«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նա պարբերաբար խոստումներ էր տալիս, թե վերացնելու է համակարգային կոռուպցիան և կառավարումն ավելի արդյունավետ է դարձնելու։ Իսկ շատ դեպքերում կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ռիսկերը կանխելու անվան տակ իշխանությունները փորձում էին արդարացնել իրենց անգործությունը։ Օրինակ՝ արդեն տարիներ շարունակ կապիտալ ծախսերը թերակատարվում են այն պարագայում, երբ կարող էին հավել յալ տնտեսական արդյունք ստեղծել ու նպաստել տնտեսական աճի արագացմանը։ Ավանդաբար իշխանությունները ծախսերի թերակատարումը պայմանավորում են նրանով, որ իրենք փորձում են գնումների համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել և կանխել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
Նույնիսկ մեկ տարին ահռելի ժամանակահատված է կապիտալ ծախսերի անխոչընդոտ իրականացման հարցը վերջնականապես լուծելու համար, բայց արդեն հինգ տարի է՝ մի կողմից՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվում են, իսկ մյուս կողմից էլ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացված չեն։ Նույնիսկ ընդհակառակը: Պատահական չէ, որ լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվում գնումների համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին, որի մասին են վկայում մրցակցության բացակայությունն ու մեկ անձից գնումները։ Ու հատկապես լուրջ խնդիր է այն, որ գնումներն իրականացվում են իշխանության հետ փոխկապակցված անձանցից։ Միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ մեկ անձից գնումներն աճել են շուրջ 10 մլրդ-ով ՝ 123,7 մլրդ-ից դառնալով 133,2 մլրդ։ 2023 թվականի առաջին երեք ամիսներին մրցակցության բացակայությամբ պայմանավորված՝ իրականացվել է մեկ անձից ընթացակարգով 119,1 մլրդ-ի գնում, որն ընդհանուրի 71,4 տոկոսն է։
Միաժամանակ, 2023 թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23,5 %-ով կամ 130,1 մլրդ դրամով։ Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13,4 և 69,2 %-ով։ Ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը, որպես դրա կարևոր արժանիք, առանձնացնում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը։ Մեծ հաշվով, անհասկանալի է, թե ինչ խորքային գործոններով է պայմանավորված ծախսերի թերակատարումը, քանի որ, ըստ տրամաբանության, կառավարությունը գոնե պետք է շահագրգռված լիներ դրանց իրականացմամբ՝ արդյունքներ ցույց տալու համար։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ իշխանությունները ընդունակ չեն նախատեսված կապիտալ ծախսերն իրականացնել ըստ պալանավորված պլանի, կա՛մ էլ ուղղակի չեն ցանկանում։
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ, ինչպես նկատում է «Լույս» հիմնադրամը, կապիտալ ծախսերի ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ ՊՆ-ի իրավասության տակ գտնվող ծրագրերի կատարողականի ծախսերը 12,8 %-ով պակաս են նախորդ տարվա ցուցանիշից այն պարագայում, երբ իշխանական թիմի ներկայացուցիչներն ու հատկապես Փաշինյանը մեծ ոգևորությամբ հպարտանում էին, թե ՊՆ-ին հատկացվելիք միջոցները շեշտակի աճել են։ Փաստացի ստացվում է, որ հանրային ընկալումների վրա ազդելու ու ընդամենը փիառի նպատակով ՊՆ-ին գումար են տրամադրում, որն այդպես էլ չի ծախսվում։
Ու այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, և բանակն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի։ Բայց եթե ՊՆ-ին հատկացված գումարները չեն ծախսվում, ապա դա ազդում է նաև բանակում ծառայության որակի ու գրավչության վրա։Փաստացի իշխանությունները շահագրգռած չեն, որ հանրության համար զինվորական ծառայությունը գրավիչ դառնա։ Միգուցե այս քայլերը պայմանավորված են նաև իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությամբ ու «խաղաղության օրակարգով», երբ նրանք ամեն ինչ անում են, որ հանկարծ չզայրացնեն թշնամուն, դրա համար էլ բանակի վիճակը չի բարելավվում, գնված զենքերը տեղ չեն հասնում, բարոյահոգեբանական մթնոլորտը շարունակում է մնալ պարտվողական։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը