15 06 2023

Իսկ Սոթքի՞, Տեղի՞, Երասխի հետ կապվա՞ծ էլ որևէ լիազորություն կամ հանձնառություն չունեն․ «Փաստ»

Իսկ Սոթքի՞, Տեղի՞, Երասխի հետ կապվա՞ծ էլ որևէ լիազորություն կամ հանձնառություն չունեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախօրեին հայտարարել է, թե Լաչինի միջանցքի հետ կապված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրավասություններ ու լիազորություններ չունեն: Ենթադրենք... Բայց շատ հետաքրքիր է, իսկ Սոթքի՞, Տեղի՞, Երասխի հետ կապվա՞ծ էլ որևէ լիազորություն կամ հանձնառություն չունեն: Թե՞ այստեղ էլ պարզապես հետաքրքրություն չունեն: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Սա, իհարկե, առաջին դրվագը չէ ու, ցավոք, վերջինը չի լինելու: Ու այս խորապատկերում աչք են ծակում ինչ-որ «խաղաղության» մասին դատարկ ու բացարձակապես որևէ իրական հիմք չունեցող խոսակցությունները, պայմանագրային նախապատրաստությունները, հայտարարություններն առ այն, թե՝ «կոմունիկացիաները կբացվեն»: Ու գիտեք, Նիկոլ Փաշինյանից բացի, կան այլ անձինք, որ բացարձակապես հալած յուղի տեղ են ընդունում այդ ամենը: Բայց ի՞նչ «կոմունիկացիաների բացման» մասին կարող է խոսք լինել, եթե դու դա փորձում ես պայմանավորվել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ չունենալով որևէ երաշխիք: Ի դեպ, խոսում էին նաև այն մասին, որ ադրբեջանական փոխադրումները Հայաստանի տարածքով անցնելու ընթացքին հետևելու է ռուսական կողմը:

Այսինքն, Ռուսաստանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն են հսկելու այդ ընթացքը: Բայց ոչ ոք ոչինչ չի խոսում, թե, օրինակ՝ ո՞վ է հսկելու Հայաստանի քաղաքացիների կամ հայկական բեռների ընթացքը, ո՞վ է ապահովելու նրանց անվտանգությունը, եթե անցնեն ադրբեջանական վերահսկողության ենթակա տարածքներով և երկաթգծերով կամ ճանապարհներով: Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանցիները առաջին իսկ հնարավորության դեպքում իրենց տարածքում հայտնված հայերին առնվազն վնասելու են, եթե ավելին չասենք, բեռները փչացնելու են, մթերքը թունավորելու են: Ի՞նչ «կոմունիկացիաների բացման» մասին է խոսքը, եթե թշնամին բացահայտ ցույց է տալիս, որ իր առանցքային նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, բոլոր հնարավոր եղանակներով Հայաստանին վնաս պատճառելը:

Առհասարակ, մարդ ի՞նչ աստիճանի պետք է խելքը հացի հետ կերածի վիճակում լինի, որ լրջորեն հավատա, թե ադրբեջանական թուրքերը այս իրավիճակում հնարավորություն են տալու, որ Հայաստանը տնտեսապես շնչի, ինչ-որ բեռներ ուղարկի և ստանա: Ադրբեջանը հենց Հայաստանը խեղդամահ անելու հնարավորություն տեսնի, հետևողականորեն իրագործելու է այն: Ու իրագործում է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են Հայաստանում իշխանության ղեկին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ