գործողություններն այն կապակցությամբ, որ որոշումները կայացնում են <<բացարձակ կամ միանձնյա կոնսենուսով>> ինչը բացառում է օրենքով սահմանված քվեարկությունը, որոշումները կայացվում են միանձնյա կամ երկու հոգով, իսկ մյուսները ինքնուրույն չեն ու կարծիք հայտնելու իրավունք չունեն և այլն: Ընդ որում` պետք է նշել, որ սրանք ընդհանրական ձևակերպումներ են, մանրամասն պատճառաբանված ու կից ապացույցներով դիրքորոշումը տրամադրված է եղել ԲԴԽ-ին, մինչդեռ որևէ գնահատականի կամ վերլուծության դրանք չեն արժանացել, մեկ նախադասությամբ նշվել է, թե դրանք համոզիչ չեն եղել(տես հոկտեմբերի 18-ի համահասանել իորոշումը): Այս ամրակով էլ շեշտվել է, թե դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով է քննադատության ենթարկել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ