17 03 2023

Մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից․ «Ժողովուրդ»

Մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սեւ շուկան: Ավելին՝ մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. մարտի 6-ին տեղեկութուն հրապարակվեց այն մասին, որ սկսվել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային տոմսերի առցանց վաճառքը:

Ընդ որում՝ տոմսերը ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս: ՀՖՖ-ից նաեւ հայտնել էին, որ տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ, սակայն արդեն մարտի 13-ին հայտնի դարձավ, որ բոլոր տոմսերը սպառվել են, եւ մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառք չի լինի:

Եվ, ահա, այս հանգամանքն առաջացրել է երկրպագուների զայրույթը, դարձել տոմսերի սեւ շուկայում ընթացող վաճառքի զարգացման հիմք: Օրինակ՝ արեւելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը, 3-5 հազար դրամի փոխարեն, ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային եւ հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը, 2 հազար դրամի փոխարեն, 20 հազար դրամ է, արեւմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի՝ 10 հազար դրամի փոխարեն: Ավելին՝ մոտավոր 15 հազար հանդիսական տեղավորող մարզդաշատի համար, պարզվում է, ոչ բոլոր տոմսերն են հանվել վաճառքի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվել մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական եւ վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այսինքն՝ մի կողմից՝ ոչ բոլորն են կարողացել տոմս գնել, մյուս կողմից էլ՝ ՀՖՖ-ն չի կարողանում վերահսկել սեւ շուկան, եւ վերավաճառողներն անարգել հարստանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ