03 08 2022

Կառավարությունը քաղաքացիներին մղում է ապօրինությունների. «Ժողովուրդ»

Կառավարությունը քաղաքացիներին մղում է ապօրինությունների. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործադիր մարմինը, արդեն որերորդ դեպքն է, օրենք է ընդունում, հետո՝ ձեռքերը լվանում, կամ էլ վերջնաժամկետ է նշանակում, բայց չի հաշվարկում, թե այդ որոշումն ինչպես է կատարվելու եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Օրինակները բազմաթիվ են՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը, հանրային սննդի վայրեր, կինո, թատրոն մուտքը QR կոդերի հավաստման դեպքում: Կհիշեք՝ սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուն վերջնաժամկետ էր հայտարարվել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց, որովհետեւ սպանդանոցները չէին կառուցվել, եւ գործադիրը ստիպված եղավ մի քանի անգամ հետաձգել վերջնաժամկետը:

Միեւնույնն է, խնդիրն այս պահին էլ դեռ կարգավորված չէ, կան ահազանգեր, որ միսը սպանդանոցային պարտադիր մորթի գրեթե չի ենթարկվում: Հիմա հերթը գազաբալոնները պարտադիր փորձարկման ենթարկելու մասին օրենքինն է: Այս դեպքում սահմանվել է վերջնաժամկետ՝ օգոստոսի 1, սակայն արդեն երեք օր է, ինչ գազաբալոնների վկայագրման կայաններում իսկական քաոս է. մեծ հերթեր են, մարդիկ չեն հասցրել փորձաքննության ենթարկել գազաբալոնը 

Այս հարցի ուղիղ պատասխանատուն՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, հեռվից լուռ հետեւում է իր կողմից ստեղծած շիլաշփոթին. չի հաշվարկվել, թե քանի ավտոմեքենա կա, քանի կայան կա, որը կարող է փորձաքննության ենթարկել գազաբալոնը, եւ ինչքան ժամանակ է պետք սպասարկելու համար: Բացի այս, պարզվում է՝ այս կառույցը չի համագործակցել գազալցակայանների հետ, որովհետեւ լցակայանները թվային համակարգին միացված չեն, որով կպարզեն՝ գազաբալոնը վկայագրված է, թե ոչ:

Այսինքն՝ քաղաքացիներին կառավարությունը մղում է ապօրինությունների: Բացի այս, եթե գործադիրը օրենքն ընդունել է՝ օրենքի հիմքում դնելով անվտանգությունն ու մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, ապա փաստացի հերթի մեջ գտնվող քաղաքացու մեքենայի բալոնը, Աստված մի արասցե, կարող է մի օր պայթել: Իսկ ո՞վ է կրելու պատասխանատվություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ