«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ առավոտից բնապահպանական ակցիայի անվան տակ ադրբեջանցիները հերթական անգամ փակեցին Ստեփանակետ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպանների» առաջին հայտնությունը Լաչինի միջանցքում եղավ դեկտեմբերի 3-ին։ Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով, բնապահպանների անվան տակ մի խումբ ադրբեջանցիներ մի քանի ժամ մայրուղին փակ պահելուց հետո բացեցին։ Նրանց պահանջն էր՝ Արցախի տարածքում հանքարդյունահանման եւ էկոլոգիական մոնիթորինգ իրականացնել, որպեսզի հասկանան, թե հանքերը որքան են օգտագործվել, ինչ էկոլոգիական հետեւանքներ են առաջացել, որ մասն է վտանգավոր, ինչ եկամուտ են իրենք կորցրել այս տարիներին։
Դեկտեմբերի 7-ին Իվանյան բնակավայրում ռուս խաղաղապահները հանդիպել էին ադրբեջանական կողմի հետ։ Այդ հանդիպմանը ներկա էր եղել նաեւ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը կրկին փորձեց հասնել Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր, սակայն հանքերի աշխատակիցները եւ հարակից համայնքների բնակիչներն ինքնաբուխ կերպով արգելեցին ադրբեջանցիների մուտքը հանքավայրերի տարածք։ Դեկտեմբերի 12-ին նրանք կրկին փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ ավելի մարտական տրամադրված։ Նախ՝ վրաններ տեղադրեցին ճանապարհին, ապա բանակցություններ սկսեցին ռուսների հետ։ Մեր տեղեկություններով, նրանց արգելել են հայկական կողմին մասնակից դարձնել երկխոսությանը։ Ասել են, որ մտադիր չեն Արցախի որեւէ պաշտոնյայի հետ բանակցել, իրենց խնդիրը ռուսների հետ է՝ տարածքն այժմ գտնվում է խաղաղապահների վերահսկողության ներքո։ Դրանով պայմանավորված էլ՝ խաղաղապահներն արգելել են ԱՀ պատգամավորների մուտքը դեպքի վայր, որոնք, տեղեկանալով, որ տասնյակ ադրբեջանցիներ փակել են ճանապարհը, շտապել են այնտեղ, սակայն առաջին անցակետից խաղաղապահները նրանց հետ են ուղարկել։ Վիտալի Բալասանյանը եւս ներկա չի եղել։
Դեկտեմբերի 3-ին գրել էինք, որ ադրբեջանցիները բնապահպանական կեղծ ակցիայով փորձում են Արցախի գոյատեւման խողովակները փակել, կանգնեցնել հումանիտար աղետի առաջ, որ հայաթափվի Արցախը եւ իրենք ստանան Զանգեզուրի միջանցքը։ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կասկած չունի, որ ադրբեջանցիները միջանցքի խնդիրն են լուծում։ Եթե վերջին ամիսներին Հայաստանի սահմաններին էին սադրանքներ իրականացնում, հիմա ընտրել են Արցախը․ «Ի՞նչ բնապահպանական խնդիրներ, որեւէ խաղաղ բնակիչ չի կարող գալ ու հասնել այստեղ, զինվորականներ են ու իրենց ընտանիքները, որոնք իջնում են Շուշիից»։ Պատգամավորը հիշեցնում է օգոստոսին Ալիեւի հնչեցրած սպառնալիքները, որ եթե Զանգեզուրի միջանցք չստանա, կփակի Բերձորի միջանցքը։ «Սա Արցախի հարցը չէ, սա Հայաստանի հարցն է։ Մարդն ասաց ու հիմա փորձում է կյանքի կոչել։ Նիկոլ Փաշինյանը, մեզ գցելով հումանիտար աղետի մեջ, հույս չունենա, որ փրկում է Հայաստանը, նա ընդամենը ձգձգում է իր իշխանության կյանքը։ Ես դեռ դեկտեմբերի 3-ին եմ ասել, որ սա նախերգանքն է, շարունակություն է ունենալու»։ Արցախի իշխանությունները, ըստ պատգամավորի, պետք է ՀՀ իշխանություններից պահանջեն պարզաբանում՝ ի՞նչ պայմանավորվածություն են կայացրել Արցախի հաշվին։
Նկատենք, որ ՀՀ իշխանությունները երեկ չարձագանքեցին ճանապարհի փակմանը, իսկ Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ խաղաղապահ զորակազմը կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները եւ պայմանավորվածությունների խախտումները։ Նաեւ դիմեց միջազգային հանրությանը․ «Ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման»: Մ․ Հակոբյանի խոսքով՝ ռուսներն իրենց առաքելությունը կատարում են, ՀՀ իշխանությունները պետք է Ադրբեջանի հետ հստակեցնեն իրենց քայլերը։ «Հակառակ դեպքում, եթե այս անգամ էլ խաղաղապահների ջանքերով ճանապարհը բացվի, չկա երաշխիք, որ վաղը կամ մի քանի օր անց նույնը չեն անի»,- ասում է նա։ Ի դեպ, Արցախում երեկ տեղյակ չէին՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը վերադարձե՞լ է Ֆրանսիայից, թե՞ ոչ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը եւս վստահ է, որ ադրբեջանցիները փորձում են միջանցք ստանալ․ «Ադրբեջանը ճնշումներ է գործադրում, որպեսզի Սյունիքի միջանցքը բացվի այն կարգավիճակով, որով Թուրքիային ու Ադրբեջանին է պետք, դրա համար էլ ակտիվ գործողությունները տեղափոխվել են Լաչինի միջանցք, որպեսզի ինչ-որ կերպ համարժեքացվեն խնդիրները»։ Նրա կարծիքով ՝ քանի որ խնդրահարույց հատվածը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում է, կնշանակի՝ պատասխանատվությունն էլ է իրենցը․ «Հիմա եթե ճանապարհը փակում են, պետք է ինչպես ուզում է՝ բացեն։
Ըստ երեւույթին, չեն ուզում բախումների գնալ, այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ փակ է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը հիմա չի կարողանում առճակատման գնալ Ադրբեջանի դեմ, ինչը նշանակում է՝ Թուրքիայի դեմ»։ Իսկ այս պարագայում Հայաստանն անելիք չունի՞, եռակողմ հայտարարության կողմերից մեկն էլ ՀՀ իշխանություններն են։ Մեր զրուցակիցն ասաց․ «Եռակողմ հայտարարությունը պայմանավորվածություն է, իսկ հարցերն այժմ ուժային դաշտում են լուծվում եւ քաղաքական վիճակի փոփոխությամբ, այս իրավիճակում Ադրբեջանն իրեն շատ ավելի վստահ է զգում»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը