«Փաստ» օրաթերթը գրում է. Երկու գործընթաց է զուգահեռվում։ Մի կողմից՝ Ադրբեջանը խոսում է բանակցությունների, հաշտության պայմանագրի կնքման մասին, սակայն մյուս կողմից էլ՝ անընդհատ խախտում է հրադադարն ու սեղմում Արցախի շուրջ շրջափակման օղակը։ Տեսանելի է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու իր ագրեսիվ նկրտումներից, բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ է Բաքվին անհրաժեշտ հաշտության պայմանագրի կնքումը։ Իրականում Բաքվին ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ հայկական կողմին պարտադրված մի կապիտուլ յացիոն փաստաթուղթ, որով Հայաստանը վերջնականապես կհրաժարվի Արցախի թեմայից՝ այն համարելով Ադրբեջանի ներքին հարց, ու Բաքուն էթնիկ զտում իրականացնելու հնարավորություն կստանա։ Բայց ուշագրավ է, որ մինչ ՀՀ իշխանությունները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քկմ տարածքի շրջանակներում (ներառյալ Արցախի Հանրապետությունը), Ադրբեջանը երբեք չի հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող 29,8 հազար քկմ տարածքի շրջանակներում։
Ադրբեջանական կողմին անհրաժեշտ է, որ կնքվելիք պայմանագիրը տարընթերցման առիթներ տա։ Եթե այնպիսի բովանդակությամբ պայմանագիր կնքվի, որտեղ կոնկրետ ֆիքսված չէ ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանները, ապա սա հնարավորություն է տալու Ադրբեջանին նոր ագրեսիա ձեռնարկել ՀՀ-ի նկատմամբ։ Իսկ հետո էլ կարող է խոսք լինել արդեն նոր փաստաթղթի մասին։ Բացի այդ, արդեն տևական ժամանակ է, ինչ Բաքվից խոսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Ու եթե սրա մասին որևէ դրույթ ամրագրվի պայմանագրում, ապա այն պայմաններ կստեղծի ադրբեջանական հավակնությունների լեգիտիմացման համար։ Ի սկզբանե պարզ է, որ Ադրբեջանը խաղաղության նպատակ չունի, իսկ խաղաղություն ասվածը Ադրբեջանը տեսնում է հայկական պետականության վերացման կոնտեքստում։ Այսինքն՝ վերջնական խաղաղությունը Ադրբեջանի համար նշանակում է Հայաստանի ոչնչացում։
Ժամանակին Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի նախագահի մոտ ևս ինքը տեսնում է խաղաղության հասնելու ձգտում, իսկ հիմա նոր է հասկացել, որ այս վիճակում Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ ագրեսիան։ Եվ կառավարության նիստի ընթացքում նա նկատում է, թե Բաքուն ուզում է սահմանը վիճարկող տեղ թողնող դրույթներով պայմանագիր ստորագրել, ապա տարածքային պահանջներ առաջադրել։ Լո՞ւրջ. ու ո՞նց հանկարծ հասկացավ: Իսկ շատերն այդ մասին վաղուց էին բարձրաձայնում, այսինքն՝ բոլոր նրանք, որոնք գոնե «քթածակ» ունեն, առավել ևս ծանոթ են պատմությանն ու Ադրբեջանի հանցագործ, ահաբեկչական էությանը: Բնականաբար, ադրբեջանական այս գործելակերպը խրախուսվում է Թուրքիայի կողմից։ Բայց եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ նոր ագրեսիայի, ապա հարցն այն է, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն գործում այս իրողությանը համապատասխան։
Թվում է, թե երկու տարվա ընթացքում ամեն ինչ պետք է արվեր Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Բայց, մեծ հաշվով, տեղի է ունենում հակառակը։ Չկրկնենք օրինակները, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, այդ թվում՝ նշանակումները, դրան են տարել: Թերևս այս հանգամանքով են պայմանավորված այն մեկնաբանությունները, թե իշխանությունները, ավելի թուլացնելով հայկական բանակն ու պաշտպանունակությունը, կոնկրետ ադրբեջանական հրահանգներն են կատարում՝ ակնկալելով չգրգռել հակառակորդին ու ցույց տալ, թե խաղաղության դարաշրջանի բացումը հնարավոր է։
Իրականում, եթե հայկական պետականությունը պահպանելու մտադրություն կա, ապա այլ տարբերակ չկա, քան պայքարն է, քանի որ առկա իրավիճակում խաղաղությունն ուղղակի իլ յուզիա է, խաղաղությունը պետք է նվաճել, այլ ոչ թե մուրալ ու չստանալ։ Այսքանը հասկանալու դեպքում նախ Փաշինյանը պետք է հեռանար՝ մանավանդ որ հակառակորդը յուրաքանչյուր առիթ օգտագործում է անձամբ իրեն ու մեր երկրին միջազգայնորեն ստորացնելու համար։ Նա լավագույն կերպով համակերպվում է հակառակորդի ստեղծած միջավայրին, այլ ոչ թե փորձում է սեփական օրակարգն առաջ տանել։ Եթե պատերազմից առաջ Բաքուն հրաժարվում էր որևէ զիջում անել հայկական կողմին, ապա հիմա ինչո՞ւ պետք է անի, երբ իր դիրքերն ավելի ուժեղ են։ Ադրբեջանը չի կանգնելու։ Միակ ելքը Ադրբեջանին կանգնեցնելն է, որը կարող է լինել կա՛մ դիվանագիտական ճանապարհով, կա՛մ ռազմական։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը