«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի կողմից երեկ ներկայացված ազատման դիմումը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ ԲԴԽ-ն քաղաքացիական եւ սնանկության դատարանի 4 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ է հարուցել, ու, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, լավ օրեր չեն սպասվում այն դատավորներին, որոնց մասով էլ հարուցվել են կարգապահական վարույթները։
Այդ դատավորներից մեկը Սամվել Թադեւոսյանն է, որի մասով հարուցվել է կարգապահական վարույթ, ու, ըստ էության, նա չսպասեց ԲԴԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին եւ հետագա քննության որոշմանը ու մեկ քայլ առաջ անելով՝ լքեց դատական համակարգը։ Նշենք, որ Թադեւոսյանի հրաժարականի մասին հայտնեց Դատական դեպարտամենտը՝ հայտնելով, որ հրաժարականի դիմումը օրենքով սահմանված կարգով քննարկվել է Խորհրդի կողմից, եւ համապատասխան որոշմամբ դատավոր Ս. Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած:
Իսկ ովքե՞ր են այն դատավորները, որոնց մասով եւս ԲԴԽ-ն հարուցել է կարգապահական վարույթներ, ու հունիսի 19-ին այդ առիթով առաջին նիստն է: Սամվել Թադեւոսյանից բացի, թիրախում քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանն է, իսկ մյուս երկու դատավորները Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանն ու Արտակ Բարսեղյանն են:
Հիշեցնենք՝ Եվրոպական դատավորների միությունը օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում անկախ դատական համակարգի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը