«Փաստ» օրաթերթը գրում է․ Դեռևս 15-րդ դարից միջազգային քրեական դատարան ստեղծելու փորձեր են եղել՝ հաշվի առնելով միջազգային հանցագործությունների կանխարգելման անհրաժեշտությունը, սակայն մինչև 20-րդ դարը այդպես էլ դրա համար նախատեսված առանձին կառույց չի կազմավորվել։ 1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալը և Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ միջազգային հանցագործությունների հետ կապված գործերի քննության համար հարկավոր է ստեղծել առանձին ու մշտական դատարան։
Եվ արդեն 1998 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնֆերանս հրավիրեց՝ միջազգային քրեական դատարան ստեղծելու նպատակով կոնվենցիայի ընդունման համար։ Նույն թվականի հուլիսի 17-ին քվեարկության միջոցով ընդունվեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը կամ Հռոմի ստատուտը, որը 60 պետության կողմից վավերացվելուց հետո ուժի մեջ մտավ։ Միջազգային քրեական դատարանը, որը պաշտոնապես իր աշխատանքը սկսեց 2002 թվականի հուլիսի 1-ից, իրավասություն ունի իրականացնել ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։
Կան բազմաթիվ երկրներ, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, սակայն մինչ այժմ չեն վավերացրել, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Միայն 123 պետություն է վավերացրել այն։ Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռևս 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն այդպես էլ չի վավերացրել։ 2020 թվականից սկսած Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով պայմանավորված՝ Հայաստանը որոշել է սկսել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Եվ ահա, ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24ին որոշում կայացրեց, համաձայն որի, Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Մնում է միայն, որ փաստաթուղթը վավերացվի Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ մտնի։ Մասնագետների կարծիքով, Միջազգային քրեական դատարանին անդամակցելը Հայաստանին հնարավորություն կտա պատասխանատվության կանչել Ադրբեջանին՝ այդ երկրի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների համար։ Սակայն թե ինչքանով իրագործելի կարող են լինել Միջազգային քրեական դատարանի որոշումները, դժվար է ասել։ Ադրբեջանն անգամ չի իրագործում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ այն դեպքում, երբ այս դատարանի որոշումները միջազգային իրավունքի համաձայն պարտադիր են կատարման համար։ Մյուս կողմից էլ՝ զարմանալի չէ, որ Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացից խանդավառված են հատկապես արևմտյան դրամաշնորհներով սնվողները։
Սակայն նրանք առավելապես ոգևորված են ոչ թե նրանով, որ Ադրբեջանի դեմ քրեական հետապնդումներ կարող են սկսվել, այլ... ուշադրություն, նրանով, որ ստատուտի վավերացումից հետո Հայաստան կատարելիք հնարավոր այցի դեպքում կարող է ձերբակալվել ՌԴ նախագահ Պուտինը։ Խնդիրն այն է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը ուկրաինացի երեխաների տեղափոխման գործով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Բայց Ռուսաստանից այս որոշմանն արձագանքում են, թե իրենք չեն անդամակցում դատարանին, հետևաբար չեն ընդունում նաև նրա իրավասությունը։ Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզ յան հայտարարեց, թե ՌԴ-ն Միջազգային քրեական դատարանի ցանկացած փաստաթուղթ անօրինական և անվավեր է համարում։ Նրա խոսքով, այս դատարանը գնում է ինքնալուծարման:
Ու այս համատեքստում Հայաստանում քննարկվում է այն հարցը, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում ինչպիսին պետք է լինի հայկական կողմի արձագանքը Պուտինի ձերբակալման մասին որոշմանը։ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը նույնիսկ հայտարարեց, որ այդ հարցը քննարկելու են հայ գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ միջազգային իրավական ինստիտուտները ժամանակի հետ դեգրադացել են, կիրառում են երկակի ստանդարտներ, կորցրել են իրենց հեղինակությունն ու իրավիճակին արձագանքում են ոչ համարժեք ու հատվածական։
Ավելին, չկան որոշումների իրագործման կոնկրետ մեխանիզմներ։ Փոխարենը կան օրինակներ, երբ նրանց կայացրած որոշումները մնում են թղթի վրա: Դրանից օգտվում են ահաբեկչական երկրներն ու նրանց հանցագործ ղեկավարները, օրինակ՝ Ադրբեջանն ու Ալիևը, որոնք օգտվում են այսպիսի իրավիճակից, ու նրանց մի հանցագործությանը անմիջապես հետևում է մյուսը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը