10 11 2022

Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում․ News.am

Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում․ News.am

NEWS.am-ը գրում է․ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը)  մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է»,– ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Նրա խոսքով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է օգոստոսին։ Ըստ պաշտպանի՝ Մանուչարյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։

«Մեղադրանքը 308–րդ հոդվածի 1–ին եւ 314–րդ հոդվածի 1–ին մասերով է, բայց արարքները ակնհայտ սխալ են որակված, ընդամենը առերեւույթ խոսք կարող է լինել 3152. հոդվածի մասին, այսինքն՝ ինքնակամ կառույցը չօրինականացնելու կամ էլ դրա հետեւանքները չվերացնելու մասին, որը 0–ից 2 տարի պատասխանատվություն է նախատեսում եւ ոչ մեծ ծանրության հանցանք է, որի վաղեմությունն անցել է, բայց  քրեական վարույթը իրականացնող մարմինը դիտավորյալ գործը որակել է ծանր, սխալ հոդվածով, որպեսզի վաղեմության ժամկետները չանցնեն։ Ակնհայտ նպատակ ունեն Հարություն Մանուչարյանին կալանավորելու համար»,– ասաց  Արման Թամրազյանը։

Հիշեցնենք՝ Հարություն Մանուչարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ կա նաեւ Քննչական կոմիտեում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9–ին կալանավորվել էր եւ միայն 11 ամիս անց՝ հոկտեմբերին, Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան։

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Հարությունյանը, սակայն,  ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Այսօր նորընտիր ավագանու առաջին նիստն էր, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր։ Համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ համարը՝ Աստղիկ Հակոբյանը։ Մանուչարյանը ձերբակալվել է նիստից ժամեր առաջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ