26 06 2023

Բոլորն աշխատում են, որ ՏՏ-ն վայելի. 168․am

Բոլորն աշխատում են, որ ՏՏ-ն վայելի. 168․am

168.am-ը գրում է․ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության կույրաղիքը։ Բոլորն աշխատում են, որ ՏՏ-ի համար լավ լինի։

Առանց այն էլ այս ոլորտը գտնվում է արտոնյալ կարգավիճակում, էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է էլ ավելի ընդլայնել արտոնությունները։

Վերջին տարիներին չեն դադարում խոսել հարկային արտոնությունների խոցելիության, դրանցից հրաժարվելու անհրաժեշտության մասին, այլ ոլորտներից հանում են արտոնությունները, իսկ ՏՏ-ում ընդլայնում են։


Անցած տարվա վերջին էլ որոշեցին պետական բյուջեից 10 մլրդ դրամի կամ առնվազն 25 մլն դոլարի ֆինանսական օժանդակության տրամադրել՝ դրամի արժևորման ազդեցությունը ոլորտի վրա մեղմելու պատճառաբանությամբ։ Կարծես դրամի արժևորումը միայն ՏՏ-ում է խնդիրներ ստեղծել։

Ներքին տնտեսության ամբողջ արտահանման հատվածը դրամի արժևորումից մեծ կորուստներ է կրում, կորցնում է մրցունակությունն ու արտաքին շուկաները, իսկ կառավարությունը միայն ՏՏ-ին է օժանդակել ու օժանդակում։

Տնտեսության արտադրական հատվածին, որը շատ ավելի կարևոր է, այս ընթացքում որևէ աջակցություն չի տրամադրվել, իսկ ՏՏ-ն արտոնյալ է։ Անցած տարվա վերջին 10 միլիարդ տվեցին, հիմա էլ մտադիր են եկամտային հարկը գրեթե զրոյացնել։ Էկոնոմիկայի նախարարությունն օրենքի նախագիծ է շրջանառել, որով առաջարկում է եկամտային հարկը դարձնել 5 տոկոս, եթե նախորդ տարվա ընթացքում 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը գոյացել է դրսից։

Տնտեսության ոչ մի այլ ոլորտում եկամտային հարկի այսպիսի արտոնություն չկա։ Նաև այլ հարկերի մասով, որը կիրառվում է ՏՏ-ի համար։

20 տոկոս միասնական եկամտային հարկը ՏՏ-ի համար առաջարկվում է դարձնել 5 տոկոս։ Այսինքն՝ 4 անգամ քիչ, քան մյուս բոլորն են վճարում։

Մեկ այլ աննախադեպ փոփոխություն են ուզում մտցնել արժութային կարգավորման օրենքում. վերադառնում ենք այնտեղ, որտեղից տարիներ առաջ հազիվ դուրս ենք եկել։

Վաղուց արդեն Հայաստանում արգելված է տարադրամով աշխատավարձերի վճարումը։ Նման վճարումները բացառապես պետք է կատարվեն դրամով։

Այնինչ՝ հիմա առաջարկում են ՏՏ-ին արտոնություն տալ և թույլատրել աշխատավարձերը վճարել տարադրամով։

Տարօրինակ տրամաբանություն. եթե արտոնում են վճարել տարադրամով, փոխարժեքի կամ դրամի արժևորման գործոնն արանքից դուրս է գալիս։

Նույնն է թե՝ ասես, որ դրամի արժեզրկման ժամանակ պետք է բարձրացնել ոլորտի եկամտային հարկը, որովհետև հոսքերը տարադրամով են։

Սրանում բացարձակ տրամաբանություն չկա։ Բայց էկոնոմիկայի նախարարությունը որոշել է ՏՏ-ին ոչնչից չզրկել և տալ բոլոր հնարավոր ու անհնարին արտոնությունները։

Դրամի արժևորման հետևանքով դժվարին ժամանակներ են ստեղծվել տնտեսության ամբողջ արտահանելի հատվածի համար։ Մյուսներն ինչ-որ կերպ փորձում են դիմանալ այս իրավիճակին, չնայած լուրջ կորուստներ են կրում, իսկ ՏՏ-ում, որտեղ անհամեմատ բարվոք պայմաններ են ստեղծված, հակված չեն դրան։ Չեն ուզում իրենց մի փոքր նեղություն տալ, ծախսերը կրճատել։ Առանց այն էլ այստեղ հայաստանյան չափանիշներով աստղաբաշխական աշխատավարձեր են վճարում։

Բոլորն էլ գիտեն, որ ՏՏ-ն մեր տնտեսության ամենաբարձր ֆինանսական ապահովվածությունն ապահովող ոլորտներից մեկն է։ Այստեղ մեծ գումարներ են շրջանառվում՝ աշխատավարձերի ու այլ ծախսերի տեսքով։

Միլիոնների աշխատավարձեր են վճարում, երբ բազմաթիվ այլ ոլորտներում աշխատավարձերը նույնիսկ 100 հազարը չեն անցնում։

Վերջին մեկ տարում միջին աշխատավարձը ոլորտում դրամով, այն էլ՝ տարադրամի նկատմամբ այդքան արժևորվելուց հետո, բարձրացել է 36 տոկոսով։

Մի կողմից՝ խոսում են դրամի արժեզրկման հետևանքով ֆինանսական կորուստների մասին, բայց մյուս կողմից՝ աշխատավարձի այսպիսի բարձրացում է տեղի ունենում։ Դժգոհում են, որ կորուստներ են կրում, իսկ իրենց չեն զրկում բարձր եկամուտներ ստանալու գայթակղությունից։

Եթե վերածենք տարադրամի, կստացվի, որ միջին աշխատավարձը ոլորտում հասնում է 2,8 հազար դոլարի։ Մեկ տարի առաջ գրեթե կեսն էր կամ մի փոքր ավելի։

Սա հայաստանյան չափանիշներով արդեն շատ բարձր աշխատավարձ է։ Ու չնայած դրան՝ առաջարկելով նվազեցնել ոլորտի եկամտային հարկը, էկոնոմիկայի նախարարությունը պետության հաշվին անուղղակիորեն ուզում է ֆինանսավորել ՏՏ-ում աշխատավարձերի բարձրացումը, այն էլ՝ արդեն գոյություն ունեցող բարձր աշխատավարձերի պայմաններում։

Այն դեպքում, երբ այստեղ միջին աշխատավարձը գրեթե 4 անգամ ավելի է Հայաստանի միջինից։

Կարծես միայն ՏՏ ոլորտի ընկերություններն են, որոնց ֆինանսական հոսքերն արտարժույթով են, և կորուստներ են առաջանում՝ դրամի արժևորման հետևանքով։ Այդպիսի ոլորտներ ու ընկերություններ շատ կան, բայց էկոնոմիկայի նախարարությունը կամ կառավարությունը նույնպիսի պատրաստակամություն չի ցուցաբերում նրանց աջակցելու հարցում։

ՏՏ-ն դարձել է մեր տնտեսության կույրաղիքը. բոլոր հնարավոր միջոցներով օժանդակություն ու արտոնություն է ստանում։ Նաև դա է նպաստել, որ այստեղ աստղաբաշխական աշխատավարձեր են վճարում, երբեմն՝ ընդհուպ 3-4 մլն դրամի չափով։

Միջին աշխատավարձը ոլորտում հասել է գրեթե 1,1 մլն դրամի։ Որևէ այլ ոլորտում այդպիսի բարձր աշխատավարձեր չկան։ Անգամ այդքանից հետո չեն ուզում իրենց միջոցների հաշվին փակել առաջացած ժամանակավոր դժվարությունները։ Իշխանությունն էլ ամեն անգամ ընդառաջում է ոլորտի ներկայացրած պահանջներին։

Առաջին անգամ չէ, որ կառավարությունն այսքան առատաձեռն է ՏՏ-ի նկատմամբ։ Պետության ու հարկատուների հաշվին ամեն ինչ անում են, որպեսզի այստեղ գործող ընկերություններն ու աշխատողներն իրենց լավ զգան, մյուսները, որ շատ ավելի վատ վիճակում են, կարևոր չեն։ ՏՏ-ի համար ստեղծել են ջերմոցային պայմաններ ու պետության հաշվին մի գլուխ արտոնություններ են շռայլում։

Թե ինչ կնստի հերթական նախաձեռնությունը բյուջեի վրա՝ ֆինանսական գնահատական էկոնոմիկայի նախարարությունը չի տվել։ Բայց կասկած չկա, որ դրա հետևանքով պետական բյուջեն միլիարդավոր դրամների կորուստներ կունենա։ Գումարներ, որոնք կարող էին ծառայել բազմաթիվ սոցիալական, նաև անվտանգային խնդիրների լուծմանը՝ ծառայելու են բարեկեցիկ ապրող մի քանի հազար մարդու բարեկեցության բարձրացմանը։

Հիշեցնենք՝ ՏՏ-ի կողմից վճարվող հարկերը հիմնականում եկամտային հարկի գծով են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ