Միջազգային բոլոր կառույցներն արդեն տեղյակ են, թե ինչ է կատարվում Արցախում, բողոքի ցույցերի, ելույթների, նամակների միջոցով չկա Հայաստանում գործող մի կառույց, որը տեղյակ չէ Լաչինի միջանցքի թեմայից։ Նպատակն այն էր, որ նրանք և նրանց երկրները ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա․ ի՞նչ են անում նրանք՝ հորդորում են, մտահոգվում են։ 3 օր շարունակ ՄԱԿ-ի դիմաց ակցիաներ են, ՄԱԿ-ի արձագանքը ո՞րն է՝ գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը։ Անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում՝ բոլոր կողմերին․ ի՞նչ լարվածության աղբյուրներ․ կա Ադրբեջան, որը մարդկանց է ուղարկել, որ գան այդ ճանապարհը փակ պահեն, դա փակել են, մի հատ էլ լարվածությունը ստեղծում են էլի իրենք, սադրում են խաղաղապահներին․ ուրիշ կողմերից ստեղծվող լարվածություն չկա։ Ինչևէ։ Հիմա ակյունաքարայինի մասին խոսենք․ Ամբողջ աշխարհի համար, ԵԱՀԿ-ի համար, ԵՄ-ի համար, Ամերիկայի համար, ՄԱԿ-ի համար, Ռուսաստանի համար, կարծում եմ տարօրինակ է, թե ինչու Հայաստանի ու Արցախի քաղաքացիները պահանջներ չեն ներկայացնում հենց Հայաստանի իշխանությանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողն է և պատասխանատվություն կրողն է։ Չէ՞ որ Ադրբեջանը խախտել է հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Միջազգային հանրությունը տեսնում է, որ արցախցիները քնում են դրսում, Նիկոլ Փաշինյանը խնդրին անդրադառնալու փոխարեն կառավարության նիստում լոլո է կարդում, թե որ մանկապարտեզի տանիքն են նորոգել, որտեղ են հանրային զուգարանում ունիտազ դրել, իսկ իրիկունը շքեղ տանը, լավ զարդարանքների պայմաններում, մոմերը վառում է կառավարական ընտանիքը ու նայում է Ֆրանսիա Մարոկկո ֆուտբոլային խաղը։ Արցախի արտգործնախարարի պաշտոնակատարին լրագրողները հարցնում են՝ Հայաստանի ղեկավարության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի արած քայլերը բավարա՞ր են․ լրագրողն ակնարկում է, որ ոչինչ չենք տեսնում, կարող է դուք մի ավել բան գիտեք, եթե ոչ՝ նրանց ասելիք չունե՞ք․ ստեղ կատարվում է ամենատարօրինակը, որը կարող էր լինել․ Արցախի արտգործնախարարի պաշտոն զբաղեցնող պաշտոնյան ընկնում է պեչենու բաղերը, բառի բուն իմաստով՝ եսիմինչ է պատասխանում։ Պատկերացնու՞մ եք, էսքանից հետո դեռ բերանները ջուր առած են, վախենում են Նիկոլին թթու խոսք ասեն։ Ես հասկանում եմ, որ վախենում են, որ սա էլ էս կողմից կսկսի ադրբեջանցուց բեթար բաներ անել, հասկանում եմ, որ ամեն ինչ սպասելի է իրենից։ Բայց, չէ՞ որ էդ վախի պատճառով է, նաև, որ այսօր այս վիճակին ենք հասել։ Չէ՞, որ երբ ստեղ Արցախ Արցախ գոռալու համար, ցուցարարներին ոստիկանությունը ծեծում էր, տանում էր բաժին, սադրում ու կալանք էր տալիս, Արցախի պետնախարարը ու արտգործնախարարը իրենց համար հանգիստ նստած ֆեյսբուքով հետևում էին, թե ոնց են ստեղ ծեծում ու երևի վստահ էին, որ դե Արայիկը մի բան կանի կամ Նիկոլը մի բան կանի։ Անցել է ընդամենը 6 ամիս, ամեն բան շատ ավելի վատ է, եկել են ՄԱԿ-ի դիմաց ասում են եկեք միասնական լինենք։ Շատ լավ ա, բայց էսքանից հետո, հասցեական բան սկի չեք ասում, ասում եք միասնական լինենք․ բայց ի՞նչ անենք։ Միասնական հանձնե՞նք Արցախը, թե՞ գնանք Նիկոլենց տուն կամինը վառենք, ու միասնական ֆուտբոլ նայենք։ Չնայած, իրենք ձեզ չեն էլ հրավիրում, գիտեն որ էդտեղ նստած եք, ու կամինը վառում են, ֆուտբոլ նայում, դարչին-մեխակով չայ խմելով, եկել կանգնել՝ լրագրողներին եք մեղադրում, կենացներ ասում։
Արցախի համար միշտ եղել է ավելի լավ, երբ Արցախի իշխանությունները Հայաստանի իշխանություններին հլու հնազանդ չեն եղել, կարևոր հարցերում հակադրվել են, իրենց կարծիքն ասել, 25 տարի խաղաղ ապրել։ Որ պահից Արցախի իշխանությունը հնազանդվեց, ասաց՝ ինչ ասի Նիկոլը համաձայն ենք, ունեցանք պատերազմ ու շարունակվող կորուստներ։ Ու այդքանից հետո՞ էլ եք հնազանդ սպասում, թե ինչ կանի։ Հարցնում ես Արցախի արտգործնախարարին ինչ է արել ՀՀ իշխանությունը, ասում է՝ զորակցություն է հայտնել։ Այ քեզ բան։ Օրերով դուրսն եք քնել, որևէ պաշտոնյա եկե՞լ ասել է Արտակ Բեգլարյան ջան առ էս տաք չայը խմի։ Արարատ Միրզոյանը եկե՞լ ասել է եկեք միասին մի հատ գոնե ասուլիս տանք, ձեռքիցդ բռներ տաներ նույն ՄԱԿ, էնտեղից ասեիք, խոսեիք, մի հատ սաղ աշխարհին ցույց տայիք, որ միասնական ենք։ Ձեր աչքի առաջ ասում են եկեք չխոսենք Արցախի ինքնորոշումից, դուք ասում եք միասնական լինենք։ Ու հիմա երբ Չինաստանի դեսպանատան դիմաց ցույց եք անում, չեն ասո՞ւմ ժողովուրդ ձեր ԱԺ-ն, ԱԳ նախարարը, վարչապետը ու՞ր են, դուք եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք։ Գնացեք դրանց կաբինետներով, թափ տվեք, երեսներին ասեք, դուրս ելեք ասուլիս տվեք, խոսեք, ոչ թե լրագրողների վրա մուննաթ եկեք, թե իրենք չեն տիրապետում։
Դրա փոխարեն, ընկած բացահայտումներ են անում՝ սահման փակողը բնապահպան չեն, հատուկջոկատային են և այլն․ այ ընկերներ, էդ բացահայտումները հենց նույն լրագրողները դրանց հայտնվելուց րոպեներ հետո արդեն արել էին, կամ ի՞նչ կապ ունի ովքեր են, ակնհայտ է, որ նրանք գործում են իրենց իշխանության հրահանգով․ մեր կառավարությունը արձագանքելու փոխարեն կառավարության նիստում մի ժամ ցուցակով կարդում է, թե որ փողոցի մայթն են վերանորոգել։ Թուրքիայի արտգործնախարարն ասում է՝ մենք աջակցում ենք միջանցքը փակելուն, թող Հայաստանը արագ ստորագրի Ադրբեջանի տված թղթերը։ Սա Թուրքիան է ասում, բայց ուղիղ մեկ ամիս առաջ Նիկոլը հարցազրույց էր տալիս ու ասում, թե Էրդողանից դրական տպավորություններ է ստացել։ Մի քանի օր առաջ էլ ասում էր, թե չի վիրավորվում, տո լի հպարտանում է, երբ իրեն ասում են թուրք։ Մի՞թե դժվար է հասկանալը, որ այս իշխանությունը Արցախից հրաժարվել է, նա բանակցում է փաստաթուղթ, որտեղ Արցախն Ադրբեջան է։ Դրա համար եմ զարմանում՝ ու՞մ եք միասնության կոչ անում, Հայաստանի ժողովրդի՞ն եք միասնության կոչ անում․ հավատացեք, որ ժամանակ դուք ազնիվ կլինեք ձեր ասած ու արածների մեջ, ավել կոչ անելու կարիք չի լինի, ստեղի ընդդիմությա՞նը, նրանք ձեզանից շուտ էին միասնական Արցախի խնդիրների շուրջ։ Իշխանությա՞նը․ հատկապես որ թեմայով եք կոչ անում միասնության, Արցախը հանձնելո՞ւ։
Իսկ քանի այդ ազնվությունը չկա, երկրում բոլորը անտարբեր են, արցախցին անտարբեր է, Հայաստանցին անտարբեր է, իշխանությունը անտարբեր է, քանի որ, ուղակի անտարբեր է, նրանց դա չի հետաքրքրում։ Երևանում էս օրերին տասնյակ ակցիաներ եղան՝ ընդդիմություն, երիտասարդներ, ուսանողներ, Արցախցիներ, իրավապաշտպաններ և այլն։ Թեման ներքաղաքական չէր, թեման Արցախի շրջափակված վիճակն էր, ցեղասպանության վտանգն էր ու դրա կանխումը։ Կապ չունի ով էր կազմակերպել, թեման մեր հայրենակիցների համար մահացու վտանգն է։ Բոլոր ակցիաները միասին վերցրած՝ 1000 հոգի մարդ էր մասնակցում։ Նիկոլենց հաջողվել է 4 տարում ժողովրդին դարձնել ոչ մեկին չհավատացող մասսա, ընդ որում ոչ միայն Հայաստանում, հայ ժողովրդին ընդհանրապես։ Անգամ միջազգային կառույցներին։ Առաջ ինչ լինում էր արձագանքում էին, հիմա իրենք էլ թքած ունեն։
Ակցիայի մասնակիցներն ասում են Ադրբեջանը ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, բայց հարց ես տալիս, ասում են մի քաղաքականացրեք․ այ սիրելիներ, սա ուղնուծուծով քաղաքական խնդիր է ու քաղաքականության հետևանք է։ «Մի քաղաքականացրեք»-ը կործանում է մեզ բոլորիս։ Բա էդ 2018-ին ի՞նչ մոծակ էր ձեզ կծել, որ տնով տեղով, էրեխեքով փողոցներում էիք ու քաղաքականությունից ձեզ չէիք կտրում։ Բոլորդ գիտեիք ճիշտը որն է, սխալը որը։ Որ Սերժ էիք մերժում, Նիկոլ աստվածացնում, քաղաքական չէ՞ր։ Բա ի՞նչ էր: Բա էդ 2018-ի քաղաքական կերած բողկերի համար չե՞ք ուզում պատասխանատվություն կրեք: Կարող ա՞ 2018 թվականին փողոց դուրս գալու նպատակը ավելի բարձր էր, քան էսօրվանը։ Սերժին մերժելն ավելի վեհ նպատակ էր, քան ժողովրդին ու երկիրը կործանումից փրկելը՞։ Հիմա տալիս եմ էն հարցը, որը բոլորդ տվել եք հազար անգամ՝ բա սրա համար ե՞ք հեղափոխություն արել, էս էիք ուզո՞ւմ։
Ձեզ թվում է Գորիս Ստեփանակերտ ճանապարհը նոր է փակվե՞լ․ ո՛չ․ Էդ ճանապարհը փակվել է էն օրը, երբ Սերժը ձեր ոռնոցների ֆոնին հրաժարական տվեց, երբ Լաչին ազատագրելու օրը, էլի ձեր ոռնոցների ֆոնին դատարանում նստած էին Լաչին ազատագրած Քոչարյանը, Խաչատուրովը, Օհանյանը, այն օրերին երբ Արծրունին ազգային հերոս տալու կոչեր էիք տարածում, Արայիկի նկարներ տարածում, իսկ մեզ՝ լրատվամիջոցներիս, ճշմարտությունը գրելու համար, անվանում էիք՝ «թուրք». Մե՛զ, որ փորձում էինք, ճիշտը տեղեկացնել, աչքներդ բացել: Դավիթ Բաբայան, սա ձեզ ել եմ ասում, ու մտածեք, մինչ մուննաթ գալը լրագրողների վրա։ Այո, հենց էդ օրերին էր հանձնվում ու փակվում Արցախի կյանքի ճանապարհը: Էդ ճանապարհը որ փակվելու էր, դրանում կասկած չկար, երբ 44-օրյա պաշտոնական այդ ստի ու կեղծիքից հետո, պլանավորած պարտությունից ու հանձնումից հետո թույլ տվեցիք, որ ստեղ շարունակի իշխել Նիկոլը, էնտեղ՝ Արայիկը։ Ադրբեջանը չի պատժվել հանցանքի համար․ այո, աշխարհը չի պատժել ու չի պատժում, որովհետև տեսնում է, որ դուք էլ չպատժեցիք ձեր 5 հազար զավակին կանխամտածված սպանության տանելու համար։
Կարճ ասած՝ Լաչինի միջանցքը բացելը ընդամենը խնդրի մի կողմն է, այդ միջանցքը շատ արագ էլ փակվելու է, եթե շարունակեն բանակցել նույն այն մարդիկ, որ բանակցում են այսօր, Արցախում ու Հայաստանում։ Պետք է իշխանության փոփոխություն։ Ու սա, վստահ եմ, իշխանության կռիվ լինել չի կարող։ Էսօր իշխանության են ձգտում միայն նրանք, ովքեր չեն հասկանում ինչ է կատարվում ու ինչքան ծանր բան է երկիր այս վիճակում կառավարելը։ 2021 թվականին հնարավոր էր գալ ու ինչոր բան փրկել, հիմա արդեն չգիտեմ։ Չգիտեմ, բայց պետք է փորձել։ Բայց առաջնահերթ՝ սթափվել է պետք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը