26 10 2023

Մի քանի օր տարբերությամբ 2 մեքենա է գնել․ 3 անշարժ գույք է նվիրատվություն ստացել․ «Ժողովուրդ»

Մի քանի օր տարբերությամբ 2 մեքենա է գնել․ 3 անշարժ գույք է նվիրատվություն ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը, ինչպես արդեն գրել էինք, հավակնում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնին։

Ուսումնասիրելով նրա հայտարարագիրը՝ ուշագրավ տեղեկություններ ենք նկատում։ Այսպիսով, Նուարդ Վարդանյանը Երեւանի քաղաքապետարանից ստանում է 65 հազար դրամ գումար՝ որպես աշխատանքի վարձատրություն, սակայն նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։

Ականջ ծամելու պատրաստակամությամբ հայտնի ավագանու ներկայացուցիչը հայտարարագրել է կրիպտոարժույթ, սակայն հստակ չափը չի մատնանշել, միայն հայտնի է, որ 65000 դրամ համայնքային բյուջեից վճարվող ավագանու անդամը տարեվերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 1 մլն դրամ։

2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական արենա եկած Նուարդ Վարդանյանը 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ 2 մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության, Ford մակնիշի։

2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն եւ 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշենք նաեւ, որ 3 անշարժ գույքն էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։

Թերեւս դժվար չէ ենթադրել, թե ովքեր կարող էին Երեւանի ավագանու քաղշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանին նորակառույց շենքերում բնակարաններ տալ: Ինչո՞ւ ենք այսպես կարծում. քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է շարքային երեւանցին, ստանալով ամսական 65 հազար ՀՀ դրամ վարձատրություն, մի քանի օրում 2 ավտոմեքենա գնել եւ 3 անշարժ գույք նվեր ստանալ:

Հավելենք նաեւ, որ Նուարդ Վարդանյանը 2018 թվականից մինչեւ 2021 թվականը որեւէ հայտարարագիր չի ներկայացրել, որը թույլ կտար տեսնել, թե ինչ ունեցվածք ուներ Վարդանյանը ավագանու անդամ դառնալու պահին։ Երեւում է, սակայն, թե ինչեր է ձեռք բերել ավագանու անդամի կարգավիճակում:
Հաջորդիվ կհրապարակենք, թե ինչ մեխանիզմով է Նուարդ Վարդանյանը նպաստել տարբեր շինթույլտվությունների հաստատմանը:

Հին ու մոռացված բարքերն առավել լկտի դրսեւորումներ են ունենում հեղափոխական մեր օրերում: Հիշեցնենք, որ Նուարդ Վարդանյանը ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է, ՀՀ նախկին պետնախարար վաղամեռիկ Ժոկոյի՝ Գեւորգ Վարդանյանի դուստրը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ