11 11 2023

«Տուզիկի պես մտել է ծակը» արտահայտության համար Պապիկյանը նեղացել ու չի ընդունում անհետ կորածների ծնողներին․ «Հրապարակ»

«Տուզիկի պես մտել է ծակը» արտահայտության համար Պապիկյանը նեղացել ու չի ընդունում անհետ կորածների ծնողներին․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.

 «44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ սեպտեմբերի սկզբին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրեն Պապիկյանը ծնողներին այլեւս չի ընդունում։ Երկու ամիս առաջ մի քանի օր տեւած նստացույցից հետո Պապիկյանը ծնողներին լսել եւ խոստացել էր՝ վերանայել ԴՆԹ-ների հարցը, արբանյակներով փորձել հասկանալ, թե պատերազմի ժամանակ որտեղ են եղել տղաները, պատրաստակամություն էր հայտնել հետագայում էլ հանդիպել ծնողների հետ։ Անհետ կորածի մայր Կարինե Մանավազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում ՝ հանդիպման խնդրանքով ամեն օր զանգում է ՊՆ, մի անհեթեթ պատճառաբանությամբ հրաժարվում է ընդունել ծնողներին։

«Պապիկյանի հետ հանդիպման օրը ՊՆ-ի պատասխանատու անձանցից մեկի հեռախոսահամարը տվեցին՝ հետագայում իրենց հետ կապվելու համար, սակայն այն չի պատասխանում։ Պապիկյանը մեզ խոստացել էր կրկին հանդիպել՝ խումբ-խումբ, որպեսզի միաժամանակ հարցեր չտայինք՝ ինքը  չխճճվեր։ Արդեն շուրջ 2 ամիս է անցել, նորից նույն պատմությունն է՝ մեզ չի ընդունում, իբր ժամանակ չունի, այստեղ չի»,-ասաց տիկին Կարինեն։

Անհետ կորածի մայրը ենթադրում է, որ Պապիկյանը շատ է «խոցվել» իրեն վիրավորելու, տեսախցիկների առաջ «շակալ», «տուզիկ» ասելու համար։

«Սեպտեմբերին, երբ մի քանի օր նստացույց արեցինք ՊՆ-ի դիմաց՝ Պապիկյանի հետ հանդիպելու պահանջով, տեսախցիկների առաջ ծնողները վրդովված, այդ թվում նաեւ ես, ասել ենք արտահայտություններ, որոնց պատճառով երեւի էլ չի ուզում մեզ տեսնել։ Անգամ այդ օրը մի քանի ծնողի, այդ թվում Արսենին, որ իրեն ասել էր՝ «տուզիկի պես գնացել մտել է ծակը», չընդունեց։ Ես էլ  Արսենի խոսքին ավելացրել էի՝ «տուզիկ չի, շակալ ա»։ Իրեն շակալ անվանելու համար, ինձ ասում է՝ տիկին, Դուք ինձ ճանաչում եք, որ վիրավորում եք։ Ասում եմ՝ շակալություն չի արդյոք՝ մեր տղերքի ճակատագրերը խեղած 2 դավաճան հրամանատարների` Արսեն Աբգարյանին եւ մյուսին պաշտոն է տվել, տարել՝ նստացրել է կողքը, շակալը էլ ո՞նց է լինում՝ պոզով-պոչո՞վ։ Կամ՝ շակալություն չի՞՝ պատերազմը նոր էր ավարտվել, թեւերը պարզել՝ հարսանիք էր անում»,-ասաց անհետ կորածի մայրը։

Տիկին Կարինեի որդին ծառայել է Էջմիածնի «քիմիկների զորամասում»։ 44-օրյա պատերազմի ժամանակ 62 պայմանագրայինների հետ հոկտեմբերի 21-ին Կովսական մեկնած զինվորների հետ անհետ կորել է նաեւ իր որդին։ Նախնական տվյալներով՝ 62 զինվորականներից միայն 22-ն են դուրս եկել շրջափակումից, 40-ի մի մասը սպանվել է, 23 հոգի մինչ օրս անհետ կորած է համարվում։

«Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Արդեն շուրջ 2 տարի ընթացող դատական պրոցեսի ընթացքում մեղադրալի կարգավիճակում գտնվող բարձրաստիճան զինվորականներից որեւէ մեկը չի կալանավորվել, ոչ էլ արդարացվել է։ Դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

3 տարի իշխանությունների կողմից անպատասխան են մնում անհետ կորածների ծնողների հարցերը, թե որտե՞ղ են իրենց որդիները, ինչու՞ պետությունը ջանք չի գործադրում նրանց հայտնաբերելու եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը, որ վերընտրվելուց առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե «Բաքվում պահվող գերիները մի քանի ամիս էլ կսպասեն» այլեւս չի ցանկանում ծնողների հետ հանդիպել։ 

Կարինե Մանավազյանն ասում է՝ կանգ չեն առել, ծնողները շարունակում են փնտրել տղերքին։
Օրեր առաջ գրել էինք, որ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ սեպտեմբերի սկզբին ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրեն Պապիկյանն անմիջապես աշխատանքից ազատել է վարչական համալիրի պահպանության ապահովման բաժնի պետ, գնդապետ Արման Մկրտչյանին եւ աշխատանքի ընդունել իր համակուրսեցուն՝ մայոր Լեւոն Անդրեասյանին։ 

Պապիկյանի նյարդերը տեղի են տվել այն բանից հետո, երբ գնդապետ Մկրտչյանը, այսպես ասած, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել ՊՆ-ի դիմաց շուրջ 3 օր նստացույց անող անհետ կորածների ծնողների նկատմամբ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, որը միջադեպի օրը ՊՆ-ում է եղել, վստահեցնում էր՝ Պապիկյանը Մկրտչյանին հեռացրել է աշխատանքից իրեն եւ մեկ այլ ծնողի ներս թողնելու համար։

«Պապիկյանը միջադեպի օրը տեղում ազատեց Մկրտչյանին աշխատանքից։ Երբ արդեն իր մոտ էինք, չէինք ցանկանում սկսել ժողովը, պահանջում էինք նաեւ Մկրտչյանի ներկայությունը, սակայն Պապիկյանը հայտարարեց, որ արդեն ազատել է գործից։ Մենք 3 օր շարունակ նստացույց ենք արել, որ Պապիկյանը մեզ ընդունի։ Մենք նրան ասել ենք, որ Մկրտչյանը շատ լավ մարդ է, բայց, փաստորեն, ապարդյուն»,- նշել էր անհետ կորածի մայրը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ