18 10 2022

Մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար ես հրաժարվել եմ իմ մանդատից. Հարություն Մանուչարյան․ «Հրապարակ»

Մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար ես հրաժարվել եմ իմ մանդատից. Հարություն Մանուչարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 7-ին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվեց գրավով: Մանուչարյանը շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո ազատ արձակվեց:

Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 5-ին, նա ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ հրաժարվել մանդատից: Հասկանալի է, որ պարզ գործարք է տեղի ունեցել, կամ էլ՝ երբ մանդատից հրաժարվել է, այլեւս բանտում պահելու իմաստն է վերացել։ Սրանով իշխանությունը ցուցադրեց, որ սա բացառապես քաղաքական հետապնդում էր։

Պարզ է, որ Բերդը կունենա նոր համայնքապետ: Ինչո՞ւ է Հարություն Մանուչարյանը հրաժարվել մանդատից, ո՞վ է փոխարինելու նրան, եւ համաքաղաքացիների կողմից այդքան սիրված համայնքապետը, ով բանտից անգամ հաղթեց սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում, ինչո՞ւ է նման որոշում կայացրել։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Հարություն Մանուչարյանից:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դաշինքն արդեն իսկ ունի համայնքապետի թեկնածու. «Հաղթած թիմը, բնականաբար, արդեն ունի իր թեկնածուն, սակայն այդ մասին այժմ չեմ ցանկանում խոսել: Թեկնածուի անունը կհրապարակվի նոյեմբերի 10-ին՝ ավագանու նիստում»: Անդրադառնալով մանդատը վայր դնելու հանգամանքին՝ նշեց, որ Բերդի բնակիչները կարեւորում են արդար ու ազնիվ աշխատանքը, այլ ոչ թե իր անձը. «Վստահեցնում եմ, որ Բերդի բնակիչները Հարություն Մանուչարյանին չեն ձայն տվել, այլ ձայն են տվել Մանուչարյան Հարությունի թիմին: Բոլոր նրանք, ովքեր ինձ ձայն են տվել, եւ բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես ընտրություններին չեն մասնակցել, շատ լավ գիտեն, որ Հարություն Մանուչարյանն իր աշխատանքը կարող է նաեւ հասարակական կարգով իրականացնել: Ես ընտրությունների համար չեմ աշխատել կամ աշխատում, ես աշխատում եմ մեր ժողովրդի վստահության քվեն չչարաշահելու համար»։

Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը` Մանուչարյանը, իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ խափանման միջոցը գրավով փոխարինելու դիմաց հրաժարվի մանդատից, Հարություն Մանուչարյանն ասաց. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ չկա որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն: Թիմի ձայները չվտանգելու համար հրաժարվել եմ մանդատից: Իշխանությունների հետ ոչ մի համաձայնության չենք եկել: Ժողովուրդն իր վստահության քվեն մեզ է տվել: Մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար ես հրաժարվել եմ իմ մանդատից՝ ապացուցելով, որ պայքարի չեմ գնացել իմ աշխատանքի համար, այլ պայքարել եմ հանուն թիմի, հանուն արդարության: Մեր թիմն ի վիճակի է աշխատելու»:

11 ամիս կալանավայրում մնալը, էլի որոշ համայնքապետերի, օրինակ՝ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելը իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների մասին չե՞ն խոսում։ «Քանի որ ես գտնվում եմ նախաքննական փուլում, չեմ ցանկանում իմ կալանավորման մասին խոսել: Դատական պրոցեսն ավարտվելուն պես խոստանում եմ ծավալուն խոսել այդ մասին»,- եզրափակեց Մանուչարյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ