14 12 2022

Ձուկ արտադրողները՝ խնդրի առաջ․ «Ժողովուրդ»

Ձուկ արտադրողները՝ խնդրի առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ձուկ արտահանող տնտեսվարողները հայտնվել են վատ վիճակում: Պարզվում է՝ տեւական ժամանակ է, ինչ նրանք չեն կարողանում ձուկ արտահանել:

«Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. «Օրինակ՝ մեր մեքենան գնացել է, 20 օր հետո է տեղ հասել, որ ձկան ժամկետը 16 օր է… Ճիշտ է, ձուկը չի փչացել, բայց 15-րդ օրը ստիպված խորը սառեցրել ենք, բայց ձուկը Հայաստանից գնացել է թարմ վիճակում: Կրել ենք ֆինանսական վնասներ, այդ ձուկը վաճառել ենք նախատեսվածից 50 տոկոս ցածր»: Վարորդների պատմելով՝ ռուսական կողմը հենց իմանում է, որ բեռը հայկական է, արհեստական խոչընդոտներ է ստեղծում, իսկ վրացական, ռուսական մեքենաները արագ են անցնում: 

Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ այս խնդիրը կա, հիմա էլ չեն կարողանում կենդանի ձուկ արտահանել: Ձկնաբույծի խոսքով՝ պետական կառույցները տեղյակ են խնդրին, բայց ոչինչ չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրքրվեց, թե ինչ է անում հարցի լուծման ուղղությամբ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ամեն օր էլ արտահանվում է: Հիմա արդեն արագ անցնում են»:

Ձկնաբույծները հակառակն են պնդում՝ նշելով, որ թարմ ձուկը հետ է բերվում, կա՛մ սառեցվում է, կա՛մ էլ էժան գնով վաճառվում է: Ի դեպ, շատերը ձկներով բեռնված մեքենաներով շրջում են գյուղերով եւ կիլոգրամը 1200-1300 դրամով փորձում վաճառել՝ այդպես կրելով մեծ վնասներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ