23 03 2023

Արցախում Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի․ «Ժողովուրդ»

Արցախում Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այսօր Արցախի խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ, օրինակ, նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին: Սա, ընդգծենք, չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրելու է ժողովուրդը: Արցախի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին:

Այսպիսով, Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, քվեարկություն, սակայն, այսօր չի լինի: Քննարկման ժամանակ պատգամավորները իրենց առաջարկները կներկայացնեն՝ նախագծի հետ կապված, որից հետո այն կգնա Գերագույն դատարան: Դատարանը 10-օրից մինչեւ 6-ամսյա ժամկետում իր եզրակացությունը կներկայացնի՝ նախագծի հետ կապված, որից հետո նորից այն կվերադառնա խորհրդարան եւ արդեն քվեարկության կդրվի: Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ