«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։
- Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ո՛չ Ռուսաստանից ուղարկված «էմիսար» Ռուբեն Վարդանյանի հետ: Ո՞վ պետք է լինի Արցախի անունից բանակցողը, ինչքանո՞վ է, առհասարակ, նման ձեւաչափը հնարավոր, որի մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
- Պաշտոնական Ստեփանակերտը երբեք չի խուսափել բանակցային գործընթացի վերսկսումից, ավելին՝ 1996-97 թվականներից, երբ բանակցությունները սկսեցին խեղաթյուրված ձեւաչափով վարվել՝ Արցախի Հանրապետության ոչ լիարժեք կամ մասնակի մասնակցությամբ, մենք միշտ ընդգծել ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի ձեւաչափը։ Մինչդեռ այսօր ադրբեջանական կողմը բավականին հմուտ ձեւով է ներկայացնում այդ ձեւաչափը․ խնդիրն այն չէ, թե ով է բանակցելու, ի վերջո, կողմերից յուրաքանչյուրն ինքն է ներկայացնելու իր բանակցողին, խնդիրն այն է, թե ինչ ձեւաչափով պետք է տեղի ունենան բանակցությունները, եւ ինչի մասին պետք է լինեն դրանք։ Երբ Ադրբեջանը խոսում է բանակցելու մասին՝ հայտարարելով, որ պատրաստ է, ճիշտ չի ասում, նա պատրաստ չէ բանակցել: Ադրբեջանն այդ բանակցությունները դիտարկում է որպես ներադրբեջանական երկխոսություն։
- Նկատի ունեք Ալիեւի այն հայտարարությունը, որ Արցախում ապրողներն իր «քաղաքացինե՞րն» են։
- Այո։ Այսինքն՝ դիտարկում է մեզ որպես աբորիգենների, որոնք, ժողովրդական լեզվով ասած, 88-ին ղալաթ են արել, անջատվել են մայր Ադրբեջանից, իսկ հիմա աղաչում են, որ իրենց ներեն եւ ընդգրկեն Ադրբեջանի կազմ։ Սա է Ալիեւի ձեւակերպումը, մենք սրա համար ենք ասում, որ չեն կարող նման բանակցություններ լինել։ Բացի այդ՝ բանակցությունների համար կա միջազգայնորեն ընդունված ձեւաչափ, որտեղ Արցախի սուբյեկտայնությունը նշվում է ե՛ւ որպես բանակցային, ե՛ւ որպես հակամարտության կողմ։ Դրանք Բուդապեշտի գագաթնաժողովում 1994 թվականին ընդունված որոշումներն են եւ 94-95 թթ․ ընդունված հարակից որոշումները։ Հիմա եթե մենք կուլ ենք տալիս խայծը եւ ասում՝ այո, պատրաստ ենք իրենց ձեւաչափով, չեզոքացնում ենք միջազգայնորեն հաստատված Արցախի սուբյեկտայնության փաստը։ Ուստի, այո, պատրաստ ենք բանակցային գործընթացի, բայց միջազգայնորեն ընդունված ձեւաչափով։
- Այսինքն՝ կբանակցեք միայն Մինսկի խմբի ձեւաչափով, միջնորդների ներկայությամբ, բայց պատերազմից հետո այդ խումբը կարծես անգործության է մատնվել։
- Այո, կբանակցենք այդ երկրների ներգրավմամբ՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան` պարտադիր, ՀԱՊԿ եւ այլն, եւ այլն։ Հակառակ դեպքում իրենք ուզում են մեզ թյուրիմացության մեջ մտցնել եւ տանել լրիվ ուրիշ ճանապարհով։
- Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոգեւորված է խոսում Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների հեռանկարի մասին՝ ասելով, որ իր իշխանությունը վերադարձնում է Արցախի սուբյեկտայնությունը, վերադարձնում բանակցային դաշտ, ինչից զրկել էին նախկինները։
- Ես կրկին պիտի ընդգծեմ, որ խնդիրը բանակցողի ու բանակցությունների մեջ չէ, այլ՝ ձեւաչափի։ Եթե մենք հրաժարվում ենք միջազգայնորեն ընդունված ձեւաչափից, որով ընդունվում է Արցախի սուբյեկտայնությունը, ի՞նչ պիտի ակնկալենք։ Պարզ է, չէ՞, որ սա փուշ է Ադրբեջանի կոկորդում, եւ ուզում է ամեն գնով դրանից հրաժարվել։
- Փաստորեն, ուղիղ բանակցություններ չեն լինի, իսկ ձեր մատնանշած տարբերակին էլ Ադրբեջանը չի համաձայնի, ի՞նչ կլինի հետո։
- Եթե իրենք չեն համաձայնում, մենք համաձայնենք, հա՞։ Մոռանալ սուբյեկտայնությունը, գնանք աբորիգենի կարգավիճակով ուղիղ խոսենք Բաքվի հետ, դա՞ եք ուզում։ Դրա համար շատ կարեւոր է սկզբունքայնություն ձեւավորել, առանց սկզբունքայնության չկա սուբյեկտայնություն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը