«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի մանկապարտեզների սաների ծնողները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի որոշումն է: Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն որոշումն է, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում սանի՝ անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում, ըստ կրթության նախարարի որոշման՝ հարգելի չի համարվում երեխայի բացական անգամ այն դեպքում, երբ երեխան հիվանդ է եղել և ներկայացրել է բժշկի տեղեկանք՝ այդ մասին վկայող:
Այս որոշումը ծնողների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է, ինչ դժգոհություններ է ստանում մանկապարտեզների սաների ծնողներից: Բանն այն է, որ առանց այդ էլ ծնողների մեծ մասը ահռելի ջանքեր է գործադրում, որ երեխաներին տեղավորի մանկապարտեզում: Իսկ այդ տարիքի երեխաները, սովորաբար, մանկապարտեզ հաճախելու հենց երկրորդ կամ երրորդ օրն արդեն հիվանդանում են և ստիպված են լինում օրերով տանը մնալ:
Երեխաները՝ հատկապես մսուր մանկապարտեզ հաճախող, գտնվում են խառը իմունիտետի փուլում: Բացի այդ, վերջին շրջանում ջրծաղիկի դեպքերն են ավելացել մանկապարտեզներում, իսկ ինչպես հայտնի է՝ ջրծաղիկի բուժման ընթացքը բավականին երկար է տևում. միայն 21 օր արգելքի փուլն է, երեխան պետք է ինքնամեկուսանա: Սակայն, սա հաշվի չի առնվել: Բացի այդ, պարզվեց նաև՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ չի քննարկվել հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարությունից ասացին, որ իրենք տեղյակ չեն և չեն առնչվում այդ որոշման հետ: Մինչդեռ, պետք է երեխաների բացակայությունների սահմանափակումը առաջնահերթ քննարկվեր հենց առողջապահության նախարարության հետ՝ հարցը դիտարկելով, հիվանդությունները, վիրուսները և այլ խնդիրները հաշվի առնելով:
Մանկապարտեզների սաների ծնողները պահանջում են, որ փոփոխություններ արվեն, և հրամանը նախկին տեսքին վերադառնա, այսինքն՝ 75 աշխատանքային օրերի բացակաների համար, երբ հիվանդության վերաբերյալ ներկայացվի բժշկի տեղեկանք այդ մասին վկայող, ապա բացակաները հարգելի համարվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը