30 01 2024

ՏՏ ոլորտի պարանոցից կախված քարը. «Փաստ»

ՏՏ ոլորտի պարանոցից կախված քարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում կարևոր դեր են կատարում մի կողմից՝ տնտեսական մրցունակության, արտադրողականության, կառավարման արդյունավետության բարձրացման, իսկ մյուս կողմից էլ՝ ինովացիոն և գիտակրթական համակարգերի, համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար։ Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ մեծ ներդրումներ են կատարում ՏՏ ոլորտում և տնտեսության այս ճյուղի զարգացման համար ստեղծում բարենպաստ միջավայր։ Հայաստանում ևս իշխանությունները միշտ հայտարարությունների մակարդակով կարևորում են ՏՏ ոլորտի առաջընթացը՝ նշելով, թե այն մեր տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է։

Իշխանության ներկայացուցիչներն անգամ ֆանտաստիկ հեռանկար են խոստանում ՏՏ ոլորտի համար։ Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը առիթը բաց չի թողել հայտարարելու, թե 2030 թվականին ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի հնգակի։ Օրերս հրապարակվեց անցյալ տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ ընդգրկված է 70 ՏՏ ընկերություն։ Ճիշտ է, իշխանությունները շտապեցին թմբկահարել այս հանգամանքը, սակայն իրականում այս թիվն առանձնապես մեծ չէ, մեղմ ասած, իսկ, ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հնարավորություն չեն տալիս էական զարգացում ապահովել։

Առաջին հերթին՝ Հայաստան եկած մեծ քանակությամբ ռուս ծրագրավորողները, որոնց ներուժը կարող էր օգտագործվել մեր տնտեսությունը զարգացնելու համար, սկսել են հեռանալ, ու արդյունքում, օրինակ՝ ռուս մասնագետների կողմից Վրաստանում ավելի շատ ընկերություններ են բացվել, քան մեր երկրում։ Խնդիրն այն է, որ մի շարք չափանիշների դիտարկման տեսանկյունից մեր երկիրը չի դիտարկվում որպես գրավիչ ՏՏ ոլորտի աշխատողների ներհոսքի համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ դրսի ներհոսքով պայմանավորված՝ անշարժ գույքի, վարձով տների, այլ ապրանքների ու ծառայությունների գները անհամաչափ ու արհեստականորեն բարձրացվում են։ Մյուս կողմից էլ՝ թվային ենթակառուցվածքների ապահովման հարցը մնում է բաց։

Այսինքն՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների աշխատանքի համար անհրաժետ է ստեղծել զարգացած թվային միջավայր, որը դեռևս բացակայում է։ Բացի այդ, թվային ենթակառուցվածքների առումով Հայաստանն ինքնաբավ չէ։ Հայաստանում աշխատող ՏՏ ընկերությունների մի ահռելի մասը ծառայություններ է մատուցում միայն արտերկրի կազմակերպություններին կամ ընկերություններին, այսինքն՝ հավել յալ արժեք չի ստեղծվում մեր երկրի զարգացման համար։ Եվ եթե արտերկրի խոշոր ՏՏ ընկերությունները պատվերներ չտան, կամ որևէ տնտեսական «պայթյուն» լինի, ինչպես անցյալ տարի եղավ, ապա Հայաստանում գործող ՏՏ ընկերություններն ուղղակի կսննկանան։ Թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ ՏՏ ոլորտում աշխատողների թիվը նվազման միտում է ցուցաբերում։

Ստացվում է, որ մեր երկիրը խնդիր ունի հայաստանյան ընկերությունների ստեղծման հետ, որոնք իրենց առանձին և մրցունակ թվային արտադրանքը կստեղծեն, ինչն էլ պահանջարկ կունենա նաև երկրից դուրս։ Լուրջ խնդիր է նաև այն, որ դոլարի նկատմամբ դրամի արժևորման ստեղծած խոչընդոտները չեն վերացել։ Դրա արդյունքում բազմաթիվ ընկերությունների եկամուտները նվազեցին, ու կառավարությունը որոշեց, որ կարող է սուբսիդավորել, որ չփակվեն, բայց պարզվեց, որ ՏՏ ոլորտի որոշ ընկերություններ իրենց տրամադրվող գումարները վերցրել են ու սննկացել։ Իսկ այստեղ արդեն կոռուպցիոն ռիսկեր են նկատվում։ Բացի այդ, մյուս հարցն էլ կապված է նրա հետ, որ լավագույն մասնագետները նախընտրում են հեռանալ երկրից ու արտերկրում աշխատել։

Ուստի պետք է պայմաններ ստեղծել, որ պրոֆեսիոնալները ոչ միայն մնան մեր երկրում, այլև նպաստեն նաև ավելի ցածր մակարդակի մասնագետների մասնագիտացմանը։ Կառավարությունը պետք է մտածի նաև այն մասին, թե ինչպես կարող է արտերկրյա լավագույն մասնագետներին ներգրավել մեր տեղեկատվական ոլորտ ու այնպիսի միջավայր ստեղծի, որ արտերկրյա տարբեր ընկերությունները Հայաստանում մասնաճյուղեր բացեն ու ներդրումներ կատարեն։ Այսինքն, ահռելի աշխատանք կատարելու դաշտ է բացվել, բայց ՀՀ իշխանությունները հիմնականում գույնզգույն ֆոն են ստեղծում, որի տակ բովանդակություն չկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ