09 05 2022

Ոստիկանը հարվածել է «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը

Ոստիկանը հարվածել է «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը

Ոստիկանը «Հաղթանակի» կամրջի մոտ մայիսի 6-ին հարվածել է «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը, հաղորդում է Aravot.am-ը:

Կայքը գրում է. «Շատ է խոսվել բողոքի գործողությունների մասնակից քաղաքացիների նկատմամբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին:

Երբեմն նրանցից ոմանք քաշքշում են նաեւ ԱԺ պատգամավորներին: Քիչ չեն դեպքերը, երբ ջոկատայինները, ինչպես այս մեկը, փորձում են կոշտ մեթոդներով խոչընդոտել նաեւ լրագրողների աշխատանքը: Այսպիսի գործողությունները խստորեն քննադատում են ՄԻՊ-ը, իրավապաշտպան կառույցները եւ լրագրողական կազմակերպությունները՝ արձանագրելով, որ  «բարեփոխված» ոստիկանությունը վատ ավանդույթներից չի հրաժարվում:

Սեւազգեստ այս մայորը մայիսի 6-ին «Հաղթանակ» կամրջի մոտ ցուցարարներին բերման ենթարկելու ակտիվ մասնակիցներից էր: Նա  կամ գիտակցելով, որ անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, կամ ոգեշնչված, որ իրենից առաջ լրագրողների աշխատանքը խափանած իր որոշ ծառայակիցներ պատասխանատվության չեն ենթարկվել, տեսնելով, որ Aravot.am-ի լրագրողը, որի բեյջը պարզ երեւում էր, ընդհանուր տեսարանի մեջ ֆիքսում է նաեւ իր գործողությունները, հարվածեց ֆոտոխցիկին՝ լրագրողին սպառնալով, որ իրեն չլուսանկարի:

Միջամտեցին ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանը եւ Գեղամ Նազարյանը՝ ոստիկանին  հիշեցնելով, որ նա չորրորդ իշխանության ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելու իրավունք չունի եւ որ ամեն բան ֆիքսվում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ