«Հրապարակ»-ը գրում է․ Սահմանադրական դատարանի նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի խախտված իրավունքները վերականգնելու համար 2020 թվականին ՄԻԵԴ ուղարկված դիմումի վերաբերյալ դեռեւս վճիռ չկա։ Այս պահին որոշում կայացնելու փուլն է ընթանում։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Հիշեցնենք․ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը եւ երեք նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց՝ սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։
Մինչ կսկսվեր 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմը, դրանից ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը նախ պատերազմ հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանին՝ հայտարարեց, որ դատարանում առկա է սահմանադրական ճգնաժամ, թե իբր Սերժ Սարգսյանի օրոք իրականացված սահմանադրական փոփոխություններով ՍԴ հնաբնակներից մի քանիսը, որոնց թվում՝ վերոնշյալ անձինք, պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին, սակայն մնացել են եւ դրանով իսկ առաջացրել սահմանադրական ճգնաժամ։ Բացի այդ` Հրայր Թովմասյանն էլ կեղծ ճանապարհով է ընտրվել ՍԴ նախագահ, եւ նա էլ պետք է պաշտոնանկ արվի։
Եվ որպեսզի թվացյալ ճգնաժամը հաղթահարվի, Փաշինյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ` հանրաքվե, որի քարոզարշավը սկսեց, սակայն որը կորոնավիրուսի տարածման պատճառով կյանքի չկոչվեց։ Փոխարենը ՔՊ-ն նախընտրեց ապօրինությունների ճանապարհը եւ չունենալով նման իրավունք՝ խորհրդարանում փոխեց Սահմանադրությունը։ Արդյունքում՝ նշված երեք դատավորներին զրկեցին պաշտոններից՝ Բարձր դատարան գործուղելով իշխանության սրտի դատավորներին։ Դեռեւս այն ժամանակ հանրությունը խոսում էր, որ Փաշինյանը ՍԴ-ի հետ կապված ինչ-ինչ պլաններ ունի, որոնք կյանքի կկոչի միայն կամակատարների դատարան ձեւավորելու ճանապարհով։ Սակայն պարզ չէր, թե դրանք ինչ պլաններ են: Հիմա թերեւս արդեն պարզ է, որ Փաշինյանի մտադրություններն Արցախի ու խաղաղության պայմանագրի հետ էին կապված։ Իրավաբանները պնդում են, որ Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագիրը, որը միջպետական փաստաթուղթ է, չի կարող առանց ՍԴ-ի վավերացման կյանքի կոչվել։
Տիկին Գյուլումյանը եւս այն կարծիքին է, որ խաղաղության պայմանագիրը լուրջ փաստաթուղթ է լինելու, եւ այն հնարավոր չէ կնքել առանց ներքին ընթացակարգի պահպանման՝ ընդամենը պայմանագիր համարելով։ Իսկ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածը, «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում են, որ քաղաքական եւ ռազմական նշանակություն ունեցող, ինչպես նաեւ մարդու իրավունքներին վերաբերող պայմանագրերը պարտադիր վավերացման ենթակա են, դրանք պետք է անցնեն ամբողջ ընթացակարգը․ նախ՝ ԱԺ, ապա՝ Սահմանադրական դատարան։
Վերադառնալով ՄԻԵԴ-ին ուղղված իրենց դիմումին, տիկին Գյուլումյանի խոսքով, վճիռը, իր հաշվարկով, արդեն պետք է կայացված լիներ, ըստ ամենայնի, դատարանի ծանրաբեռնվածության պատճառով է ուշանում․ «Իմ հաշվարկներով, այո, պետք է որոշումն արդեն լիներ, բայց դեռ չկա։ Ժամանակին ինձ էին ասում՝ գործերը ձգձգում է (նկատի ունի դատավոր աշխատելու շրջանը` Լ. Շ.), բայց ես բացատրում էի, որ դա ՄԻԵԴ-ի ընդունված կարգն է։ Հետեւաբար, ես հանգիստ եմ վերաբերվում»։ Որպես ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ՝ իր կապերն արդյոք օգտագործե՞լ է՝ նախապես տեղեկանալու վճռի բովանդակությանը։ «ՄԻԵԴ-ում դա հնարավոր չէ, եւ ինքս էլ թույլ չեմ տա ինձ դրանով հետաքրքրվել»,- պատասխանեց Գյուլումյանը:
Հարցին՝ իշխանությունն իրենց ՍԴ-ից հեռացրեց՝ պատճառաբանելով, թե ոլորտում բարեփոխումներ են իրականացնում: «Իրականացրել են, էլի, ի՞նչ է եղել»,- հեգնեց Գյուլումյանը։ Նշենք, որ իշխանությանը վերջին երկու տարվա ընթացքում հաջողվեց ՍԴ-ն յուրային դատավորներով համալրել, նախկինների ժամանակ դատավոր նշանակվածներից մնացել են միայն Հրայր Թովմասյանն ու Աշոտ Սիմոնյանը։
Եթե ՄԻԵԴ-ը վերականգնի իր իրավունքները, պատրա՞ստ է ներկայիս իշխանության կառավարմամբ կրկին վերադառնալ ՍԴ, Ալվինա Գյուլումյանն ուշագրավ պատասխան տվեց․ «Դժվար», ապա հավելեց․ «Եթե, եթե-ներով խոսել մի փոքր դժվար է, որովհետեւ, նախ, որպեսզի վերադառնամ, պետք է այնտեղ դատավորներից մեկը հեռանա, որ ես գամ, հետեւաբար՝ չեմ կարող ասել»։
Հետաքրքրվեցինք նաեւ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի նախօրեի որոշմամբ: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է պարտավորեցնել Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը: Դատարանի որոշումը պարտավորեցնում է նաեւ ապահովել ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը․ «Քանի որ դատարանը միջանկյալ միջոց է կիրառում` հնարավոր, այսպես կոչված, անդառնալի հետեւանքները վերացնելու, գտել է, որ հիվանդների եւ մյուսների պարագան է անդառնալին, ավելին չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ՝ ինչ դիմում, ինչ պահանջներ էին ներկայացվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը