29 07 2024

Երկուսուկես տարեկան զույգ բալիկներս երեք օր մանկապարտեզ այցելելուց հետո պատմում էին, որ դաստիարակը իրենց ծեծում է․ ծնող



 

«Զույգ բալիկներ ունեմ, երկուսուկես տարեկան էին, հաճախում էին, «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզ։ Երեք օր հաճախելուց հետո պատմում էին, որ իրենց ծեծում են։ Ամեն մեկը պատմում էր, որ մյուսին են ծեծում։ Վախենում էին ասել։ Դաստիարակը ասել էր՝ չասեք որ ձեզ ծեծել  են, բայց չէր ասել, որ չասես, որ քուրիկիդ էլ են ծեծել։ Իրենք էլ գալիս պատմում էին»,- Մեդիա կենտրոնում մամուլի ասուլիսի ժմանակ պատմեց երեխաների մայրը՝ Վիկտորյա Ռստակյանը։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 4 տարի վաղեմության դեպքին։ 2020-ին Վիկտորյա Ռստակյանը բարձրաձայնել էր Երևանի «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում  տեղի ունեցած դեպքի մասին․ երեխաներին վիրավորել էին, սպառնացել, բղավել նրանց վրա, վախեցրել տարբեր միջոցներով։ Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն աշխատակիցներին մեղադրում էին սաներին ծեծելու ու վիրավորելու մեջ։ Արդյունքում հարուցվել էր քրեական գործ։

Մամուլի ասուլիսում տուժած երեխաների ծնողը մանրամասներ պատմեց դատական գործընթացից․ «Մեկ տարի տևեց նախաքննությունը, և երեք տարի դատական գործընթացն է։ Կարծես թե նոր-նոր վերջը երևում է։ Երեք տարվա ընթացքում հազիվ կարողացել ենք վկաներին հավաքել իրար գլուխ, որ վկայություններ տան։ Մանկապարտեզի տնօրենին մոտ կես տարի հնարավոր չէր լինում բերել դատարան, որպեսզի վկայություն տա։ Հստակ է, որ նա նոր մանկապարտեզ է բացել։ Բայց դատավորը ոստիկանությանն ասում էր պետք է բերման ենթարկել, ոստիկանությունը չէր կարողանում։ Մենք ենք ծնողներով գտել, տվյալները փոխանցել, որ եկել է, վլայություն է տվել։ Կես տարուց ավելի դատերը չէին տեղի ունենում։ Դատարաններն էլ շատ ծանրաբեռնված են»։

Ըստ նրա, մի քանի ամիս անց հնարավոր է վճիռ կայացվի։

Նշենք, որ մամուլի ասուլիսը մանկապարտեզներում հերթական բռնության դեպքի վերաբերյալ էր։

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ Ըստ ՆԳՆ ոստիկանության կատարած ուսումնասիրության՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առերևույթ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել․ դաստիարակին ձերբակալելու որոշում է կայացվել։ Ծնողները, սակայն, չեն բողոքելը ըստ ամենայնի՝ դաստիարակչուհու հետ ծանոթ լինելու պատճառով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ