11 06 2023

ՏՏ ոլորտին աջակցող հերթական նախագիծը՝ առանց տնտեսական հիմնավորման. Hetq.am

ՏՏ ոլորտին աջակցող հերթական նախագիծը՝ առանց տնտեսական հիմնավորման. Hetq.am

Hetq.am-ը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը դարձնել 5%։ Ներկայում Հայաստանում եկամտային հարկը 20% է։ ՏՏ շատ ընկերություններ օգտվում են 10% եկամտային հարկ վճարելու արտոնությունից։

Սակայն, Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ այս ոլորտն այնքան է տուժում արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորումից կամ այլ կերպ ասած՝ դոլարի փոխարժեքի անկումից, որ կրկին պետական աջակցության կարիք ունի։ ՏՏ ոլորտի շատ ընկերություններ եկամուտներ են ստանում արտասահմանից՝ ԱՄՆ դոլարով։

Այս մասին նախագիծը հանրային քննարկման է դրված e-draft.am համակարգում։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է 5% եկամտային հարկ սահմանել ՏՏ այն ընկերությունների համար, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից։

«2022 թվականի տարեսկզբից նկատվող և այժմ պահպանման միտում ունեցող արտարժույթների, հատկապես ԱՄՆ դոլարի արժեզրկումն ուղղակի բացասական ներգործություն ունի Հայաստանի այն տնտեսվարողների գործունեության վրա, որոնց ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում։ Ավելին, ԱՄՆ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը՝ խոչընդոտելով կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախարարությունն ակնկալում է, որ ՏՏ ոլորտին տրվող հերթական արտոնության արդյունքը կլինի նշված ոլորտի գործունեությունների զարգացման ընթացքի կայունությունը։

Այս արտոնությունից կարող են օգտվել ՏՏ հետևյալ ենթաոլորտները՝ «Համակարգչային ծրագրերի հրատարակություն», «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում», «Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ»։ 

Նախագիծ՝ առանց տնտեսական և ֆինանսական հիմնավորումների

Հրապարակված նախագծում չկա ոչ մի տնտեսական և ֆինանսական հիմնավորում այն մասին, որ ՏՏ ոլորտին հենց 5% եկամտային հարկը «կփրկի» կամ այդ ոլորտում կայունություն կհաստատի։ Փոխարենը, Էկոնոմիկայի նախարարության մասնագետները այլ երկրների օրինակներ են ներկայացրել, որտեղ ՏՏ ոլորտը արտոնյալ է՝ Պորտուգալիա, Կիպրոս, Բելառուս, Ղազախստան։

Էկոնոմիկայի նախարարությանն ուղարկված մեր գրավոր հարցմամբ խնդրել էինք ներկայացնել այս նախագծի հիմքում ընկած տնտեսական կամ ֆինանսական հաշվարկները։ Սակայն, ինչպես երևում է, նման հաշվարկներ չկան։

«Նշված արտոնության դրույքաչափը սահմանելիս հաշվի է առնվել ոլորտի ներկայացուցիչների ներկայացրած խնդիրները և միջազգային փորձը, մասնավորապես՝ համադրելի պետությունների օրինակները (օրինակ՝ Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն և այլն)»,- տնտեսական կամ ֆինանսական հաշվարկների մասին մեր հարցին այսպես են պատասխանել Էկոնոմիկայի նախարարությունից։

ՏՏ ոլորտին 5% եկամտային հարկի արտոնություն տալու համար հարկավոր կլինի փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», ինչպես նաև՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում» ավելացնել, որ ՏՏ այն կազմակերպությունների համար, որոնց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։ 

Բյուջեն կտուժի, բայց չգիտեն՝ որքան

Էկոնոմիկայի նախարարությանը հարցրել ենք, թե այս որոշման արդյունքում ՀՀ պետական բյուջեն որքա՞ն գումար կկորցնի։

Նախածի ընդունման արդյունքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների նվազեցում: Այս մասին նշված է նախագծում։ Միայն այս տողն է։ Այլ մանրամասներ նախարարությունը մեզ չի հայտնել։

Փոխարենը նախարարությունից նշել են, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր ոչ զգալի հարկային մուտքերի նվազումը արդարացվում է Հայաստան տեղափոխվելու հեռանկարով հետաքրքրվող բազմաթիվ ընկերությունների տեղափոխման որոշման կայացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, փորձի և գիտելիքների փոխանակմամբ, ինչպես նաև այս նախաձեռնությունը կնպաստի արդեն իսկ Հայաստան տեղափոխված բազմաթիվ ընկերությունների գործունեության շարունակականությանը՝ բարձրացնելով Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ