09 03 2023

Կարմրուկի դեպքում ևս կարելի է պինցետով բռնել ու տնական օղու մեջ խեղդել․ «Փաստ»

Կարմրուկի դեպքում ևս կարելի է պինցետով բռնել ու տնական օղու մեջ խեղդել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում արձանագրվել են կարմրուկ հիվանդության դեպքեր, որոնք նման քանակով վաղուց չէին եղել: Հաստատապես հայտնի է միայն, որ առաջին դեպքը եղել է բերովի (ԱՆ–ն, չգիտես ինչու, չի բացահայտում՝ որ երկրից), իսկ մնացածը տեղական են: Այստեղ կարևոր է այն, որ սկսած 2007 թվականից Հայաստանը դարձել էր երկիր, որտեղ ընդհատված էր կարմրուկի տեղական փոխանցումը, այսինքն՝ բոլոր դեպքերը բերովի էին, տեղական դեպքեր չկային:

Բանն այն է, որ կարմրուկի դեպքում կարևոր է վաղ հայտնաբերումն ու կոնտակտների շրջանակների հստակեցումը։ Իհարկե, կարմրուկի համաճարակի մասին առայժմ խոսք չկա և, հավանաբար, չի էլ լինի, քանի որ կարմրուկի դեմ պատվաստումներով ընդգրկվածությունը Հայաստանում բարձր է՝ մոտ 95 տոկոս (իհարկե, դա լավագույն արդյունքը չէ, եղել են ժամանակներ, որ այդ ցուցանիշը եղել է մինչև 98 տոկոս), բացի դա, համապատասխան համաճարակաբանական միջոցառումներ են իրականացվում: Որոշ մարդկանց կարող է թվալ, թե ինչ մի մեծ բան է՝ մի քանի դեպք, ընդ որում՝ առանց մահերի: Բայց դա սխալ կարծիք է:

Կառավարվող վարակիչ հիվանդությունները, որոնց շարքում է նաև կարմրուկը, երկրի հեղինակության հարցն են, բացի դա, դրանք, ինչքան էլ դա զարմանալի թվա, կարևոր ազդեցություն են ունենում զբոսաշրջության վրա. գրագետ զբոսաշրջիկը ինչ-որ երկիր այցելելուց առաջ նախ պարզում է այդ երկրի համաճարակային իրավիճակը և նոր միայն որոշում ընդունում այցելել: Այստեղ հարցն այլ է. ինչո՞ւ եղան այդ տեղական դեպքերը: Բանն այն է, որ միշտ էլ եղել են բերովի դեպքեր, բայց տեղական՝ ոչ: Անգամ 2018–2019 թվականներին, երբ նկատվում էր կարմրուկով հիվանդացության դեպքերի քանակի ավելացում ամբողջ աշխարհում, ընդ որում՝ նաև Ուկրաինայում և Ռուսաստանում, որոնց կապը Հայաստանի հետ ակնհայտ ակտիվ է, Հայաստանում չգրանցվեց և ոչ մի տեղական դեպք: Մի՞թե ինչ-որ բան է փոխվել: Իրականում փոխվել է:

Օրինակ՝ մոտ երեք ամիս առաջ լուծարվել են սահմաններին գործող Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի բժշկասանիտարական հսկիչ կետերը: Դա իրականացվել է մաքսային մարմինների «Մեկ պատուհան» ծրագրի ներդրման արդյունքում: Այսինքն, որոշվել է, որ պետք է սահմանը հատող տնտեսվարողների և անհատ անձանց գործը հեշտանա, նրանք գործ ունենան միայն երկու ծառայության՝ ՊԵԿ–ի և սահմանապահների հետ, իսկ այլ ծառայություններ չպետք է լինեն, նրանց գործառույթները պետք է իրականացնեն նույն ՊԵԿ–ն ու սահմանապահները: Այսինքն՝ սահմանապահը կամ մաքսային տեսուչը, բան ու գործ թողած, պետք է նաև բուժաշխատողի գործառույթներ իրականացնեն, այսինքն, օրինակ՝ կանխեն կամ գոնե գրանցեն և համապատասխան մարմիններին փոխանցեն տվյալներ կարմրուկով հիվանդի մուտքի մասին: Իսկ ի՞նչ, կանխեցի՞ն:

Այսինքն, մեր կառավարությունը գտնում է, որ սահմանապահը կամ մաքսային տեսուչը կարող է բուժաշխատողի գործառույթ իրականացնել, ինչ մի դժվար բան է որ... Դա բնական է, քանի որ մերօրյա Հայաստանում մասնագիտությունը կարևոր չէ, միջնակարգ կրթությամբ կարելի է պարեկ աշխատել, ՏՏ մասնագիտությամբ էկոնոմիկայի նախարար, ունենալ պատմաբան պաշտպանության նախարար և, իհարկե, իրավաբան առողջապահության նախարար: Ուզենք թե չուզենք՝ Հայաստանում վարակ արձանագրվելու պատճառներից մեկն էլ դա է: Եվ հարցը ոչ միայն Ավանեսյանն է: Նույն Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը արդեն քանի ամիս է՝ պետ չունի (ի դեպ, նախկին պետը մասնագիտությամբ ինժեներ էր), ունի միայն պետի երկու տեղակալ, և փորձեք մեկ անգամից գուշակել նրանց մասնագիտությունները... Իհարկե, ոչ բժշկական: Սա Հայաստանն է...

Իսկ բժիշկներին էլ կարելի է այլ ոլորտներ վստահել, եթե, իհարկե, իրենց համապատասխան պահեն: Բայց խելքը գլխին ոչ մեկը շանը չի հանձնարարի մուկ բռնել, իսկ կատվին՝ տունը պահպանել: Ասենք նաև, որ նման կերպ շարունակվելու դեպքում այնպիսի վարակներ կարող են լինել, որ կարմրուկի վիրուսը կթվա հեչ բան... Կարելի է պինցետով բռնել ու տնական օղու մեջ խեղդել: Իհարկե, անցակետերում «Մեկ պատուհանի» սկզբունքը ներդնելը վատ միտք չէ, ոչ ոք դրա դեմ բան չունի: Բայց, ինչպես ասում են, «ուզում էին լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ» (անգամ չխորանանք այլ ծառայությունների հարցով ծրագրի արդյունքում առաջացած դժվարությունների և անգամ զավեշտալի վիճակների մեջ):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ