27 12 2022

Քաղաքական գործընթացները ապաքաղաքական չեն լինում․ «Փաստ»

Քաղաքական գործընթացները ապաքաղաքական չեն լինում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցող մի շարք ակցիաների, պահանջների ժամանակ հաճախ դրանց մասնակիցները շտապում են հայտարարել, թե իրենց գործողություններն ապաքաղաքական են: Իրականում սա բավական տարօրինակ հայտարարություն է, քանի որ նշյալ ակցիաների գերակշիռ մեծամասնությունը, եթե չասենք՝ բոլորը, քաղաքական բովանդակություն ունի, ներկայացված պահանջները՝ ևս: Հնարավոր է՝ այս պարագայում գործ ունենք «ապակուսակցական», իսկ ավելի ճշգրիտ՝ «վերկուսակցական» տերմինի հետ՝ նկատի ունենալով, որ այս կամ այն ակցիան դուրս է մեկ կուսակցության շրջանակներից, սակայն ոչ երբեք «ապաքաղաքական»: Կրկնենք՝ քաղաքական գործընթացները չեն կարող ապաքաղաքական լինել, եթե նույնիսկ դրանց մասնակիցները իրենց քաղաքականության մաս չեն համարում:

Հարցն այն է, որ ցանկացած ցույց, ցանկացած պահանջ, առավել ևս՝ պետական մարմիններից, ինքնին քաղաքական է: Ուրեմն, ինչո՞ւ են շատերն այսպես կտրուկ օգտագործում «ապաքաղաքական» տերմինը: Պատճառները, երևի թե, քիչ չեն, սակայն կարծում ենք, որ առաջնային պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ հետևողականորեն ապականել ենք քաղաքական դաշտը՝ այն վերածելով սոսկ կուսակցությունների «բազարների», ինչի արդյունքում այսօր քաղաքական պայքարը բացառապես ասոցացվում է որևէ կուսակցության անդամակցության հետ:

Ավելին, վերջին չորս տարում այնպիսի անառողջ մթնոլորտ է ձևավորվել «սև-սպիտակի» կոնտեքստում, որ շատերը նույնիսկ վախենում են, թե իրենց ակցիան կասոցացվի այս կամ այն ուժի հետ: Մի խոսքով, ինքներս մեզ դրել ենք փակուղու մեջ: Թե ինչպես ենք դուրս գալու, դժվար է ասել, բայց մի բան հստակ է. քաղաքական գործընթացներին մասնակցությունը ամոթ բան չէ, ավելին՝ ավելի անցանկալի է իներտությունը, հատկապես մտավորականության պարագայում: Ինչպես մի հայտնի քաղաքական գործիչ էր ասում, քաղաքականությունն անբարոյականություն է, երբ դրանով զբաղվում են անբարոյականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ